Wednesday, July 20, 2011

Թող հանդիպեն Լեւոնն ու Սերժը

«Լրագիր» 20-7-2011- Բոլորի համար էլ պարզ է, որ ինչպես ել երկխոսեն Կոնգրեսն ու կոալիցիան` պատվիրակություններով, աշխատանքային խմբերով, մարզական կամ մշակութային խմբակներով, թե հարազատ-բարեկամներով, միեւնույն է, երկխոսողները երկուսն են` Սերժ Սարգսյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Նրանք են ընտրում ձեւը, բովանդակությունը, ժամանակը, եղանակը:
Ուրեմն ինչու չհանդիպեն հենց նրանք` Սերժ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը: Ինչու չհանդիպեն եւ չխոսեն իրար հետ, ու այդ ամենը հասարակության առաջ, բաց, թեկուզ հենց ուղիղ եթերում: Ցանկացած պարագայում դա կլինի ամենաօպտիմալ տարբերակը:
Եթե երկխոսությունը թատրոն է, շոու, ապա այն հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր ու գրավիչ կլինի գլխավոր դերակատարների անմիջական խաղի պարագայում: Իսկ եթե երկխոսությունն իսկապես լուրջ քաղաքական գործընթաց է, որի հիմքում իսկապես հասարակության եւ պետության շահն է, ապա էլ ինչու ընկնել այս ու այն կողմ` թող միանգամից բանակցեն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը:

Օրինակ, չէ որ Սերժ Սարգսյանն ասենք Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բանակցում է Իլհամ Ալիեւի հետ, այլ ոչ թե ձեւավորվում են պատվիրակություններ կամ աշխատանքային խմբեր, որոնք կարգավորման բանակցությամբ են զբաղվում: Ղարաբաղի հարցը թե Հայաստանի, թե Արցախի համար շատ լուրջ հարց է, ճակատագրական հարց է եւ դրա համար էլ բանակցությունը վարվում է առաջին դեմքերի մակարդակով:

Բայց ով է ասել, որ Հայաստանի ներքին կյանքի, ներքին իրավիճակի հարցը պակաս լուրջ է Հայաստանի ու Արցախի համար: Ավելին, ներքին կյանքի, ներքին վիճակի հարցը ավելի լուրջ եւ նույնիսկ ելակետային հարց է հենց Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական դիրքերի ամրության համար: Հետեւաբար, ներքին կյանքի վերաբերյալ բանակցությունն էլ պետք է լինի առաջին դեմքերի մակարդակով: Ինչ խոսք, դե յուրե կարգավիճակի առումով Սերժ Սարգսյանն ու Ալիեւը նույն կարգավիճակում են, իսկ ահա Սերժ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը` ոչ: Բայց, երբ խոսքը երկրի դե ֆակտո ճակատագրի մասին է, դե յուրե կարգավիճակին ուշադրություն դարձնելը կլինի առնվազն դե ֆակտո քթիմազություն:

Այնպես որ, եթե սեպտեմբերին արտահերթ ընտրություն չի լինելու, ապա ճիշտ կլինի, որ լինի գոնե արտահերթ հանդիպում` Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ: Լավ կլինի, որ այդ հանդիումը լինի ուղիղ եթերում, իսկ հաղորդման երկրորդ կեսին էլ նրանք պատասխանեն հեռուստադիտողների հարցերին, կամ հանդիպումից հետո հանդես գան համատեղ մամուլի ասուլիսով:

Եթե երկրի ճակատագիրը պահանջում է անհապաղ երկխոսություն, ապա երկրի ճակատագրի համար անհապաղ երկխոսությունն էլ պահանջում է անվերապահ թափանցիկություն եւ հաշվետվողականություն` գործընթացի սուբյեկտների առաջին դեմքերից սկսած:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: