Saturday, July 23, 2011

Ղարաբաղյան հիմնախնդիրը խոչընդոտում է ադրբեջանա–ամերիկյան հարաբերությունների ընդլայնմանը. FPJ

Tert.am. 22-7-2011- Ղարաբաղյան հիմնախնդիրը խոչընդոտում է ԱՄՆ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանն ու վտանգ ներկայացնում ռազմավարական գործընկերության համար։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ–ն, գրում է ամերիկյան Foreign Policy Journal-ը։
«Մեծ խաղադրույք կասպյան էներգետիկ խաղում» խորագրով հոդվածի հեղինակներ Դենիել Վագներն ու Լուկա Կոստան վերլուծել են Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի առնչությամբ Ադրբեջանի որդեգրած էներգետիկ քաղաքականությունը։
Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ մի շարք ծրագրերի կյանքի կոչումը հիմնականում կախված է Ադրբեջանից և էներգետիկ ռեսուրսներով հարուստ տարածաշրջանի մյուս պետություններից։
«Ամերիկան և Եվրոպան ոչինչ չեն կարողանում ձեռնարկել խողովակաշարը գազով լցնելու ուղղությամբ։ Բացի այդ, ներկա պահին Վաշինգտոնի և Բաքվի միջև հարաբերություններն այնքան էլ լավ չեն։ Բաքուն ԱՄՆ–ին ցույց տալու համար, որ ինքը վստահելի գործընկեր է, մեծ կապիտալ է ներդրել։ Սակայն այդ տարածաշրջանը ներառված չէ Օբամայի վարչակազմի՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում։ Բացի այդ, Բաքուն չի ցանկանում համակերպվել Միացյալ Նահանգների՝ ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ ունեցած հայամետ դիրքորոշման հետ։ Բաքվի համար ղարաբաղյան հակամարտությունը երկրորդական հարց չէ։ Այն արմատական և պատվի հարց է։ Ղարաբաղյան հիմնախնդիրը խոչընդոտում է ԱՄՆ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանն ու վտանգ ներկայացնում ռազմավարական գործընկերության համար»,– գրում են Վագներն ու Կոստան՝ ընդգծելով, որ եթե Վաշինգտոնն ընդհանուր լեզու չգտնի Բաքվի հետ, կարող է տանուլ տալ Մոսկվայի հետ տարածաշրջանային ազադեցության համար պայքարը։

No comments: