Saturday, August 13, 2011

Հայաստանից մեկնել և չի վերադարձել 89 345 ՀՀ քաղաքացի

Tert.am. 12-8-2011- Այս տարվա առաջին կիսամյակում արտասահման է մեկնել 458 098 ՀՀ քաղաքացի, Հայաստան է եկել 368 753 ՀՀ քաղաքացի: Բացասական հաշվեկշիռը կազմել է 89 345: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում այս տարվա առաջին վեց ամիսներին հաշվառվել է 16 238 մարդ, հաշվառումից դուրս է եկել 17 831 մարդ, միգրացիայի բացասական մնացորդը 1593 մարդ է: 2010 թվականի բացասական հաշվեկշիռը եղել է 1546, և, ըստ Կույումջյանի, հարաբերական ցուցանիշը պահպանվել է:
«Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ սրանք միայն գրանցված տվյալներն են, այսինքն կան մարդիկ, ովքեր իրենց մեկնումն ու ժամանումը չեն գրանցում, էլեկտրոնային համակարգով ներկայացվում է նաև բոլոր սահմանային անցակետերով կատարված ելքերն ու մուտքերը,- հաղորդեց նա՝ ներկայացնելով էլեկտրոնային գրանցման տվյալները.- Դեպի ներս գրանցվել է 754 371 սահմանահատում, դեպի դուրս՝ 821 644: Բացասական հաշվեկշիռը 67 273 է»:
Բնական և մեխանիկական ցուցանիշների ազդեցությամբ բնակչության մշտական թվաքանակի ցուցանիշը 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3.266.400 մարդ։ Տարեսկզբի նկատմամբ այդ ցուցանիշն աճել է 3800 մարդով, իսկ 2010թ. հուլիսի համեմատ՝ մոտ 11 000 մարդով։

No comments: