Tuesday, August 16, 2011

Ռուսաստանցի փորձագետ. Իրանը կարող է Սիրիային պաշտպանել Թուրքիայից

News.am. 16-8-2011- Իրանն ու Թուրքիան փորձում են Կովկասում առաջ մղել սեփական խաղը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար, պահեստազորի գնդապետ, ռազմական գիտությունների թեկնածու Անատոլի Ցիգանոկը: Նրա խոսքով, իրանցի զինվորականների վերջին արկածախնդրությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հասցեին կարող են իրական ենթատեքստ ունենալ:
Մասնավորապես մեկնաբանելով իրանական բարձրաստիճան զինվորականի հայտարարությունը, ում անունը գաղտնի է պահվում, թե Թուրքիայի ռազմական միջամտությունը Սիրիա հավասար է Իրանի դեմ ոտնձգությանը, Ցիգանոկը պատասխանել է. «Հնարավոր է` այդ հայտարարությունը զուտ հռետորական բնույթ է կրել, սակայն ես չեմ բավառում նման սցենարը: Սիրիացիներն այսօր ավելի մոտ են Իրանին, քան թուրքերը: Դա մասնավորապես պայմանավորված է նրանով, որ Թուրքիան ինչ-որ պահի կարող է իր տարածքը տալ ՆԱՏՕ-ի ուժերին, ինչը ծայրահեղ անցանկալի է Իրանի համար: Ի հավելումն, Թուրքիան այսօր ճղվում է մեջտեղից` Եվրամիությանն անդամակցելու համար, իսկ դա կիսով չափ բաղկացած է ՆԱՏՕ-ի անդամներից: Այդ ամենը Իրանի ռազմական միջամտությունը հնարավոր է դարձնում»,- նշել է փորձագետը:
Միեւնույն ժամանակ Ցիգանոկը ավելի է հակվում այն վարկածին, որ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը չեն ցանկանա ռազմական արշավ սկսել Սիրիայի դեմ, քանի որ վերջինս հզոր բանակ ունի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանի պահապանների բանակին պատկանող կայքէջում իրանցի մի բարձրաստիճան զինվորական հայտարարել է, թե Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական միջամտությունը համարժեք է Իրանի նկատմամբ ոտնձգություն անելուն։ Սակայն հայտնի է դարձել, որ այս հրապարակումը որոշ ժամանակ անց հեռացվել է, իսկ պահապանների բանակը հայտարարել է, թե այն իրենց պաշտոնական կարծիքը չի եղել։
Իրանի պահապանների բանակի բարձրաստիճան սպան, ում անունը չի հաղորդվում, նշել է, որ, եթե ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում ռազմական միջամտություն սկսեն, Իրաքի դաշնային Քուրդիստանը նոր Աֆղանստանի կվերածվի։
«Այդ պարագայում, մենք կհարվածենք Քուրդիստանում գտնվող ամերկյան եւ թուրքական առեւտրային հաստատություններին եւ ռազմական բազաներին։ Եթե թուրքական բանակը մտնի Սիրիա, մենք պատերազմ կհայտարարենք Թուրքիային եւ մեր ամբողջ ռազմական ուժով կաջակցենք Սիրիային»,-նշել է իրանցի զինվորականը։

No comments: