Saturday, August 13, 2011

“Ոստիկանաորսի արշավը”

Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը գտնում է, որ ոստիկանության դեմ կառավարվող արշավ է սկսել, որի նպատակն է ոստիկանությանը սադրել բախումների եւ վարկաբեկել համակարգը:
Ավելի վաղ նման հայտարարություններ է արել բանակի ղեկավարությունը: Այն բանից հետո, երբ հասարակայնությունը եւ լրագրողները սկսեցին խոսել բանակի բարքերի, “ինքնասպանությունների” պատճառների մասին, գեներալներն ու “հայրենասերները” սկսեցին խոսել այն մասին, որ բանակի դեմ արշավը ֆինանսավորում են Հայաստանի թշնամիները:
Եւս մեկ “արշավ” վերջերս իրականացվեց Հայ Առաքելական եկեղեցու, ավելի ճիշտ` նրա վերնախավի հանդեպ: Երիտասարդները սոցիալական ցանցերում պահանջում են կաթողիկոսի հրաժարական, եւ դա նույնպես միանգամից որակվեց որպես պատվիրված արշավ:
Դավադրության տեսության կողմնակիցները կարող են հայտարարել, որ ինչ որ մեկը հարվածում է մեր պետության հիմքերին` բանակ, եկեղեցի, հիմա էլ ոստիկանություն: Սակայն, հասկանալի է, որ կառավարվող արշավների մասին շշուկները տարածում են այդ համակարգերի պատասխանատուները, ովքեր չեն կարողանում հասկանալ, որ պատասխանատվությունը չի նշանակում ամենաթողություն:
Իրականում, հայկական պետականության հենասյուների դեմ “արշավները” համակարգային հիվանդության ախտանիշ են: Այն հայտնվում է մերթ մեկ, մերթ մյուս մարմնում, առաջացնելով նոպաներ: Մենք ցավազրկող ենք ընդունում, ժամանակավորապես թուլացնելով ցավը, սակայն հիվանդությունն ավելի է խորանում:
Եվ այն, որ “նոպայի” մասին խոսեց ոստիկանությունը, վկայում է, որ ճգնաժամն արդեն հասել է նյարդային համակարգին, որը իրար է կապում բոլոր օրգանները: Հայաստանի ոստիկանությունը կատարում է ոչ միայն Սահմանադրությամբ նախատեսված հասարակական կարգի պահպանության գործառույթը, այլեւ համարվում է իշխանության անպատժելիության երաշխավոր եւ պատժիչ մեխանիզմ, պաշտպանելով անօրինական սեփականությունը եւ այն խլելով ուրիշներից, համալրելով պետական ու ստվերային բյուջեն: Աշխատանքի նման “ճակատը” ոստիկանությունը դարձրել է ավելին, քան նախատեսում է սահմանադրությունը: Ոստիկանությունը հասարակության “ընտրյալ” մասին պաշտպանում է մյուսներից, եւ դա ազգային պետության մարմին չէ:
Եվ այն փաստը, որ ոչ ոք չգիտե, թե որտեղ է ոստիկանության ամենաթողության սահմանը, ջնջում է ցանկացած հարգանք, որ կարող է լինել իրավակարգի պահապանի հանդեպ: Ոստիկանին չեն հավատում, որովհետեւ նրանց մեծ մասին կարելի է “գնել”, վախեցնել:
“Ոստիկանաորսի” մասին Ալիկ Սարգսյանի հայտարարությունը խոսում է այն մասին, որ հասարակությունն ուզում է առողջանալ, ուզում է սահմանել յուրաքանչյուր մարմնի համար նրա գործառույթները, որպեսզի այն չմեծանա օրգանիզմի չափ եւ մետաստազներ չտա: Որպեսզի բանակը կռվի արտաքին թշնամու, ոչ թե խաղաղ ցուցարարների դեմ, որպեսզի երիտասարդներին բանակ զորակոչեն հայրենիքի եւ ոչ թե գեներալների հանդեպ պարտքը տալու համար, որպեսզի եկեղեցին իրեն չներկայացնի որպես Աստծո տեղապահ, ինդուլգենցիաներ չբաժանի թանկ նվերների համար, այլ ընդամենը քարոզի Աստծո խոսքը: Որպեսզի ոստիկանությունը պահպանի հասարակական կարգը, անկախ իրավախախտների քաղաքական նախասիրություններից եւ խախտում թույլ տված մեքենաների գնից:
Եթե նման “արշավները” ֆինանսավորվում են դրսից, ուրեմն փառք ու պատիվ “հովանավորներին”:
Նաիրա Հայրումյան

No comments: