Tuesday, July 19, 2011

Թուրքիա–ԵՄ հարաբերությունները սառելու են. Էրդողան

Tert.am. 19-7-2011- Երբ Կիպրոսը ստանձնի ԵՄ նախագահությունը, Թուրքիա–Եվրամիություն հարաբերությունները սառելու են։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Կիպրոսի թուրքական հատվածի լրագրողների հետ հանդիպամ ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Երբ Կիպրոսի հունական հատվածը ստանձնի ԵՄ նախագահությունը, մենք նրանց հետ չենք բանակցելու։ Դրա մասին խոսք անգամ լինել չի կարող։ Եվրամիության հետ հարաբերությունները կսառեն։ Մենք չենք բանակցի մի երկրի հետ, որին չենք ճանաչում»,– ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
«Եթե Կիպրոսի հարավային հատվածը ձգձգի կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացը և 2012թ. միակողմանիորեն ստանձնի ԵՄ նախագահությունը, Թուրքիա–ԵՄ հարաբերությունները կխցանվեն։ Մենք չենք կարծում, թե նման պայմաններում հնարավոր կլինի Եվրամիության հետ շարունակել հարաբերությունները»,– ասել էր Դավութօղլուն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու է Կիպրոսի թուրքական հատված։

No comments: