Tuesday, July 19, 2011

Թուրքիայում «բարի գալուստ» ասած քուրդ երգչի համար 20 տարվա ազատազրկում են պահանջում

News.am. 19-7-2011- Հյուսիսային Իրաքից Թուրքիա եկած եւ իրավապահներին հանձնված քուրդ զինյալների խմբին «բարի գալուստ» ասած քուրդ երգչի համար Դիաբեքիրի ծանր հանցագործությունների գծով 6-րդ դատարանում պահանջում են 20 տարվա ազատազրկում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի դատարանը քուրդ երգիչ Յըլմազ Դյունենի նկատմամբ առաջադրել է «Ահաբեկչական կառույցի անդամ լինելու» եւ «Ահաբեկչական կառույցի քարոզչություն անելու» մեղադրանքները։ Քուրդ երգիչն այդ մեղադրանքներին «արժանացել է» 2009-ի հոկտեմբերի 19-ին Հաբուր մաքսակետից Թուրքիա մտած եւ իրավապահներին հանձնված քուրդ զինյալներին քրդերենով «բարի գալուստ» ասելու համար։
Քուրդ երգիչն իր դեմ հարուցված քրեական գործի հետ կապված զարմանք է հայտնել՝ շեշտելով, որ մամուլում կան հիշատակություններ, որ ինքը «բարի գալուստ» է ասել նաեւ Հաբուր մաքսակետ եկած թուրք դատավորներին եւ դատախազներին։
«Ես նույն բանն ասել եմ թե’ քուրդ զինյալներին, թե’ դատախազներին ու դատավորներին։ Չեմ հասկանում ինչի՞ համար են ինձ դատում»,-զարմացել է Յըլմազ Դյունենը։

No comments: