Thursday, July 21, 2011

Հայտարարություն ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացի կապակցությամբ

- Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել Ղարաբաղյան պատերազմի մասնակից ջոկատների մի շարք հրամանատարներ, ովքեր ստեղծել են կազմկոմիտե և հարյուրավոր ազատամարտիկների անունից հայտարարություն են տարածել, որտեղ անհանգստություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հարցով:
Ասուլիսին մանսակցում էին կազմկոմիտեի ղեկավար Գոյամարտ կուսակցության ղեկավար Սերյոժա Ղազարյանը, Փառապանծ ազատամարտիկների միության նախագահ Գրիշա Սարգսյանը, Ղարաբաղյան ազատամարտի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանը և այլոք: Նրանց պահանջում մասնավորապես նշված է, որ պետք է հրաժարվել հակամարտությունների կարգավորման 3 հիմնարար սկզբունքերից` տարածքային ամբողջականությունից, ինքնորոշման իրավունքից և ուժի չկիրառման սկզբունքից և հարցը տեղափոխել իրավական դաշտ: Նրանց հայտարարությունում նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի պետական արխիվներում (Ռուսաստանի) պահպանվում են Լեռնային Ղարաբաղի հարցով փաստաթղթերի բնօրինակները, որոնցով ապացուցվում է, որ Լեռնային Ղարաբաղը անօրինական կերպով է միացվել Ադրբեջանին և զուտ հայկական տարածք է:
Սերժ Սարգսյանից ազատամարտիկները պահանջում են հրաժարվել Մադրիդյան և այլ պարտադրված սկզբունքերից և բանակցություններ վարել միայն Ղարաբաղյան կողմի պարտադիր մասնակցությամբ, անհապաղ հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունները և չեղյալ հայտարարել այն: Հայտարարությունում նշված է, որ նրանք պատրաստ են հակահարված տալ թշնամուն և պատրաստ են կատարել նախագահի բոլոր կարգի հրամանները: Նրանք կոչ են անում Հայաստանի նախագահին բանակցություններում հանդես գալ հաղթողի դիրքերից և չընդունել վերջին շրջանում կողմերին առաջարկվող փաստաթղթերը և հարց են ուղղում, թե ինչու է Ռուսաստանը նման առաջարկներ առաջ քաշում:
Ի դեպ, Գրիշա Սարգսյանը Ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի նախկին հրամանատարն է, ում լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին, սակայն գործընկերներն անընդհատ ընդհատում էին նրան, առաջարկելով, որ քաղաքական հայտարարություններ չանի:

No comments: