«Լրագիր» 22-7-2011- Մենք իրոք ազգային ինտելեկտի բարձր օգտակար գործողության գործակցով ժողովուրդ ենք, հիրավի ճկուն ենք ու ստեղծագործող: Առավել զարմանալի է, թե այդ համատեքստում ինչու են այդպես հետևողականորեն ձախողվում մեր հասարակաշինության և պետականաշինության բոլոր փորձերը:Հրեական հայտնի ասացվածքի մոտիվներով` “Եթե դու այդքան հարուստ ես, ինչու գոնե մի քիչ խելոք չես” կարելի է կազմել մի նոր կանոնագիրք, սակայն այս պարագայում խնդիրն այլ է` պարզել, թե ինչն է իրապես վնասում իրական պետություն ունենալու մեր փորձերին, թեպետ, անկեղծ ասած, այդ փորձերը սկսվել և ավարտվել են հերոսամարտերով, քանզի խաղաղ պայմաններում մեզ մոտ անմիջապես սկսում են գործել հստակված մեխանիզմները, իսկ ավելի շուտ` սինդրոմները:
Եվ ուրեմն.
-Սինդրոմ թիվ 1. Ցանկացած հանրային կառույց ու առավել ևս պետական ինտիտուտ պետք է գործի առավելագույն գաղտնիության պայմաններում:
-Սա իրոք կործանարար սինդրոմ է, քանզի գաղտնիությունն ինքնին շատ հարաբերական միավոր է, բավական է մեկ անգամ տեղի տաս ինֆորմացիոն հոսքը փակելու գայթակղությանը, անմիջապես խնդիր ես ունենում մեծ և փոքր պաշտոնյա սուլթանիկների վրդովմունքի ակցիաների հետ: Էլ չեմ խոսում այն մասին, որ գաղտնիության մանիայով սկսում են տառապել քաղաքական գործիչները և շոու բիզնեսի ներկայացուցիչները, որոնց մասնագիտությունն ինքնին գաղտնիություն չի ենթադրում: Նաև հիշեցնենք, որ իրաքյան տանուլ տված պատերազմը հենց այդ գաղտնիության սինդրոմի արդյունքն էր, քանզի գաղտնի սովորաբար պահվում է հանցագործության և զեղծարարության գործընթացը, ազնիվ նպատակները գաղտնի պահելն իմաստ չունի:
Ազնիվ նպատակն էլ իր հերթին միշտ կապվում է գաղափարական դաշտի հետ`ձևավորելով մեր ձախողման երկրորդ սինդրոմը:
-Սինդրոմ թիվ 2. Գաղափարն ու անձնական շահը փոխհակասող և փոխհակամարտող կատեգորիաներ են:
-Այս տխրահռչակ սինդրոմի մեջ մտնում է նաև փայփայված ազգային գաղափարը, որն արտահայտվում է արտագաղթի, կոռուպցիայի, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների միջոցով: Ամենաբանալ մեխանիզմները, ասենք` ներդրում-հատուցում, կամ արարք-հատուցում, մեզ մոտ աղավաղվում են, իսկ հաճախ` ուղղակի հակադրվում: Իբրև օրինակ կարելի է բերել բարեխիղճ պրոֆեսիոնալ աշխատանքի համար տրվող վարձատրության և օլիգարխիկ գերշահույթի համեմատությունը, որպեսզի ըմբռնենք, որ այս անհամամասնությունը մեզ պարտադրվում է գաղափարներին հետևելու բոլոր փորձերը կանխելու համար:
Ի դեպ, գաղափարներ արմատախիլ անելու պրոցեսում իսպառ վերացվում է նաև պրոֆեսիոնալիզմը, քանզի դա հիմնարար գաղափարական բուրգի մի մասնիկն է: Իրոք, ինչ իմաստ ունի լինել պրոֆեսիոնալ, եթե ամենաշահաբեր գոյաձևը բացարձակ անտեղյակությունն է, որը հաղթարշավում է բոլոր ոլորտներում` բիզնեսից մինչև քաղաքականություն: Իսկ քանի որ մենք ընդհուպ մոտեցանք շահի խնդրին, ապա այդ ոլորտի սինդրոմը մեղմության համար ձևակերպենք այլ լեզվով:
-Սինդրոմ թիվ 3. Откуда деньги
-Սա հարցերի հարցն է, որ մեզանում անվերջ շրջանառվում է և շրջանառվելով խուսափում կոնկրետացումից: Ոչ մի բան առանց փողի կառուցել հնարավոր չէ, սակայն գաղտնի, անոնիմ փողը մեր պետականաշինության հիմքերի ռումբն է: Ամերիկյան բոլոր ֆիլմերում նշվում է, որ ամերիկյան բյուջեն կազմում են հարկատուները, մեր դեպքում ամեն ինչ արվում է, որ պետական փողն ընկալվի իբրև միստիկ սուբստանց, որը գոյանում է ի վերուստ ողորմածությամբ և կարող է ծախսվել ի վերուստ կամքով:
Որտեղի՞ց փողը հարցը լուծում է շատ և շատ բարեգործությունների հարցը, բարեգործությունը վերածելով պարտքերի հատուցման, ընդ որում մասնակի հատուցման: Եվ ի վերջո ասա որտեղից է փողը, և ես կասեմ, թե ում շահերն ես դու պաշտպանելու: Քաղաքական, պետական, հանրային հարաբերություններում բոլորը պետք է նախ և առաջ պատասխանեն այդ հարցին, նոր իրավունք ստանան պետություն կառուցելու:
Պետություն կառուցելն էլ ամպագոռգոռ ֆրազ չէ. այն նշանակում է ուղղակի ապրել պետության մեջ, առանց վերը նշված երեք սինդրոմների: Ճիշտ է, այդ սինդրոմների վերացման հետ մեկտեղ հորիզոնից կհեռանան շատ անձեր, քաղաքական ուժեր և նույնիսկ կրոնական ինստիտուտներ: Բայց ես անձամբ նրանց շատ չեմ կարոտի…
ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment