Wednesday, July 27, 2011

ԲԱՔՎՈՒՄ Ի՞ՆՉ ԵՆ «ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԷՐԴՈՂԱՆԻՑ»

«ԱԶԳ», 27-07-2011- Այսօր Թուրքիայի վարչապետ Էրդողանը կայցելի Բաքու: Հայտնի է դարձել, որ նա Իլհամ Ալիեւի հետ կբանակցի դեմ առ դեմ, ապա` պատվիրակությունների մասնակցությամբ: Թուրքիայի արտգործնախարարության անանուն աղբյուրը «Զերկալո»-ի թղթակցին Անկարայում ասել է, որ «այցը հատկապես այդ ժամկետներում կազմակերպելու որոշումն ընդունվել է ամենավերջին պահին»: Նա ավելացրել է. «Նախապես ենթադրվում էր, որ մինչեւ վարչապետի այցը Բաքու կմեկնի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որպեսզի արդյունավետ հիմք նախապատրաստի երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության գլխավոր խորհրդի շրջանակներում բարձր մակարդակի հանդիպման համար: Բայց դա տեղի չունեցավ, ինչից բխում է, որ Էրդողանի Բաքու այցի ընթացքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի»:
Այդուհանդերձ, բարձրաստիճան թուրք դիվանագետը հակված չէ Էրդողանի այցը համարելու «քաղաքավարական ժեստ»: Նա կարծում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո «կառավարությանն անհրաժեշտ է որեւէ արտաքին քաղաքական ձեռքբերում, քանի որ ներքին կյանքում դա հնարավոր չէ»: Ընդսմին, նա մատնանշում է քրդական հարցը եւ տնտեսական դժվարությունները, որոնց բախվում է Թուրքիան: Ադրբեջանական թերթի անանուն աղբյուրն ընդգծում է, որ Թուրքիան Կիպրոսի հարցով «մեսիջներ է հղել ԱՄՆ-ին եւ Բրյուսելին», իսկ Ստամբուլում անցկացված` Պաղեստինի դեսպանների համաժողովին Էրդողանի ելույթի շեշտադրումներն «ավելի քան երկրային էին, նա փաստորեն կրկնեց պաղեստինա-իսրայելական կարգավորման այն ծրագիրը, որ հնչեցրել էր Բարաք Օբաման»:
Այս կերպ, կարծես, թուրք դիվանագետն ադրբեջանական հանրությանն ակնարկել է, որ «հարկ չկա չափազանցված ակնկալիքներ ունենալու Թուրքիայից»: Հատկանշանական է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում նա Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի նշում, մինչդեռ ակնհայտ ասում է, որ Էրդողանի «կառավարությունը չի կարող հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից»:
Ուշադրություն է հրավիրում այն, որ «Զերկալո»-ի մեկնաբանը, որ սովորություն ունի «գրեթե հարյուրտոկոսանոց վստահությամբ կանխատեսումներ անելու», այս դեպքում թուրք դիվանագետի խոսքը մեջբերելուց հետո միանգամից անցնում է ադրբեջանցի պաշտոնյաների` թուրքական Today Zaman’s-ին տված հարցազրույցների շեշտադրումներին: Այստեղ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում լրագրողի մտասեւեռումն Արազ Ազիմովի դժգոհությունների վրա, որ վերջինս արտահայտել է Ռուսաստանի եւ Իրանի հանդեպ:

Խոսքն այն մասին է, որ Ազիմովը, համարելով, որ «Հայաստանի տնտեսության 70 տոկոսը գտնվում է Ռուսաստանի ձեռքին, նրա սահմանները հսկում են ռուս զինվորները, Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակաշինության գործում», իսկ Իրանին մեղադրելով, որ «Հայաստանի հետ շուրջ 40 համաձայնագիր ունի կարեւորագույն մատակարարումների մասին», եւ գտնելով, որ «եթե Իրանը, հետեւելով Թուրքիային, փակեր սահմանը, ապա Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն ավելի համաձայնողական կլիներ», փաստորեն հասկացրել է թուրքական հանրությանը, թե «որոնք են Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորման պատճառները»:
Այս իմաստով «Զերկալո»-ի հեղինակը կարծում է, որ «Ադրբեջանը կարող է այլ երկրների հետ Թուրքիայի երկխոսության հարցն իր օգտին ծառայեցնել եւ Անկարայից պահանջել հստակ երաշխիքներ»:
Նման դեպքերում ավելին չի էլ ասվում: Եվ հասկանալի է դառնում, թե ինչու «ամենավերջին պահին է որոշում ընդունվել հատկապես այդ ժամկետներում» Էրդողանի Բաքու այցը կազմակերպելու մասին եւ ինչու որեւէ փաստաթուղթ այդ ընթացքում չի ստորագրվի: Ակնհայտ է, որ Բաքվում Էրդողանին առնվազն առաջարկելու են «այլ երկրների հետ Թուրքիայի երկխոսությունը կառուցելիս Ադրբեջանի համար հստակ երաշխիքներ ապահովել»: Տվյալ դեպքում կարծես դա վերաբերում է ռուս-թուրքական եւ թուրք- իրանական հարաբերություններից Ադրբեջանի ակնկալիքներին:
Կկարողանա՞ Էրդողանը երաշխավորել, որ «Իրանը կփակի Հայաստանի հետ սահմանը» կամ «Ռուսաստանը կհրաժարվի Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունից»` այս հարցերն արդեն իսկ երեւակայության ոլորտից են: Բայց ո՞վ է կասկածում, որ ադրբեջանական կողմին հենց դա է հարիր: Ոչ ոք: Ուստի, եթե փորձենք ամփոփել, ապա պիտի եզրահանգենք, որ Էրդողանի Բաքու այցը կարող է թանձր վերջակետ դնել «մեկ ազգ` երկու պետություն» կարգախոսի վրա:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: