Saturday, August 20, 2011

ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ

«ԱԶԳ» , 20-08-2011- Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, անդրադառնալով վերջին շրջանի հայ-ադրբեջանական բանավեճին, կարծիք է հայտնել, որ «մենք ապրում ենք իրավական միջավայրում եւ պետք է ոչ թե այն մասին մտածենք, թե «ով է ավելի վաղ եկել», այլ թե ինչպես հարգենք մարդու իրավունքները»:
Այս մտքին թերեւս հնարավոր էր համաձայնել, եթե «եկվոր-նստակյաց» բանավեճն ընթանար վերիշխանական մակարդակներում: Խնդիրն անհամեմատ քաղաքականանում է, երբ Ադրբեջանի նախագահն է պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարում, թե «Լեռնային Ղարաբաղում հայերը հյուր են եւ իրավունք չունեն անկախություն պահանջելու»:
Ալիզադեն, անշուշտ, ծանոթ է Իլհամ Ալիեւի այս եւ ուրիշ հայտարարություններին, ներառյալ, որ «այսօրվա Հայաստանն ստեղծվել է բուն ադրբեջանական հողերի վրա»: Եվ այս իրավիճակում ակնկալել, որ «պետք է մտածենք մարդու, այդ թվում` ԼՂ ադրբեջանցիների իրավունքները հարգելու մասին», խոստովանենք, առնվազն անհիմն լավատեսություն է:
Մենք, այո, պետք է ապրենք իրավական միջավայրի օրինաչափություններով: Բայց ո՞վ է անտեսում իրավունքը: Տվյալ դեպքում` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պատասխանը միանշանակ է` Ադրբեջանի իշխող վերնախավը: Նա է, որ յուրաքանչյուր պատեհ եւ անպատեհ առիթով անընդմեջ հոխորտում է, որ «ԼՂ բնակչությունը, այնտեղ ադրբեջանցիների վերադարձից հետո, կարող է ինքնորոշվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Նա է, որ արգելափակում է երկու ժողովուրդների, հասարակությունների ներկայացուցիչների միջեւ որեւէ շփում:
Այդ վերնախավն է, որ պետական պատվեր է իջեցրել, որպեսզի Բաքիխանովի անվան պատմության ինստիտուտը «գրի Հարավային Կովկասի ճշմարիտ պատմությունը»: Եվ նա է, որ հովանավորում է այն «գիտնականներին», որ Կովկասում հայ ժողովրդի, հայկական տարրի «ծագումը վերագրում են 1828թ. հետո ժամանակներին»:
Այդ ամենն, ինչ խոսք, արժանանում է հայկական կողմի համարժեք արձագանքին: Ավելին, մենք երբեմն շատ բան նույնիսկ «չենք նկատում»: Մինչդեռ Ադրբեջանում բանը հասցնում են աբսուրդի: Չենք չափազանցում, վերջերս Բաքվի ռեստորաններից մեկի շեֆ խոհարարը մի ադրբեջանական լրատվամիջոցի հարցազրույց էր տվել եւ հպարտ-հպարտ ասել, որ ինքը «խոհարարական պատերազմում հայերին պարտության է մատնել եւ ապացուցել, որ «դոլման» բնիկ ադրբեջանական ազգային կերակրատեսակ է»: Եվ սա` կիսապաշտոնական լրատվամիջոցում, որն, ի դեպ, մարզական լուրերից մեկն այսպես է վերնագրել. «Ադրբեջանցի մարզիկները դարձան Եվրոպայի չեմպիոն` եզրափակիչում հաղթելով հայերին»:
Մի՞թե սա ադրբեջանական հասարակության կայացածության մասին է խոսում: Մի՞թե կարելի է շախմատի աշխարհի առաջնությունում անհաջող ելույթի համար սփոփիչ բացատրություն գտնել եւ գրել, թե «փառք աստծո, մեր թիմը հայերի հետ ոչ ոքի խաղաց»: Իսկ ի՞նչ տվեց այդ «ոչ ոք»-ին ադրբեջանցի շախմատիստներին: Ստացվում է, որ բոլորին պատրաստ էին պարտվել, միայն թե հայերի հետ «ոչ ոք»-ի խաղայի՞ն: Իսկ եթե այդ մրցամարտում Ադրբեջանի թիմը հաղթեր եւ Հայաստանը շախմատի չեմպիոն չդառնա՞ր: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիեւն անձամբ կգնար Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան եւ նրանց բոլորի ճակատը կհամբուրեր: Եվ սա մակարդա՞կ է:
Չէր խանգարի, որ Զարդուշտ Ալիզադեն, որ «չեզոք դաշտում» երբեմն «համարձակ» գաղափարներ է շոշափում, իր ժողովրդի եւ հասարակության ուշադրությունը հրավիրեր նման ախտանիշների սուր վտանգավորությանը: Այո, ադրբեջանական հասարակությունը, գոնե այնքանով, որ մատուցում են լրատվամիջոցները, հիվանդ է հայատյացությամբ եւ մեծամտությամբ: Այդ հասարակության կարծիքով` Ադրբեջանում ամեն ինչ «ամենա-ամենա» է` բանակը, տնտեսությունը, կրթությունը, սպորտը, մշակույթը, նույնիսկ օդը եւ ջուրը: Այդ հասարակության տպավորությամբ` եթե ոչ այսօր, ապա վաղն իրենն է լինելու ողջ Կովկասը: Այդ հիվանդությունն ախտորոշվում է որպես «գերազանցության մանիա»: Մարդկության պատմության մեջ վերջին անգամ այդ ախտն իր ժողովրդին ներարկել է Ադոլֆ Հիտլերը: Իլհամ Ալիեւը համարձակվում է կրկնել այդ փորձը: Եվ չէր խանգարի, որ Զարդուշտ Ալիզադեն, որպես իր հայրենիքի նվիրյալ, բռներ այն ձեռքը, որ թույն է խառնում սեփական ժողովրդի օրվա հացին:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: