Thursday, August 4, 2011

Սերգեյ Մարկով. Ղարաբաղյան բանակցություններն ուղղված են ոչ թե հակամարտության կարգավորմանը, այլ` էսկալացիայի զսպմանը

News.am. 4-8-2011- Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացն այժմ ինտենսիվ փուլում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Սերգեյ Մարկովը:
«Բանակցային գործընթացում պետք է տարբերել ձեւական եւ իրական հարթությունները: Ձեւական են ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու փորձերը, իսկ իրականում այսօր ձգտում են թույլ չտալ հակամարտության ապասառեցումը»,- վստահություն է հայտնել Մարկովը: Նրա խոսքով, այսօր ավելի բարձր է հակամարտության էսկալացիայի, քան` կարգավորման հավանականությունը:
«Այսօր կողմերի դիրքորոշումները չափազանց հեռու են իրարից: Այստեղ եւս կա երկակի գործոն. Բաքուն ծայրահեղ դժգոհ է ներկա դրությամբ եւ կարծում է, որ ոտնահարված են իր ազգային շահերը, իսկ Երեւանը դժգոհ է այսօրվա միտումներով, որոնք ուղղված են իրավիճակն Ադրբեջանի օգտին փոխելուն: Այդ կրկնակի անբավարարվածությունը կարող է պայթյունի պատճառ դառնալ»,- նկատեց Մարկովը: Այդ խոսքերի վկայություն կարող են լինել նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անարդյունք ջանքերը:
«Մեդվեդեւը հսկայական ջանքեր գործադրեց, սակայն նրան չհաջողվեց մերձեցնել կողմերի դիրքորոշումը եւ բեկում ունենալ բանակցային գործընթացում: Նրան խանգարեցին օբյեկտիվ պատճառները, որոնք ես ներկայացրեցի», - ամփոփեց Մարկովը:

No comments: