Tuesday, August 30, 2011

Հայերի ունեցվածքը վերադարձնելով՝ Թուրքիան շեղում է ուշադրությունը հայկական հարցից. քաղաքագետ

Tert.am. 30-8-2011- «Հայերի ունեցվածքը վերադարձնելու Թուրքիայի որոշումը հայկական հարցի շեղման փորձ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ ավելացնելով, որ հայերին և նրանց ունեցվածքը ոչնչացրած Թուրքիան այս որոշմամբ ցանկանում է աշխարհում իր մասին դրական կարծիք ստեղծել:
«Թուրքական ռազմաքաղաքական էլիտան, որը շատ հետևողական է հայկական հարցի ուղղությամբ, կայացրեց այս որոշումը և այս ակտը պետք է ընկալել որպես հայկական հարցի լուծումից շեղելու մի փորձ: Թուրքիան մնում է քեմալիզմի սկզբունքի մեջ, այսինքն՝ ոչ մի զիջում հայկական կողմին, և ես այս որոշումը դիտում եմ համաշխարհային քաղաքականության համատեքստում»,- հայտարարեց Շիրինյանը:
Ըստ նրա՝ ազգային փոքրամասնություններին իրենց ունեցվածքը վերադարձնելու Թուրքիայի որոշումը ոչ այնքան տվյալ փոքրամասնությունների կամ հենց կոնկրետ հայերի հետ է կապված, որքան մաս է կազմում Թուրքիայի՝ համաշխարհային քաղաքականության:
«Սա առանձնապես մեզ հետ կապ չունի, իրականում մեծ քաղաքականության հետ է կապված... Թուրքիան ոչ մի որոշում ամբողջովին չի իրականացրել, այնպես որ մեծ հույսեր չունենաք»,- ընդգծեց քաղաքագետը: Նրա համոզմամբ, եթե Հայաստանը հայկական հարցի համազգային հայեցակարգ ունենար, «ավելի հստակ կգնահատեինք եղելությունը»:

No comments: