Monday, July 18, 2011

Սերժ Սարգսյանին ձեռնտու հունով

«Լրագիր» 18-7-2011- Թեեւ Հայ ազգային կոնգրեսը ներքաղաքական երկխոսությունը հռչակում է իր ձեռքբերում, կամ իր հմուտ մարտավարության շնորհիվ իշխանությանը պարտադրված զիջում, այդուհանդերձ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը այդ երկխոսության գործընթացն առաջ է տանում իրեն ձեռնտու հունով:
Եթե երկխոսությունը չհամարենք արտաքին քաղաքական որեւէ կենտրոնից կառավարվող գործընթաց, որտեղ կա ի վերջո իշխանափոխության հասնելու նպատակ, ինչին էլ փորձում է այդ կենտրոնը հասնել փուլային տարբերակով, ապա զուտ ներքին առումով ակնհայտ է, որ դրա հունն առայժմ ձեռնտու է Սերժ Սարգսյանին: Ի դեպ, հնարավոր է նաեւ տարբերակ, երբ գործընթացը էլի կառավարվում է արտաքին որեւէ կենտրոնից, սակայն վերջնական նպատակը ամենեւին էլ իշխանափոխությունը չէ, այլ Հայաստանում պետական կարգի փուլային տրանսֆորմացիան, քանի որ իշխանափոխության միջոցով, գոնե ներկայում, դա դիտվում է անհնար:
Իսկ որ ներքաղաքական երկխոսություն կոչված գործընթացն այդ տեսակետից իսկապես լուրջ տրանսֆորմացիոն գործընթացներ է խթանելու կամ գեներացնելու, թերեւս կասկած չկա: Ընդ որում, խոսքն այն մասին չէ, որ փոխվելու է իշխանության որակը, կամ հասարակական-քաղաքական հարաբերությունների շուրջ իշխանության պատկերացումը: Խոսքն այն մասին է, որ առկա գործընթացին թե կողմ, թե դեմ լինելու պարագայում /կողմը կամ դեմը անշուշտ շատ պայմանական ու խիստ բեւեռացված բնորոշում է/ հասարակությունն անկասկած վերանայելու է քաղաքական ամբողջ համակարգի հանդեպ իր վերաբերմունքը, հասարակական պատկերացումներում եւ ընկալումներում են տեղի ունենալու լուրջ տրանսֆորմացիոն գործընթացներ, որի կրողներն են հանդիսանալու տարբեր թե քաղաքական, թե քաղաքացիական խմբեր, ներգործություն ունենալով նաեւ քաղաքական գործընթացների վրա:

Իմիջիայլոց, այդ տրանսֆորմացիան ընթանալու է նաեւ այն պարագայում, եթե ներքաղաքական գործընթացում չկա կառավարման կամ պլանավորման արտաքին կենտրոն: Միեւնույն է, ներքին, թե արտաքին շարժառիթներով, այդուհանդերձ այն առաջ է բերելու ներհասարակական լուրջ վերափոխումների ալիք` թե հոգեբանության, թե մտածողության, թե վարքագծի առումով: Եվ դա թերեւս կարող է լինել ներկայիս գործընթացի հազվադեպ դրական էֆեկտներից մեկը, հասարակական-քաղաքական դաշտը հստակեցնելու, պարզաջրելու առումով:

Իսկ բուն քաղաքական պայքարի տեսանկյունից այն առայժմ ընթանում է իշխանությանը ձեռնտու հունով: Նախ, սառեցվել է սոցիալական դժգոհության հնարավոր պայթյունը, ինչը չափազանց մեծ հավանականության էր հասել փետրվար-մարտ ամիսներին: Երկրորդ` իշխանությունը կարողացել է իր համար բավական շահավետ իմիջ ձեւավորել միջազգային կառույցների եւ արեւմտյան տերությունների մոտ, ստանալով նրանց “օրհնանքը”: Երրորդ, ձգվում է մինչեւ հերթական ընտրություն այդքան անհրաժեշտ ժամանակը: Չորրորդ, Սերժ Սարգսյանը կարողանում է երկխոսության գործընթացում ընդդիմությանը պարտադրել մանրուքներ, որոնք զգալիորեն ցնցում են ընդդիմության սկզբունքայնության պատերը` էապես նվազեցնելով ընդդիմության այսպես ասած կարգը: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը Կոնգրեսին փաստացի ստիպեց բանակցել կոալիցիայի` այդ թվում ՕԵԿ անդամների հետ, եւ դա դեռ քիչ էր` ստիպեց նաեւ այդ բանն անել Հանրային խորհրդում: Այդ ամենը նկատելի եւ շոշափելի հարված է ընդդիմության “որակավորմանը”:

Ընդդիմությունն իհարկե ասում է, որ իշխանությանն ինքն է մղել երկխոսության եւ այն, որ իշխանությունը “խունջիկ-մունջիկ” գալով այդուհանդերձ նստում է Կոնգրեսի հետ բանակցության, դա իր հմուտ ռազմավարության արդյունքն է: Գուցե: Բայց այստեղ իրավիճակի նրբությունն այն է, որ այդ արդյունքն աշխատում է հենց Կոնգրեսի դեմ, եւ աշխատելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը չի համաձայնել արտահերթ ընտրության:

Անկասկած, Հայաստանում իրավիճակն այնքան մեծ ներքին անկայունություն եւ անկանխատեսելիություն ունի, որ ցանկացած պահի հնարավոր է կտրուկ լարում: Այդ առումով, Կոնգրեսի համար փաստարկ է այն, որ եթե իշխանությունը չգնա հիմնարար զիջման` չհեռանա, ապա Կոնգրեսը կգնա կտրուկ ճանապարհով եւ սոցիալական ապստամբությունը սառեցնելու փոխարեն, էլ ավելի կթեժացնի:

Տեսականում դա իհարկե հնարավոր է: Գուցե նույնիսկ գործնականում է դա հնարավոր, ինչի վկայությունն էր օրինակ փետրվար-մարտը, երբ Կոնգրեսի հանրահավաքները թերեւս հենց Կոնգրեսի համար անսպասելի մարդաշատ էին լինում, ընդ որում աճման միտումով:

Բայց, թերեւս հատկանշական է, որ այդ պարագայում ավելի շատ հանգամանքներն էին նպաստում մարդաշատությանը, այդ թվում նաեւ արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները: Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք երկխոսությունն առավելագույնն էր, որ Կոնգրեսը կարող էր քաղել այդ հանգամանքների հաջող դասավորությունից: Եթե ոչ, եթե հնարավոր էր ավելին, ապա ինչու ավելի չքաղվեց` չկարողացա՞վ Կոնգրեսը, թե՞ չուզեց, կամ չհամարձակվեց: Իսկ եթե ավելին հնարավոր չէր, ապա Կոնգրեսն ի՞նչ երաշխիք ունի, որ եթե իշխանությունն ինչ որ փուլում այլեւս չունենա երկխոսության կարիքն ու լիակատար մերժի Կոնգրեսին, հնարավոր կլինի գնալ կտրուկ ճանապարհով:

Առավել եւս, որ իշխանությանն այդ ժամանակը պետք էր այդ կտրուկ ճանապարհի հիմնական նախադրյալները չեզոքացնելու համար, այդ թվում հենց Կոնգրեսի որակավորումն “իջեցնելու”:

Արդյոք այդ ամենը ենթադրում է, որ Կոնգրեսը պետք է գնար ավելի կտրուկ գործողությունների, ավելի ագրեսիվ պայքարի: Այդ հարցին իհարկե դժվար է պատասխանել, բայց խնդիրը թերեւս պայքարի ագրեսիվությունը չէ, այլ ընդամենը հանրության հնարավորինս լայն շերտերի համար սեփական գործողությունների բացատրելիության “տոկոսը”: Դանդաղ, թե արագ, կտրուկ, թե հանդարտ, արդյունավետությունը կախված է մի կարեւոր բանից` հասարակական հնարավորին լայն աջակցություն, ինչն ապահովվում է միայն գործընթացի հասարակական հնարավորին լայն հասկացվածությունից: Ներկայում կա հենց այդ խնդիրը, որովհետեւ գործընթացն աստիճանաբար ոչ թե ավելի հասկանալի, այլ ավելի ծիծաղելի է դառնում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: