Wednesday, July 27, 2011

Փորձագետ. Թուրքիան փորձում է պարտադրելու ճանապարհով ստիպել Հայաստանին զիջումների գնալ

News.am. 26-7-2011- Թուրքիան մեծ հաշվով սկզբունքային փոփոխություն չի մտցրել Հայաստանի հանդեպ իր արտաքին քաղաքականության մեջ։ Հուլիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ ավելացնելով, որ Թուրքիան պատրաստ չէ եւ չի ցանկանում որեւէ փոփոխություն մտցնել հայ-թուրքական հարաբերություններում։
«Միաժամանակ ԱՄՆ-ին ցույց տալու համար, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է շարժվում, Անկարան իմիտացիոն PR բնույթի քայլեր է անում։ Սրանով Թուրքիան միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ այս ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»,- նկատեց թուրքագետը։
Հարցին, թե ի՞նչն է Թուրքիային խանգարում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, Սաֆրաստյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Թուրքիային որեւէ բան է խանգարում, պարզապես ներկայումս Անկարայի համար ավելի կարեւոր են իր դիրքերը Միջին եւ Մերձավոր Արեւելքներում»։
Սաֆրաստյանի կարծիքով, անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից՝ Էրդողանի կառավարությունը շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ «Թուրւքիայի ներկայիս կառավարությունը շարունակում է քաղաքական այն գիծը, որն սկսվել է դեռ 20 տարի առաջ. պարտադրելու ճանապարհով ստիպել Հայաստանին զիջումների գնալ»։

No comments: