Tuesday, July 19, 2011

Հայ-քրդական “պատերազմ”

«Լրագիր» 19-7-2011- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիայում հանդիպել է ընդդիմադիր “Ժողովրդահանրապետական” ու քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցությունների ղեկավարության հետ:
Հետաքրքիր է, որ Քլինթոնի Թուրքիա կատարելիք այցից մի քանի օր առաջ երկրում ակտիվացել էին թուրք-քրդական բախումները: Դիարբեքիրում քրդերի կողմից 13 թուրք ոստիկան էր սպանվել, որը ողջ Թուրքիայում հակաքրդական ալիք էր բարձրացրել: Ընդ որում, Թուրքիան քրդերին աջակցելու համար մեղադրում է ԱՄՆ-ին, չնայած, որ Հիլարի Քլինթոնը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք չեն աջակցում քուրդ անջատոողականներին:
Հետաքրքիր է, որ հարևան Սիրիայում Թուրքիային մեղադրում են ապստամբներին աջակցելու մեջ, որոնք պայքարում են Բաշար Ասադի վարչակարգի դեմ: Իր հերթին, Արևմուտքը մեղադրում է Իրանին Ասադին աջակցող խմբավորումներին աջակցելու մեջ: Թուրքիան “հոգատար կերպով” ընդունում է սիրիացի փախստականներին, որոնք հիմնականում քրդեր են:

Արդյոք Քլինթոնի հանդիպումը քրդական կուսակցության հետ նշանակում է լուռ համաձայնություն քրդերի անկախությանը, ովքեր Քլինթոնի այցի նախօրեին Դիարբեքիրում ինքնավարություն են հայտարարել: Արդյոք սա քրդական Իրաքի, Թուրքիայի, Սիրիայի, Իրանի տարածքում քրդական պետություն հիմնելու հայտնի նախագծի իրականացումն է: Հնարավոր է, որ դա Միջին Արևելքում ընթացող գործընթացների հիմնական խնդիրներից մեկն է: Եվ Թուրքիան զուր չէ անհանգստանում քրդերի ակտիվացմամբ. եթե ԱՄՆ-ն իրոք աջակցում է քրդերին, ապա երկրի մասնատումը իրականություն է դառնում: Այդ պատճառով, թուրքական կառավարությանն ավելի ձեռնտու է աջակցել քրդերի ինքավարության իրավունքին` այդպիսով “բավարարելով” նրանց անջատողական նպատակները:
Թուրքագետ Արտակ Շաքարյանն ասում է, որ Թուրքիայի վերջին խորհրդարանական ընտրությունների յուրահատկությունն այն էր, որ 35 քուրդ պատգամավոր է ընտրվել: “15 տարի առաջ Թուրքիայում արգելված էր նույնիսկ “քուրդ” բառն արտասանել, իսկ այսօր քրդերը ներկայացված են խորհրդարանում: Կարծում եմ, որ ապագայում Էրդողանի ամենահավանական գործընկերները այս կամ այն օրինագծի ընդունման գործում կդառնան քրդերը”:
Հետաքրքիր է, որ քրդերը, որոնց անկախական ձգտումներին հնարավոր է, որ աջակցում է Արևմուտքը, իսկ Թուրքիան այնքան էլ չի դիմադրում ինքնավարություն ստեղծելուն, ապրում են Արևմտյան Հայաստանի տարածքում: Քրդերի պայքարը տեղի է ունենում այդ տարածքներում հայերի ցեղասպանության հարցի միջազգային ակտիվացման ֆոնին, որն իրականացվել է թուրքերի ու քրդերի կողմից: Միջազգային կառույցներում արդեն բաց խոսում են վտարված հայերին նյութական փոխհատուցում տրամադրելու եւ ռեստիտուցիայի մասին: Սակայն հայերը (չնայած որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջներ չի ներկայացնում Թուրքիային) ձգտում են տարածքային փոխհատուցման և չեն կորցնում Արևմտյան Հայաստան վերադառնալու հույսը:
Արևմտյան Հայաստանում քրդերի ինքնավարության ստեղծումը կարող է շահավետ լինել թուրքական կառավարությանը, որն այդ ձևով կարող է հայերի պահանջներն ուղղել քրդերի վրա, որոնք արդեն 100 տարի է ապրում են այդ տարածքներում: Քանի որ եթե թուրքերին պետք լինի ընտրել հայերի ու քրդերի միջև, նրանք կընտրեն քրդերին: Եվ այդ ժամանակ հայերը պետք է կռվեն քրդերի դեմ:

Նաիրա Հայրումյան

No comments: