Friday, July 1, 2011

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով Լատվիայում է

Panorama.am. 1-7-2011- Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանեց Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգա` ուղեկցությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, հայրապետական շքախմբի և Ռուսաստանի թեմի հայոց քահանայից դասի:
Այս մասին հայտնում են Մայր աթոռից:
Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Լատվիայի հոգևոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը, հայ համայնքի նախագահ Առնո Տեր-Սահակովը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նույն օրը երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց նախագահին հայ համայնքի հանդեպ Լատվիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող մշտական հոգատար վերաբերմունքի և ուշադրության համար:
Իր խոսքում տիար Զատլերսը, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ռիգա, բարձր գնահատանքով ներկայացրեց հայ համայնքի կարևոր ներդրումը Լատվիայի կյանքում և շնորհավորեց Նորին Սրբությանը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման և օծման առիթով:
Հունիսի 30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա էին Ռուս Ուղղափառ Եկեղեցուց Ալեքսանդր միտրոպոլիտը, Լյութերական Եկեղեցուց Պավել եպիսկոպոսը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և ուխտավորներ` այս առիթով ժամանած Էստոնիայից և Լիտվայից:
Շարականների, սաղմոսների ու աղոթքների ուղեկցությամբ օծվեցին եկեղեցու զանգակատան խաչը, Ս. Սեղանը և սյուները: Օծման արարողությունից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա ժողովրդին: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց հովվապետական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվելու առիթով: ՙՑնծում են այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Լատվիայում բնակություն հաստատած մեր հավատավոր զավակները, քանզի այսօր իր աստվածային օծումն ստացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի անունը կրող հոյակերտ այս տաճարը:
Փառք և գոհություն ենք առ Աստված բարձրացնում, որ Մեր ժողովրդի զավակները մշտապես իրենց հոգում կրում են եկեղեցաշինության աստվածահաճո գործը: Այս Եկեղեցու կառուցումով պիտի նորոգվի լատվիահայ համայնքի հոգևոր-մշակութային կյանքը: Աստված, որ բնակվում է մեր հոգիներից ներս, հրաշափառ այս եկեղեցու ներկայությամբ Լատվիայի նվիրական հողում պիտի բնակություն հաստատի լատվիահայ համայնքային կյանքից ներս` հեղելով հայրենասիրության, մարդասիրության և ազգասիրության շնորհները հայորդյաց սրտերում և նրանց ձեռաց ու մտքերի գործերի վրա, քանզի Եկեղեցին, որ օծեցինք Սրբալույս Մյուռոնով և մեր հայրերից ավանդված աղոթքներով, դադարում է միայն նյութական, առարկայական կառույց լինելուց, այն դառնում է ոգեղեն իրականություն՚, - ասաց Նորին Սրբությունը: Անդրադառնալով Ռիգա քաղաքի փոքրաթիվ հայ համայնքի կազմակերպված և աշխատասեր նկարագրին և Բալթյան երկրներում առաջին հայկական եկեղեցու կառուցմանը` Վեհափառ Հայրապետը նշեց. ՙՊատահական չէ, որ որտեղ էլ հանգրվանել է հայը, իր առաջին մտածումն է եղել եկեղեցի կառուցել: Մեր զավակները քաջ գիտակցությունն ունեն այն անհերքելի իրականության, թե քրիստոնեությունն է արտահայտում մեր հոգևոր ինքնությունը և թե Հայ Առաքելական Եկեղեցին է ձևավորում ազգային քրիստոնեական իր դիմագիծը: Տեսնում ենք, թե ինչպես է հայն իր տունը, եկեղեցին ու դպրոցը կերտել իրեն հյուրընկալած երկրներում և, վայելելով տեղի իշխանությանց բարյացակամ խնամքն ու հոգատարությունը, աստվածապավինությամբ սկսել իր նոր կյանքն ու գործունեությունը որպես արժանավոր, հպարտ քաղաքացի այդ երկրի՚:
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդ Եզրաս եպիսկոպոսին, Լատվիայի հոգևոր հովվին և եկեղեցական վարչության անդամներին իրենց անձնվեր ծառայությանց համար ի պայծառություն Լատվիայի հայ համայնքային կյանքի:
Վերստին հայրապետական իր օրհնությունը բերելով ներկա ժողովրդին Լատվիայում իրականացվող բարեջան գործունեության և ազգային կյանքում դրսևորած նախանձախնդրության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հայորդիներին քրիստոնեական զորեղ հավատքով և հավատի գործերով շարունակել Լատվիայի նվիրական հողում բարեզարդել իրենց ազգային կյանքը:
Նորին Սրբությունն իր խոսքից հետո նորաօծ եկեղեցուն նվիրեց սրբապատկեր: Հավարտ արարողության Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց անդրանիկ Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նույն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրեր շնորհեց եկեղեցու կառուցման գործում մեծ ավանդ ունեցած բարերարներին` Առնո Տեր-Սահակովին, Արտակ Դանիելյանին, Էդուարդ Տեր-Սահակով, Ռոբերտ Հովհհանեսյանին, Էռնեստ Բերնիսին, Սերգեյ Ավետիսյանին, Աղան Ավետիսյանին, Արա Դավոյանին, Պավել Սայադովին, Ատոմ Խաչատրյանին, Մխիթար Մխիթարյանին, Վաչագան Պողոսյանին, Արթուր Իսախանովին, Ռուստամ Ասոյանին, Ենոք Կոսյանին և Սուրն Պարսամյանին:
Երեկոյան ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի համայնքի կողմից տրվեց պաշտոնական ընթրիք, որին մասնակցում էին հայ համայնքի անդամներ, Լատվիայի իշխանությունների և Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ:
Հուլիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կվերադառնա Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

No comments: