Wednesday, July 20, 2011

Թուրքիան իսրայելցի զբոսաշրջիկներին կրկին իր երկիր բերելու համար Թել-Ավիվում գովազդային ակցիաներ է սկսել

News.am. 20-7-2011- Թուրքիան փորձում է հետ բերել իսրայելցի զբոսաշրջիկներին, ովքեր նախորդ տարի «Մավի Մարմարա»-ի հետ կապված իրադարձություններից հետո հրաժարվեցին այցելել Թուրքիա։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի վարչության Թել Ավիվում գտնվող ներկայացուցչությունը սկսել է իսրայելական առաջատար տուրօպերատոր Flying Carpet-ի հետ գովազդային արշավ իրականացնել՝ իսրայելցիներին կրկին Թուրքիա բերելու համար:
Ամբողջ Իսրայելի տարածքում աշխատող հասարակական ավտոբուսների վրա տեղադրվել են «Թուրքիան ողջունում է ձեզ» գովազդային պաստառները։ Հայտնի է, որ հաջորդ քայլով կսկսվի նաեւ հեռուստագովազդների փուլը, որտեղ իսրայելցիներին կհրավիրեն իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում:
Նշենք, որ 2010-ի մայիսի 31-ից հետո, երբ տեղի ունեցան «Մավի Մարմարա» նավի հետ կապված դեպքերը, որի ընթացքում սպանվեց 9 թուրք, իսրայելցի տուրիստները բոյկոտեցին Թուրքիան։ Այս ընթացքում Թուրքիա այցելող իսրայելցիների քանակը կրճատվել է 60 տոկոսով։

No comments: