Saturday, August 20, 2011

Ժիրայր Սեֆիլյանը ՀԱԿ 7 երիտասարդներին հրավիրում է հրապարակային զրույցի

Panorama.am. 19-8-2011- «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Հայ Ազգային կոնգրեսի 7 երիտասարդների անունից տարածված հայտարարությունը և ասաց. «Այս ռեժիմից մեզ հաջողվելու է ձերբազատվել տարաբնույթ քաղաքացիական դիմադրող օջախների համագործակցության շնորհիվ։ Այս ընթացքում շատ կարևոր է ռեժիմի կողմից հալածվող քաղաքացիների պաշտպանության գործում մեր միակամությունը, անկախ քաղաքական տարաձայնություններից»:
Նա պնդեց, որ «Սարդարապատ» շարժումը տեր է իր տարածած հայտարարության մեջ ասված յուրաքանչյուր խոսքին, «ներառյալ ՀԱԿ-ի ղեկավարությանը քննադատությանը»: «Այդ առիթով ձեր միջոցով 7 երիտասարդներին հրավիրում եմ հրապարակային զրույցի, որ ամեն ինչ հստակ լինի ու քաղաքակիրթ ձևով փորձենք իրար հասկանալ», -հավվելեց Սեֆիլյանը` միաժամանակ ցանկություն հայտնելով, որ անազատության մեջ գտնվող մյուս երեք երիտասարդները ազատ արձակվեն:

Հարցին, թե երիտասարդների հայտարարությունը արդյո՞ք նրա կարծիքով ՀԱԿ-ի պատասխանն էր «Սարդարապատ»-ին, Սեֆիլյանը պատասխանեց այսպես. «Խնդրում եմ, բավարարվենք իմ ասածով, ավելի մանրամասն երևի եկող օրերին առիթ կլինի, կխոսենք»:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 12-ին «Սարդարապատ» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել էր երիտասարդների հանդեպ օգոստոսի 9-ին կատարվածը և քննադատել ՀԱԿ-ին. «Դեռևս չբացահայտված, և վստահաբար կարելի է ասել այս ռեժիմի օրոք երբևէ չբացահայտվող Մարտի 1-ի հանցագործ պատասխանատուների հետ բանակցող և որևէ ակնկալիք տեսնող անձը և ուժերը օգոստոսի 9-ին ստացան հերթական շռնդալից ապտակը բանակցող կոալիցիայից: Իրենց ստրկամիտ և վախկոտ կեցվածքը ընդդիմադիր կոչվող ուժերը ոստիկանների ապօրինությունները փորձում են հիմնավորել նաև հանրապետությունից Սերժ Սարգսյանի բացակայությամբ և ինչ-որ աներևույթ ուժերի կողմից այսպես կոչված քաղաքական բանակցային գործընթացը ձախողելու փաստով»:
Այնուհետև օգոստոսի 17-ին օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպին մասնակից ՀԱԿ 7 երիտասարդները հանդես եկան պատասխան հայտարարությամբ ու իրենք էլ իրենց հերթին քննադատեցին «Սարդարապատ» շարժմանը` նշելով. «…Վախկոտ ու ստրկամիտ են նրանք, ովքեր քաջության մասին հիշում են միայն հարցազրույցներում և հայտարարություններում ու պատահական չէ, որ նման մարդկանց շուրջ հավաքվածների թիվը չի անցնում մեկ տասնյակը, ինչն ասվածի լավագույն ապացույցն է: Նախկին փորձը ցույց է տվել, որ որևէ լարված պահի ոչ Ժիրայր Սեֆիլյանին, ոչ էլ նրա «հեղափոխական» ընկերներին ոչ-ոք չի տեսնում դեպքի վայրում, ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց և ոչ էլ մի իրավիճակում, որտեղ բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա: Բայց մի բանում նրանք հետևողական են. միշտ ամենալարված քաղաքական պահերին, լինի դա հանրահավաքների նախօրեին կամ նման միջադեպերի ժամանակ Կոնգրեսին հարված հասցնել թիկունքից»:

No comments: