Tuesday, August 16, 2011

Բագրատունյաց Անին 1050 տարեկան է. «Իմ Անին» կցուցադրվի Ակադեմիայում

Panorama.am. 16-8-2011- Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակման 1050-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում օգոստոսի 26-ին Գիտությունների Ազգային ակադեմիայում ցուցադրվելու է «Իմ Անին» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմը պատրաստել է «Ազդ փրոդաքշն»-ը, պրոդյուսերը և ռեժիսորը Հայկ Հարությունյանն է, սցենարիստը՝ Թեհմինե Հայրումյանը:
Ֆիլմը ներկայացնում է հայոց երբեմնի շքեղ մայրաքաղաք Անիի պատմությունը: Ֆիլմի իրականացմանը որոշ չափով օժանդակել է Սփյուռքի նախարարությունը. նկարահանումների մեկնարկը համընկել է Անիի 1050-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրի ազդարարմանը:
Հայոց հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Անիի մասին ճշմարտությունը ֆիլմում պատմում է Անի անունով աղջիկը: Վավերագրական կինոնկարն ունի նաև խաղարկային մասեր, ներկայացվում է հայ պատմագրության հավաստի և գիտականորեն հիմնավորված փաստերի վրա կազմված մենագրություն: Ֆիլմում եռաչափ անիմացիայի միջոցով Անիի տաճարներն ու եկեղեցիները, ամրոցներն ու պարիսպները, ճարտարապետությունը ներկայանում է իրական` վերականգնված տեսքով:
Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակման 1050-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար Հայաստանում դեռ նախորդ տարի ստեղծվել է հանձնաժողով, որը ղեկավարում է ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

No comments: