Wednesday, July 6, 2011

Մի կերպ գոյատեւելու կոդեքսը

Նորը բացասող հասարակության հնարավոր արդիականացումը
«Լրագիր» 6-7-2011- Ակնհայտ է, որ արդիականացում ասելով ի նկատի ունենք և քաղաքական-հասարակական հարաբերությունների դաշտի նորացումը, և թե հարցերի ավելի խորը՝ անձնական, հոգեբանական, արժեհամակարգային ու աշխարհայացքային վերանայումը:
Մինչև այժմ մեր պետականության խաթարված խնդիրները քաղաքական միջոցներով շտկելու քայլերը ոչ միայն անարդյունավետ են եղել, այլ նույնիսկ հակառակը՝ խորացրել են ճգնաժամը: Եվ բնական է, որ մենք պետք է լուծումներ որոնենք և արդիականցման խնդիրներ ձևակերպենք մեր էության ավելի խորքային՝ անձնական, հոգեբանական ու աշխարհայացքային սկզբնաղբյուրներում:
Պատմականորեն և ներկայում, մեր ամենաբնորոշիչ գիծը երևի մարգինալությունն է եղել: Այսինքն արժանապատիվ գոյության հետ առնչվող երևույթների ու անհրաժեշտ նպատակային գործողությունների հանդեպ անսկզբունք, դիմազուրկ ու ստորադաս կեցվածքը:

Մշտապես, որպես աննշան քաղաքական ու ռազմական ուժ պարտվելով տարբեր «հզորների» շահերի խաչմերուկում՝ մեզանում հաղթելու կամքը իր տեղը զիջել է մի կերպ գոյատևելու կոդեքսին՝ բազմաթիվ տաբուներով ու նախապայմաններով համեմված, վարվելակերպերի ադաթակարգին:
Եթե կենսունակ մետրոպոլիային բնորոշ է կրքոտ սկզբունքայնություն ու կուռ մոտեցումների համակարգ, ապա մարգինալ-ծայրամասայինը դա «не рыба-не мясо» անսկզբունք հոգեբանությունն է, խղճուկ, զուտ գոյատևմանը ծառայող անկազմակերպ, կամազրուրկ, ոչ հավակնոտ ու «անտեղյակ» աշխարհայացքը:
Մարգինալություն տերմինը իմ ընկալման մեջ հարակից է թե քաղքենիությանը և թե ցինիզմին: Քանի որ խորքային երևույթնեը քննարկելիս ճշգրիտ բնորոշիչները կարևոր պայման են, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել այս դրսևորումների իմաստային իմ բնորոշումը:
Ես տարբերակում եմ ցինիզմի 2 բևեռներ.

1. անտեղյակությունից, գիտելիքի բացակայությունից, «գեղցիություն»-ից ածանցվող անտեղյակի ցինիզմը, որը առանց խորանալու` մերժում է ամեն մի «նորը»:

2. տեղեկացվածի մեծամիտ, հիմնականում հոռետես և որպես հեռատեսություն ներկայացվող ցինիզմը, որը նախնական որոշակի` իբր փորձի, գիտելիքի, տրամաբանված, գործնական ու «երկրային» չափորոշիչներից ելնելով է մերժում «նորը»:
Քաղքենիությունն, իմ կարծիքով, միաժամանակ հենված է թե մեկի և թե մյուսի՝ գործնականորեն «օգտակար» դրսևորումների վրա և նախապես չեզոք է դեպի նորը, բայց զգաստ-պատրաստ՝ այն վերցնելու, եթե արդեն կան «նորի» բավարար քանակի հետնորդներ:

Ցինիզմն աշխարհայացք է, իսկ քաղքենիությունը` կենսակերպ: Ցինիզմը փակ է նորույթի հանդեպ, քաղքենիությունը՝ փակ է ազատական, ընդհանուր հասարակական զարգացման գաղափարների, բայց լիովին բաց` նյութական նորամուծության հանդեպ:

Թե նշված 2 ցինիզմները և թե քաղքենիությունը ինչ որ տեղ մարգինալության դրսևորումներ են և լայնորեն տարածված են մեզանում: Հետևաբար մեր արդիականցման խորքային հարցերը քննարկելիս մենք գործ ունենք հոգեբանական և աշխարհայացքային հիմնարար սկզբունքների հաղթահարման հետ:

Իմ կարծիքով, հայկական իրականության բազմաթիվ բացասական դրսևորումներ սկզբնավորվել ու արժեհամակարգային են դարձել մեր՝ որպես հանրություն, հենց սահմանային իրավիճակում երկարատև գտնվելու հետևանքով:

Արդյունքում՝ մենք ձեռք ենք բերել նորին, ներմուծված, կամ տեղում հրապարակ ելած թե լավ, և թե վատին չարձագանքելու, նրանով չհետաքրքրվելու և չգնահատելու` իր հետևանքներով խիստ բացասական հատկանիշերը:

Հարցին մոտենալով հասարակագիտական հետևանքների տեսանկյունից, կարելի է վստահորեն պնդել, որ հայաստանյան միջին հայի կյանքում նորույթից զարմանալը, նրանով խորապես հետաքրքրվելն ավարտվում է 3-ից 10 տարեկան հասակում՝ երբ երեխան շփվելով այլ երեխաների հետ, սկսում է գիտակցել, որ եթե «նորի», անհայտի հանդեպ զարմանք կամ հետաքրքրություն ցուցաբերի, ապա ինքը պարզամիտի, «հարիֆի», «անեղունգավորի» համարում ձեռք կբերի իր հասակակիցների միջավայրում:

Եվ խորշելով նման հեռանկարից, նա այնուհետ իր միտքը փակում է այդ նորմալ, մարդկային ու կարևորագույն բնական հատկության՝ մշտապես հետաքրքրվելու, սովորելու, կատարելագործվելու, նորը ընկալելու անհրաժեշտության առջև:

Անծանոթ մի բանի հանդիպելիս հենց զարմանքն է, որ մարդու մեջ հետաքրքրություն է առաջացնում խորապես ուսումնասիրելու, հասկանալու և գնահատելու այդ նորը՝ որպես օգտակար կամ վնասակար նորույթ` արժանի ընդօրինակման կամ մերժման:

Մեր այդ ընդգծված իմացական անտարբերությունը «նորի» հանդեպ մի կողմից նսեմացնում է «նորը», մյուս կողմից էլ մեզ մեկուսացնում է նորի ստեղծման ակունքներից: Այն արդեն ստեղծել է ազգային ուրույն մշակույթ, համաձայն որի` «նորը» միշտ պետք է գա դրսից և որ մենք կարող ենք «նորի» ստեղծմանը չմասնակցել, բայց նրանից օգտվել և բարգավաճ ապրել:

Մենք անհաղորդ ենք «նորի» ստեղծմանը, բայց չափազանց կրքոտ` որոշակի ֆիլտրերով անցկացնելուց հետո, ուրիշների ստեղծած «նորն» ունենալու հարցում: Այս պայմաններում միակ խնդիր է դառնում ամեն գնով փող և հնարավորություններ-կապեր ու իշխանություն ունենալը, որպեսզի չուշանանք նորին «տիրանալու» մրցակցային պրոցեսում:

Շարունակելով միտքը հանգում ենք այն եզրակացության, որ եթե զարմանքը չկա, ապա հետաքրքրությունը դեպի նորը զուտ ձևական և արտաքին է, առանց խորքային գնահատականի ու պատշաճ հարգանքի:

Որպես հետևանք, այդ պայմաններում նաև հետագա անելիքների շարքն էլ է անկատար մնում՝ չի քաջալերվում և չի գործում արարելու, նորը՝ ավելի լավը ստեղծելու մարդու ներքին բնական պահանջը, մղումը:

Ստեղծագործելը դա եղած հնի հիման վրա, այն հաղթահարելով և որակով ու հատկանիշներով ինչ որ նոր բան արարելն է: Եթե եղածը դեռ հասկացված ու յուրացված չէ, ապա ինչպես կարող է «նորը» ստեղծվել դեռևս չյուրացված հնի հենքի վրա՞:

Սա է պատճառը, որ Հայաստանում օրը մեկ հայտնվում են նոր հավերժական շարժիչի կամ «նոր» Մենդելեևի աղուսյակի առաջարկներով «հանճարեղ և չգնահատված գիտնականներ», փրկարար դեղամիջոցներ կերտելու ջատագով երևելի այրեր:

Արդյունքում, դարեր ի վեր ունեցել ենք և ունենք զարմանքից և հետաքրքրությունից զուրկ ու մակերեսին եղած պարզագույնից դենը չտեսնող ցինիկ գործիչներ ու նույնիսկ սերունդներ, որոնք չընկալելով եղածը, դրանց իմաստն ու արժեքը չգնահատելով, միայն մեծամիտ ու քաղքենի նպատակ են հետապնդել՝ տվյալ պահին ամեն գնով ունենալ հարևանության համեմատ և նույնիսկ աշխարհում եղած լավագույնը:

Կոմպյուտերից անտեղյակ հայ դպրոցականի կոմպյուտերը պետք է ամենավերջին արտադրության ու մեծագույն հզորության լինի: Բուհ մտած հայ պատանու ու աղջկա հագուստը, մեքենան և արտաքուստ տեսանելի ունեցվածքը մյուսների համեմատ առավել պետք է լինի:

Հայ քաղքենու ամեն ինչը պետք է կողքինից, հարևանից լավը լինի: Սա է զարմանքի, հետաքրքրության ու դրանցից ծնվող լայնախոհության բացակայության ուղղակի հետևանքը մեր՝ թե քաղաքական, թե անձնական և թե հասարակական կյանքում:
Հենց այդ մտածելակերպն էր, որ հանգեցրեց միջնադարյան դղյակների ու ահարկադեմ թիկնազորերի ստեղծմանը 21-ի դարասկզբին:

Եղած հինն ու գալիք նորը չտեսնելն ու չգնահատելն էր, որ ավիրեց մեր հին՝ թեկուզ և խղճուկ, բայց կենսունակ արտադրական պոտենցիալն առանց այն մոդեռնացնելու կամ նորը ստեղծելու նույնիսկ փորձնական քայլերի:

Քաղաքական ու հասարակական աշխարհի սկզբունքների խորքային իմաստին անտեղյակ լինելն էր, որ բերեց բեսպրեդելի ու որպես հետևանք՝ եղեռնի ուժ ստացած արտագաղթի:

Իհարկե եթե զարմանքն ու հետաքրքրությունը չկան, ապա չկա նաև դրանցից գեներացվող հիմնական հարցը՝ «ինչպես»-ը: Այն ոչ միայն չկա օրակարգում, այլ նաև կարծես արգելվածների ոլորտում է:

Ոչ միայն «ինչպես»-ն է տաբուի տակ, այլ նաև «ինչուն», «ինչ մեխանիզմովը», «ինչի դիմացը» ու հարցերի մնացած ողջ հարակից շարանը:

Եթե հարցերը չկան, ապա պատասխաններ էլ պետք չեն: «Եղունգ ունես-գլուխդ քորի»՝ մեր իրավիճակի համար կատարյալ ու ցինիկ այս միտքը փոխարինել է բոլոր հարցերին, դրանց հնարավոր պատասխաններին ու ձեռնարկումներին:

Մեր քաղաքական ու հասարակական կյանքի համարյա բոլոր մակարդակները զբաղեցված են զարմանալու նույնիսկ սաղմնային որակներից զուրկ կլանային, ընկերական ու թաղային, ցինիզմ-1-ով զինված հեղինակություններով, որոնք ինքնավստահ մերժում են ցանկացած տեղին հարց և հորդորում` թե հո հիմար չես, էդ հարցն ես քչփորում քո ուղեղո՞ւմ:

Եղունգ ունես-գլուխդ քորի!

Իրական, խորքային պատասխան պահանջող հարցաշարանը տաբուի տակ է, դուրս է մղված մեր աշխարհայացքից ու տեսադաշտից, բայց փոխարենն ամեն քայլափոխի լսում ենք մակերեսային և անիմաստ «ինչ իրավունքով»-ը:

2 տասնամյակ է, դժբախտության հանդիպած մարդիկ տարբեր ատյաններ ու «բարձր» դռների դեմ նույն հարցն են տալիս` «ի՞նչ իրավունքով»:

Իրենց պատասխան չի տրվում, բայց այն իրականում կա, և հետևյալն է՝ հենց չզարմացողի «իրավունքով»: Միգուցե արտաքնապես պրիմիտիվ` բայց հենց դա է հիմնարար, խորքային պատասխանը:

Չզարմանալու, չհետաքրքրվելու հետևանք է նաև մեր՝ կողքինին չտեսնելու, չհասկանալու, չգնահատելու ֆենոմենը: Հրեան իր խոսքի կեսը ծախսում է իր զարմանքը նկարագրելու և մի այլ հրեայի գովքն անելու վրա: Հայը իր խոսքի կեսը ծախսում է մեկ ուրիշի ունեցածն ու չունեցածը նկարագրելու և նրան փնովելու վրա:

Հայկական ինտերնետային քննարկումների դաշտը իրար չլսելու, չհասկանալու, չգնահատելու, և արհամարհանքով գերիշխելու՝ մեր հոգեբանական ամբողջության մի ճշգրիտ մանրակերտ է:

Եթե մեր ներկան փոխադարձ արհամարհանքն ու ատելությունն է, ապա ապագան էլ ոչ թե համառ աշխատանքով ու ստեղծագործությամբ նորը կերտելն է, այլ հեքիաթային փրկության հրաշքն է, ազգային փրկարարի՝ մի նոր Սասունցի Դավթի, լավ ցարի գալստյան գաղափարը:

Զարմանալիորեն, մենք դասեր չենք առնում նախկինում արդեն մեր գլխին եկածից:

1915 ի մեծ եղեռնը դաս չեղավ 18-20 թվերի ադրբեջանական ջարդերից խուսափելու համար: 88-ի սումգայիթը դաս չեղավ Բաքվի դեպքերը կանխելու համար:

Նույնիսկ մեր ողջ արյունալի պատմությունը ևս դաս չի ներկայիս «ֆուտբոլայինը» որպես մտադրություն, գործելաոճ ու մոտեցում մեր ուղեղից վերջնականապես արտամղելու համար: «Ֆուտբոլայինը» դա միայն ներկայիս նախագահի նախաձեռնությունը չի, դա ազգային մեծամասնական մտածելակերպ է՝ փրկության ու հեքիաթի հավատալու և միաժամանակ այլոց թերագնահատելու, չհասկանալու, իսկ իր հիմքում՝ չզարմանալու, չհետաքրքրվելու արդյունք:

Կարծես կատարվում է անհնարինը` նորից կրկնվում է հինը` անցածը, արյունալին:

Մենք նման ենք 1915 թվի ապրիլի 23-ի, 88 թվի փետրվարի 25-ի սումգայիթյան հայերին, բայց զարմանալիորեն անհաղորդ ենք մեր ներկային ու սպասվելիք տրամաբանական ապագային:

Թալանով ու խարդավանքով ակընթարթորեն մեծահարուստ դարձածները որևէ վտանգ չեն տեսնում անձնապես իրենց համար, և անվրդով շարունակում են հարստության կուտակման գործը: Չունեվորներն էլ ելք չեն տեսնում և շարունակում են իրենց գոյությունն ամեն գնով երկարաձգելու առօրյան:

Եթե մեր մեջ «զարմանալու» ունակությունը կենդանի լիներ, ապա այն մեծամասնության մեջ կծներ շահախնդիր հետաքրքրություն մեր ներկայի ու ապագայի հանդեպ, և անհրաժեշտություն՝ գործերի ներկա ընթացքին ցանկացած գնով միջամտելու և իշխանություններից պատասխան պահանջելու:

Արդիականացման խնդիրը սերտորեն է առննչվում մեր այս հոգեբանական ու աշխարհայացքային անտարբերության հետ:

Միգուցե շատ գորշ ու հոռետեսական է ստացվում իմ մատուցած պատկերը: Բայց մյուս կողմից էլ, անհնար է առանց գույների խտացման, մոդելավորման՝ տեսնելու էականը: Փաստորեն ունենք բազմաշերտ արգելքների մի փակ շրջան. Մենք չենք արդիականացվում, որովհետև ընդունակ չենք նորովի նայելու, տեսնելու, և նորը ընդօրինակելու: Ընդունակ էլ չենք նորովի տեսնելու, որովհետև մենք հոգեբանորեն փակ ենք նորույթի հանդեպ: Հոգեբանորեն էլ փակ ենք, որովհետև փակ լինելը մեր արժեքային համակարգի մասն է: Պարզ չէ, թե այս շղթայի առաջինը կոտրվող, թույլ օղակը որը կարող է լինել:

Իմ կարծիքով մեր անտարբերության սկիզբը դա հայկական հանրության մեջ մանկական բնական զարմանքի ու հետաքրքրության վաղաժամ մահն է և դրա փոխարինումը քաղքենիական սահմանափակությամբ, չհիմնավորված ինքնագոհությամբ ու տգետ «գեղցիությամբ»:

Թե անտեղյակ և թե մեծամիտ ցինիզմը, զուգորդված համատարած քաղքենիական նպատակային դաշտի պահանջներով՝ գրավել են հայկական հանրային տեսահորիզոնը և փակել «նորի» մուտքը երկիր: Այս ախտերը մեզանում ամենուր են՝ իշխանավոր ու ընդիմադիր երևելի՝ համարյա բոլոր անհատների ու շարքայինների մեծամասնության մոտ:

Արդիականացվելու համար պետք է այս վիճակը հաղթահարելու ընդունելի և կիրառելի մեխանիզմ մշակվի ու անարգել մատուցվի մարդկանց:

Հարցը 2 բաղադրիչ ունի. Առաջարկվող մեթոդաբանությունը պետք է ի զորու լինի հաղթահարելու՝ ամեն գնով իշխանությունը պահելու հայկական «ավանդույթը», և նաև մատչելի լինի մեր «տաբուապատ» հասարակական ու անձնական ընկալմանը:

Նախկին փորձը ցույց է տալիս, որ արդեն փորձարկված «հայրենասիրություն», «բարգավաճ երկիր», «արժանապատիվ ապագա» և համանման մեծամասշտաբ լոզունգները ձախողված են, չեն աշխատել ու չեն էլ աշխատի ապագայում:

Թե ինչը կարող է խթանել մեզ՝ իրար տեսնելու, լսելու և հարգելու, նորովի մտածելու, ապրելու և նորը կերտելու, հիմա դժվար կանխատեսելի է:

Նույնիսկ մեծագույն ցնցումը՝ Եղեռնը, մեզ չի փոխել: Նաև չեմ կարծում, թե մենք ունակ ենք ինքնուրույն ու ինքնակամ տեսնելու մեր խորքային շեղումները և արագորեն, նպատակասլաց փոխվելու:

Բժշկության մեջ հայտնի են այսպես կոչված ինքնաիմունային հիվանդությունները, երբ օրգանիզմը սեփական սպիտակուցները որպես արտածին համարելով, մշտապես կործանարար պայքարի մեջ է ինքն իր հետ:

Երևի այս հիվանդությունը միայն կենսաբանական չէ: Նրանով հասարակություններն ու ազգերն էլ կարող են տառապել: Նրանք էլ կարող են պատերազմ հայտարարել իրենց զավակներին ու ժողովրդի նմեծամասնությանը: Փաստորեն մենք էլ նույնն ինքնաբացասման, ինքնակործանման պրոցեսի մեջ ենք՝ հասարակական- ազգային օրգանիզմի մակարդակով: Եվ դա նույնիսկ պատմական կտրվածքով նորություն չէ:

Իմ կարծիքով, ներկայում խոսքը երևի պետք է գնա, ինչպես մասնագիտական վերաորակավորման դեպքում՝ մարդ առ մարդ, փոքր խմբերով նոր մոտեցումների մատուցման, լուսաբանման ու քննարկման միջոցով դանդաղորեն վերակերտվելու մասին: Որը ոչ այլ ինչ է, քան նորօրյա «նարոդնիկություն»:

Ըստ որում, քննարկումը պետք է գնա մեր բոլոր մակարդակներում և ամենքս էլ մասնակցենք այդ խոսակցությանը, քանի որ բոլորս ենք տառապում նույն հիվանմդությամբ:

Ցավալի է, բայց ես այլ իրական ելք այլևս չեմ տեսնում:

Մյուս կողմից էլ, նախքան գործնական նշանակություն ձեռք բերելը, արդիականացման ցանկացած առաջարկ կամ տեսակետ նախապես հավանության պետք է ստանա գոնե մասնագետների և շահագրգիռ մարդկանց շրջանակում:

Արա Հարությունյան

No comments: