Thursday, July 21, 2011

Իշխանությունը տեղյա՞կ է պատկերին

«Լրագիր» 21-7-2011- Դատելով այն ելույթից, որ Սերժ Սարգսյանն ունեցավ միգրացիայի հարցերով հրավիրած իր խորհրդակցության ընթացքում, դրա նպատակը ոչ թե արտագաղթի մտահոգիչ փաստի առիթով կոնկրետ միջոցառումների ձեռնարկումն էր, այլ ընդամենը փաստումը, որ Հայաստանից ոչ թե տարերայնորեն արտագաղթում են, այլ տարվա սկզբին գնում են արտագնա աշխատանքի, իսկ տարվա վերջում էլ վերադառնում են տուն:
Դա որակվում է որպես աշխատանքային միգրացիա, որի մեջ նույնիսկ լավ բան էլ կա` նախ Հայաստանի սոցիալական լարվածությունը թուլանում է գործազուրկների բանակի նվազմամբ, եւ բացի այդ էլ մեծանում է Հայաստանի սպառողական շուկայի գնողունակությունը, քանի որ արտագնա աշխատանքի մեկնողները փող են ուղարկում տուն:
Իրականում սակայն, խնդրի սահմանումները հստակեցնելով` արտագաղթ, թե աշխատանքային միգրացիա, իրավիճակի փաստացի վտանգավորությունը չի փոխվում: Եթե մարդը տարվա սկզբին գնում է Հայաստանից եւ վերադառնում է տարեվերջին, այսինքն ամբողջ տարի չի լինում տանը` ընտանիքում, երկրում` հասարակության հետ, ապա դա նշանակում է, որ պետությունն ամբողջ տարի դատարկ է: Եթե մարդը իր հայրենիքում է մնում տարվա 12 ամսից ընդամենը 3-4-ը, դա դեռ չի նշանակում, որ նա չի արտագաղթել, որ երկիրը դատարկ չէ:
Միգուցե կարելի է ադրբեջանցիների համար ասել, թե Հայաստանը հեչ էլ չի դատարկվում: Բայց չէ որ խնդիրը ադրբեջանցիների համար ասելը չէ, այլ մեզ համար իմանալը, փաստելը, իրավիճակը մեզ համար շտկելը: Ադրբեջանցիներին կարելի է խաբել, բայց մենք մեզ հո չենք խաբելու, ասելով, թե ասենք 45 հազար մարդը հո ընդմիշտ չեն հեռանում, այլ գնում գալիս են: Մինչդեռ այդ գնալ գալու տարեկան ինտերվալը հենց ընդմիշտն է` մի քանի ամիս:
Թերեւս Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունն ավելի ազդեցիկ լիներ, եթե դրա ընթացքում ոչ թե վիճակագրական ճշգրտումներ մտցվեին, այլ տրվեր սոցիալական պատկեր, թե որոնք են հեռանալու պատճառները, ինչն է ստիպում քաղաքացիներին ընդմիշտ կամ թեկուզ ժամանակավորապես, բայց պարբերաբար հեռանալ Հայաստանից: Չէ որ արտագնա աշխատանքը երկրի, հասարակական հոգեբանության վրա պակաս անդրադարձ չի թողնում, քան ասենք ընդմիշտ արտագաղթը:
Հասարակական հոգեբանության լուրջ խեղումներ են տեղի ունենում տարբեր սոցիալական շերտերում, երբ ընտանիքի ամուսինը, հայրը, որդին ամիսներով բացակայում են տնից: Այդ ժամանակ, նրանցից շատերը նաեւ Հայաստան վերադառնալու եւ այստեղ մնալու մի քանի ամիսներին էլ մտքով արտերկրում են ու սպասում են նորից հետ գնալու ժամանակին: Եթե իշխանությունն ուսումնասիրել է այսպես ասած “արտագաղթի կառուցվածքը”, եթե տիրապետում է իրականությանը, ապա ժամանակն է ձեռնամուխ լինել այն փոխելու օպերատիվ գործողությունների: Իսկ եթե ոչ, ապա ժամանակն է օպերատիվ քայլեր ձեռնարկել իրավիճակին ամբողջությամբ տիրապետելու համար:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: