
«Բնակավայրը մեր արշավախմբի կողմից հայտնաբերվել է հուլիսի 22-ին։ Տեղի իշխանությունները դրա գոյության մասին իմացել են նաեւ նախկինում եւ մեզ խնդրել են գալ, ուսումնասիրել տարածքը։ Ուսումնասիրություններից հետո ակնհայտ է դարձել, որ բնակավայրի մի մասը հողաշինական աշխատանքների հետեւանքով ավերվել է։ Ամեն դեպքում, այսօրվանից սկսված պեղումների արդյունքում հայտնաբերվել են աղորիքներ, ծեծիչներ, գնդաձեւ կավանոթների կանթեր, որոնք խիստ բնորոշ են Կուր-Արաքսյան մշակույթի վաղ փուլին։
Ինչ վերաբերում է պեղումների բուն ընթացքին, ներկայումս դրանք իրականացնում են միայն մեր արշավախմբի անդամներն ու զինծառայողներ։ Հետագայում նրանց կմիանան նաեւ մասնագետներ, այդ թվում՝ ֆրանսիացիներ եւ պեղող փորձված բանվորներ Երեւանից»,- ասաց Հակոբ Սիմոնյանը՝ հավելելով, որ գտնված բնակավայրը մոտակա գյուղերից բավական հեռու է. ամենամոտ՝ Խնածախ գյուղը 7 կմ հեռավորության վրա է։
Հարցին, թե որտեղ են պատրաստվում պահել գտածոները, նա պատասխանեց, որ նմուշներից առավել արժեքավորները, հնարավոր է, հանձնվեն Հայաստանի Պատմության թանգարանին, իսկ մնացած գտածոները կբաշխվեն տարբեր թանգարանների միջեւ։
No comments:
Post a Comment