Thursday, July 28, 2011

Դեմոկրատական պայքարի օրակարգը

Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007 թ. սեպտեմբերի 21-ի իր ելույթի ժամանակ մասնավորապես նշեց, որ Հայաստանում հաստատվել է «վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգ ու կանոնով: Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ… Ուրեմն այսօր խնդիրը այս համակարգը կազմաքանդելու, այս համակարգից ազատվելու խնդիրն է»: Ըստ էության, Հայաստանի քաղաքական ռեժիմին (որը, ի դեպ, անվանվեց ավազակապետական) տրված հենց այս գնահատականով Լեւոն Տեր-Պետրսյանն իր շուրջը համախմբեց այդ գնահատականները կիսող հանրությանը, որի արդյունքում բողոքի մեծ ալիք բարձրացվեց` լուրջ խնդիրներ առաջացնելով իշխանությունների համար:
2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո համաժովրդական շարժման հիմքի վրա ձեւավորվեց Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ), որի ստեղծման պատճառներից մեկը Կոնգրեսի հռչակագրում ամրագրված հետեւյալ միտքն է` «Իշխանությունը Հայաստանում վերստին բռնազավթված է հանցավոր վարչախմբի կողմից, եւ որ ընտրակեղծիքներն այս անգամ ուղեկցվել են ժողովրդի դեմ իրագործված բիրտ ոճրագործությամբ»: Այսինքն, ՀԱԿ հիմնադիրները փաստել են, որ Հայաստանում գործող, իրենց բնորոշմամբ, ավազակապետական ռեժիմը վերարտադրվել է եւ ի հավելումն` իր ուսերի վրա է կրում մարտի 1-ի ոճրագործության բեռը:

Այժմ, երբ սկսվել է իշխանություններ-ՀԱԿ ֆորմալ երկխոսությունը, ՀԱԿ-ը հաճախ հայտարարում է, որ Հայաստանում կա քաղաքական, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, իսկ այդ ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհն արտահերթ ընտրություններն են: Սկսված երկխոսությունն էլ, ըստ ՀԱԿ-ի, պետք է ծառայի այդ քաղաքական ճգնաժամի լուծմանը` արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությունների հանգելու միջոցով: Սակայն, եթե ՀԱԿ-ը պնդում է, որ Հայաստանի վարչակազմի հարաբերությունները կարգավորվում են «գողական աշխարհի կարգ ու կանոնով», ռեժիմը մաֆիոզական է, հանցագործ է եւ այլն, ապա բնական է, որ հենց այս հանգամանքը պետք է լինի ՀԱԿ-ի արտահերթ ընտրություններին հասնելու ձգտումի միակ պատճառը, հիմնավորումը: Եթե, օրինակ, Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը լիներ նույնքան հարաբերական բարվոք, որքան նացիստական Գերմանիայում էր, կամ նույնիսկ ներկայիս Չինաստանում, ապա տրամաբանական է, որ ՀԱԿ-ը չպետք է «մեղմացներ» իր պահանջները եւ փոխեր իր հիմնական նպատակները:

Ըստ այդմ, Հայաստանում դեմոկրատական ընդիմությունը, եթե ներկայիս վարչակարգը շարունակում է որակել որպես ավազակապետական, տրամաբանական է, որ ոչ թե քաղաքական ճգնաժամի վերացման թեզը պետք է դիտարկի որպես արտահերթ ընտրությունների հիմնավորում, այլ` ներկայիս ռեժիմի դե ֆակտո հակադեմոկրատական բնույթը: Դա նաեւ կարող է ի չիք դարձնել իշխանությունների` ռեժիմի բնույթի փոփոխությանը չվերաբերող առաջարկների ներկայացման իրավաչափությունը, ինչպես նաեւ հիմնավոր կերպով պաշտպանել Կոնգրեսին պայքարից հրաժարվելու մեջ իր հասցեին ուղղվող մեղադրանքներից:

Հարկ է նշել նաեւ, որ այս պարագայում վերոնշյալ երկխոսության ժամանակ ընդունելի կլինի արդար եւ թափանցիկ արտահերթ ընտրությունների պահանջին հասնելուն նախորդող հարցերի շրջանակում ընդգրկել ոչ թե սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ, այլ միայն այնպիսիք, որոնք կտրուկ կարող են փոխել իրավիճակը իրավահասարության, օրենքի գերակայության, ինքնիշխանության առումով: Այդպիսի խնդիր կարող է համարվել օրինակ, Հ1-ն իրական հանրային հեռուստատեսություն դարձնելը, անկախ հեռուստաընկերություններին կապուղի տրամադրելը եւ այլն: Որպես առաջին քայլ կարող է քննարկվել օրինակ, Հանրային հեռուստաընկերությամբ «փրայմ թայմ» ժամերին ամեն օր ազատ ամբիոն տրամադրելը հավասարաչափ բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին, ընդդիմադիր ուժերին: Եթե այդ պահանջը կատարվի, ապա հանուն ժողովրդավարության պայքարի տրամաբանության տեսակետից դա շատ լուրջ ձեռքբերում կդիտվի:

Էդգար Վարդանյան, ՌԱՀՀԿ փորձագետ

No comments: