Thursday, July 28, 2011

Freedom House. Ադրբեջանում հնարավոր է «արաբական հեղափոխություն» լինի

News.am. 27-7-2011- ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում հիմնարար ազատությունների շուրջ ստեղծված վիճակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Թումաս Մելիան՝ Կոնգրեսի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի «Արեւելյան Եվրոպա. Ազատության եւ ժողովրդավարության վիճակը» թեմայով լսումների բացման արարողության ժամանակ, հաղորդում է contact.az։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանում խիստ սահմանափակված է խաղաղ ընտրությունների ճանապարհով իշխանությունը փոխելու քաղաքացիների իրավունքները։
«Ընդդիմադիր ակտիվիստներ Բախտիյար Հաջիեւի, Ջաբար Սավալանի եւ Վիդադի Իսքանդերովի ձերբակալությունները քաղաքական բնույթ ունեն։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի իշխանությունից պահանջել, որ նրանք այս եւ հարանման խնդիրները լուծեն իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն։ Բացի դրանից, Բաքուն պետք է թույլատրի Ադրբեջանում աշխատանքը շարունակել ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտին, Մարդու իրավունքների տանը, եւ թույլատրի «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հեռարձակել տեղական հաճախություններով»,-ընդգծել է Մելիան։

Freedom House իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Դեյվիդ Կրամերը նշել է, որ «արաբական հեղափոխությունները» հնարավոր է կրկնվեն Մինսկում, Մոսկվայում եւ Բաքվում, իսկ Ազգային ժողովրդավարության աջակցության հիմնադրամից Նադյա Դյուկը նշել է, որ չնայած երկու բլոգերներին ազատ արձակելու հանգամանքին, Ադրբեջանի իշխանությունները շարունակել են քաղաքական ակտիվիստների ձերբակալությունները։ Նա նշել է, որ Ադրբեջանի հետ համեմատ Հայաստանում ընդդիմությունը հնարավորություն ունի բազմահազարանոց միտինգներ անցկացնել, իսկ 2008 թ. ձերբակալված քաղաքական բանտարկյալները ազատ են արձակվել։

No comments: