Wednesday, July 20, 2011

Մեջլիսում Մահմուդ Ահմադինեժադին հարցաքննելու հարցն ամբողջությամբ փակված է

Panorama.am. 20-7-2011- ԻԻՀ Մեջլիսում նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հարցաքննության կանչելու հարցն ամբողջությամբ փակված է, և լրատվամիջոցները չպետք է շահարկեն այդ թեման:
Այդ մասին իրանական «Ջահան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Մեջլիսի նախագահության անդամներից մեկը:
«Մահմուդ Ահմադինեժադին Մեջլիսում հարցաքննության կանչելու մասին նախագծի հեղինակները կամ իրենց ստորագրություններն են հետ վերցրել, կամ այլևս հետամուտ չեն իրենց կողմից առաջ քաշված խնդրին, հարցաքննության մասին հարցը փակված է և այլևս չպետք է դրան անդրառնալ»,- նշել է իրանցի խորհրդարանականը:
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 28-ին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ներքաղաքական մի շարք խնդիրների առնչությամբ հարցաքննելու նպատակով Մեջլիսի 100 պատգամավորների ստորագրությամբ հարցաքննության նախագիծ էր մշակվել և ներկայացվել Մեջլիսի նախագահություն:
Հավելենք, նաև, որ հարցաքննության վերաբերյալ նախագիծը ներկայացնելուց օրեր առաջ Մեջլիսը 137 դեմ, 87 կողմ և 23 ձեռնպահ ձայներով հավանություն չտվեց սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայացրած թեկնածուին` Սեյյեդ Համիդ Սաջջադիին:

No comments: