News.am. 21-7-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գեղեցիկ հեքիաթ է պատմել հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` ասելով թե հայերը «մի օր կարող են գալ, տուն գնել եւ տեղավորվել» իրենց պատմական հայրենիքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի՝ հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը:
«Դավութօղլուն իր ելույթում եւս մեկ անգամ ընդգծեց իր խոսքերի սնանկությունը: Լուրջ, իրեն հարգող արտգործնախարարը նման զավեշտալի հայտարարություն չէր կարող իրեն թույլ տալ, քանի որ դիվանագետին պատիվ չի բերում «մի օր» անորոշ ժամկետով խոսելը:
Այսպիսով նա վերահաստատում է, որ հայերը այժմ չեն կարող մտածել իրենց պապենական հողերը վերադառնալու մասին: Այլապես նա Թուրքիա այցելած հայերին վեհանձնորեն կառաջարկեր` կարող եք հիմա էլ այցելել ու հաստատվել ձեր պապերի հողում»,-նշեց թուրքագետը:
Նրա խոսքով` Դավութօղլուն այսպիսով ազդարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացի վերաբերյալ որեւէ ասելիք չունի եւ մտադրություն անգամ չունի այդ ուղղությամբ որեւէ առարկայական քայլ իրականացնել:
«Ժողովրդական արժեքներից խոսող երկրի արտգործնախարարը երեւի մոռացել է այն խայտառակ օրենքը, որն արգելում է տեղահանվածներին, ցեղասպանության ենթարկվածների ժառանգներին վերադառնալ իրենց երկիր: Ավելին, Թուրքիայի Սահմանադրական դատարանը ձայների մեծամասնությամբ օրերս մերժեց ազգությամբ ասորի հայցվորին, ով դիմել էր դատարան՝ իր ազգանունը փոխելու համար:
ՍԴ-ն մերժումը հիմնավորեց 1934-ին ընդունված ազգանունների մասին օրենքով, որով արգելվում է Թուրքիայի ազգությամբ ոչ թուրք քաղաքացիներին կրել իրենց էթնիկ ազգանունները»,-նկատեց Իսպիրյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Դավութօղլուի՝ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպելու փաստը, թուրքագետն արձագանքեց, թե քանի որ հայ-թուրքական հարաբերությունները խորը սառեցման փուլում են եւ որեւէ գործընթաց այդ ուղղությամբ տեղի չի ունենում, Թուրքիան փորձում է կրկին դիմել իմիտացիոն քաղաքականությանը:
«Քանի որ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնն իր՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ կրկին արծարծեց հայ-թուրքական հարաբերությունների հարցը, ուստի Թուրքիան փորձեց ժեստ անել եւ ձեւի համար որոշեց հանդիպել հայ հանրույթի ներկայացուցիչների հետ՝ նրանց պատմելով գեղեցիկ հեքիաթ՝ հայրենիք վերադառնալու մասին: Այդ հանդիպման մեջ որեւէ լուրջ բան փնտրել պետք չէ»,-նկատեց թուրքագետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի տնտեսական քաղաքականությունների հիմնադրամի (TEPAV) հրավերով Թուրքիա մեկնած հայաստանյան 5 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ օրերս հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` ՀԿ-ներից մեկի ղեկավար Աղավնի Կարախանյանը Դավութօղլուին ասել է, թե իր նախնիներն Էրզրումից են եւ ինքը ցանկանում է տեսնել այդ վայրերը, ինչին ի պատասխան Դավութօղլուն ասել է. «Մի օր կարող եք գալ, տուն գնել եւ տեղավորվել»:
Մոտ 45 րոպե տեւած հանդիպման ընթացքում քննարկում է եղել Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment