Wednesday, July 13, 2011

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն առաջին անգամ պիտի տեսակետ հայտնի

News.am.13-7-2011- ԱՄՆ սենատորները պետք է հանգամանալից հարցաքննեն Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի առաջադրած թեկնածու Ջոն Հեֆերնին`իմանալու նրա դիրքորոշումը տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էլիզաբեթ Չուլջյանը:
«Հարցերը շատ են` Հայոց Ցեղասպանության հարց, Ղարաբաղի խնդիր, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հարց: Հարկավոր է ճշտել, թե ինչպիսի դիրքորոշում ունի սույն հարցերի վերաբերյալ պարոն Հեֆերնը»,-նշեց Չուլջյանը: Նա նաեւ հավելեց, որ իրենց կազմակերպությունը դիմել է ԱՄՆ հայկական համայնքին եւ առաջարկել կոչ անել ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին հարցումներով հանդես գալ դեսպանի թեկնածության լսումների ժամանակ:
«Այդ հարցումների պատասխանների հիման վրա էլ ամերիկահայ գաղութը պիտի կարողանա իր տեսակետը հայտնել` արդյոք պարոն Հեֆերնը շիտա՞կ անձ է, որը պիտի Հայաստանում ներկայացնի ամերիկյան արժեքները, թե՞ ոչ»,-նկատեց NEWS.am-ի զրուցակիցը:
Հարցին, թե ինչպիսի՞ գործչի հեղինակություն է վայելում Հեֆերնը ԱՄՆ-ում, Չուլջյանը պատասխանեց, թե մինչեւ այժմ նա հրապարակավ չի հայտնել իր տեսակետները հայկական հարցերի վերաբերյալ: «Նրա գործունեությունն արտաքին գործերի ոլորտում նրան առիթ չեն տվել հասարակության առաջ հայտնել իր տեսակետները ԼՂ խնդրի, Հայոց Ցեղասպանության, ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերի վերաբերյալ: Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտուրն այսօրվա դրությամբ կազմում է մոտ 180 միլիոն դոլար, սակայն մենք ուզում ենք այն հասցնել մինչեւ 1 միլիարդ: Հետաքրքիր է, թե դեսպանի թեկնածուն ի՞նչ քայլեր պետք է անի` ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերը հզորացնելու համար: Ուստի, վաղվա հարցաքննության ժամանակ նա առաջին անգամ է, որ պիտի նշված հարցերի վերաբերյալ հայտնի իր տեսակետը եւ հարկ է, որ սենատորները անհրաժեշտ հարցերը տան»,-նշեց ՀՅԴ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետը:
Նշենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի առաջադրած Ջոն Հաֆերնի թեկնածությունը կքննարկի հուլիսի 13-ին, Վաշինգթոնի ժամանակով 15:00-ին (Հայաստանի ժամանակով` 24:00-ին): Քննարկումը կհեռարձակվի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքում: Եթե սենատորները չբավարարվեն քննարկման ժամանակ տրված հարցերով, կարող են հավելյալ գրավոր հարցեր ուղղել:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելուց եւ հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո, թեկնածությունը պետք է հաստատման դրվի ԱՄՆ Սենատի լիագումար նիստում:

No comments: