Tuesday, July 19, 2011

Ղարաբաղյան նոր պատերազմի մեջ կարող են ներքաշվել Ռուսաստանը, Թուրքիան եւ անգամ Իրանը. ՄՃԽ

News.am. 18-7-2011- Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմը կարող է տեղի ունենալ ոչ միայն Ղարաբաղում, այլեւ դրա սահմաններից դուրս: Պատերազմը վտանգավոր կլինի նրանով, որ նրա մեջ կարող են ներքաշվել Ռուսաստանը, Թուրքիան եւ անգամ Իրանը եւ դա շատ մտահոգիչ հանգամանք է: Այս մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասյան ծրագրի տնօրեն Լոուրենս Շիթսը` «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում:
Հարցին, թե ինչպիսի՞ն են առաջիկայում ԼՂ խնդրի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու հնարավորությունները, Շիթսը պատասխանել է. «Չնայած մենք շատ քիչ տեղեկություն ունենք այն մասին, թե ինչ է Կազանում տեղի ունեցել, բայց այս իրավիճակում կարելի է ասել, որ կազանյան հանդիպումը չհանգեցրեց շոշափելի արդյունքների: Հուսանք, որ ինչ-որ բան կփոխվի, եւ որ առաջիկայում առաջընթացի հասնելու հույսերը չեն սպառվի»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ըստ փորձագետի, դժվար թե Ռուսաստանին քարտ-բլանշ էր տրվել: «Ռուսաստանի ակտիվությունը բացատվում է այլ հարցերով, որոնք վերաբերում են մի կողմից ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերություններին, մյուս կողմից` Ռուսաստանի: Ռուսաստանի ակտիվությունը նաեւ կապված է այն հանգամանքի հետ, որ վերջինս շատ լավ գիտի այս տարածաշրջանը, մարդկանց, որոնք դուրս են եկել Խորհրդային Միությունից»,- նշել է նա:

Այնուհետեւ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործւնեության արդյունավետությանը, Շիթսն ասել է. «Եթե մոտ ժամանակներում Մինսկի գործընթացից արդյունքներ չլինեն, ապա, բնականաբար, կդրվի հակամարտությունը այլ միջոցներով կամ ֆորմատներով լուծելու հարցը: Ինչ վերաբերում է Եվրամիության ակտիվությանը, ապա դա պետք է ողջունել: Այդ ակտիվությունը բացատրվում է պատերազմի հնարավոր վերսկսման մտահոգությամբ` այն պատճառով նաև, որ նոր պատերազմն ամենայն հավանականությամբ առավել մասշտաբային բնույթ կունենա, քան նախորդը»:

Մադրիդյան սկզբունքների մասով էլ, հավելել է. «Դեռևս վաղ է խոսել Մադրիդյան սկզբունքների թաղման մասին: Բայց շատ հավանական է, որ շատ շուտով (հնարավոր է` ոչ այսօր, ոչ էլ վաղը) անհրաժեշտ կլինի շարունակել հակամարտության կարգավորումը այլ հայեցակարգերով»:

No comments: