Tuesday, August 16, 2011

Stratfor. Իսրայելա-ադրբեջանական սերտացող կապերն անհանգստացնում են Իրանին

News.am. 16-8-2011- Ադրբեջանի եւ Իսրայելի հետախուզական եւ ռազմական ոլորտներում խորացող համագործակցությունը հանգեցնում է իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության աճին, որը վառ արտահայտվեց իրանցի պաշտոնյայի` Բաքվին հասցեագրված օգոստոսի 9-ի անսովոր ագրեսիվություն պարունակող հայտարարության մեջ, գրում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը: Stratfor-ը նշում է, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական լարվածությունը աճել է օգոստոսի 7-ին հաջորդող շաբաթվա ընթացքում. «Երկու հարեւանների հարաբերությունները դյուրին չեն, սակայն Բաքվի եւ Թեհրանի աճող հակասությունների հիմնական պատճառը Ադրբեջանի` ընդլայնվող հետախուզական եւ ռազմական համագործակցությունն է Իսրայելի հետ ընդդեմ Իրանի»:
Իսրայելը մտադիր է Ադրբեջանի հետ իր հարաբերությունները ծառայեցնել նաեւ Իրանի` միջուկային ծրագրերի ձախողման համար: Ի վերջո, Իրանը անհանգստանում է Իսրայելի` Ադրբեջանում օդուժի ուժեղացման եւ դա Իրանի դեմ օգտագործելու հեռանկարներից, գրում է Stratfor-ը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին օգոստոսի 9-ին արված հայտարարության մեջ խստորեն քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»:
Ֆիրուզաբադին մասնավորապես նշել է, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, եւ սպառնացել է, որ Իլհամ Ալիեւին դաժան ճակատագիր է սպասում, եթե նա պատշաճ ուշադրության չարժանացնի իր նախազգուշացումը:
Դրան հաջորդել էր Բաքվի պաշտոնական արձագանքը: «Ֆիրուզաբադը զինվորական է, եւ նրա նմանօրինակ քաղաքական հայտարարությունները տարօրինակ են»,-հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ նախարարության մամլոքարտուղար Էլհան Պոլուխովը:

No comments: