Wednesday, August 17, 2011

«Ժառանգությունը» կրպակատերերի հարցով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Tert.am. 17-8-2011- «Քաղաքապետի բանավոր հրամանի հիման վրա թաղապետները սկսել են մի գործընթաց, երբ կրպակատերերին նույնպես բանավոր կերպով կամ ծանուցագրերով հայտնում են կրպակների ապամոնատժաման մասին»,– այսօրվա ասուլիսին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» կուսակցության խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ Պատգամավորը նկատեց, որ ամբողջ գործընթացը զուրկ է իրավական հիմքերից, թեև թաղապետարանի ներկայացուցիչները հղում են անում Երևանի քաղաքապետի՝ այսպես կոչված 342 144 հանձնարակականին։
«Կրպակատերը մշտապես խնդրել և շարունակում են ակնկալել, որպեսզի իրենց ներկայացվի մատնանշվող փաստաթուղթը, սակայն առ այսօր այդ պահանջը չի կատարվել»,–ասաց Զարուհի Փոստանջյանը։ Մինչդեռ, նրա փոխանցմամբ, ինքն անձամբ է ծանոթացել կրպակատերերի փաստաթղթերին, որոնք պատշաճ կարգով կնքված պայմանագրեր են՝ հողի օրինական վարձակալության կամ սեփականության իրավունքով։
«Բացի նրանից, որ կրպակների ապամոնտաժումն արվել է բանավոր հրամանի հիմքով, այդ ամենը ուղեկցվել է նաև ոստիականական միավորների, այդ թվում՝ կարմիր բերետավորների մասնակցությամբ»,–նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը՝ հավելելով, որ դրանում մեղքի որոշակի բաժին ունի ոստիկանության բարձրագույն ղեկավարությունը։
«Ըստ քաղաքապետի՝ Երևանում ապամոնտաժման ենթակա 3400 կրպակ կա։ Ես էլ համաձայն եմ, որ քաղաքը պետք է լինի գեղեցիկ, համապատասխանի Թամանյանի հատակագծով նախատեսված նորմերին, բայց քաղաքապետը պետք է հասկանա, որ դրանք ոչ միայն կրպակներ են, այլ այնտեղ աշխատող մարդիկ կան, իսկ հասարակության մի մեծ զանգվածի եկամուտից զրկելը սոցիալական լուրջ լարվածություն է առաջացնելու»,–շեշտեց Զարուհի Փոստանջյանը։
Միաժամանակ, պատգամավորը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցության կողմից առաջարկություն է արվել ԱԺ–ին՝ խնդրո հարցին նվիրված խորհրդարանական արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ։ Նա վստահեցրեց, որ զուգահեռաբար աշխատելու են խնդիրը բարձրաձայնել դատական բոլոր ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

No comments: