Tuesday, August 30, 2011

Սեւ եւ մեծ ջիպ, ի՞նչ գիտնական

Գիտության արդի խնդիրների շուրջ զրուցել ենք Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանի հետ

-Դանիել, օրերս Ծաղկաձորում երիտասարդ գիտնականները Սերժ Սարգսյանի մոտ գիտության արդի խնդիրների հետ կապված հարցեր բարձրացրին, սակայն գիտնականների` գիտության ֆինանսավորման ավելացման շուրջ պահանջը Սերժ Սարգսյանը համարեց ինքնանպատակ և չխոստացավ ավելացում, քանի որ, նրա խոսքով, մեր երկրում վաղուց եռամյա ծրագրավորման են անցել և միջնաժամկետ ծրագրեր կոնկրետ 2012-ի համար հաստատվել են դեռևս անցյալ տարի: Հիասթափեցրե՞ց Սերժ Սարգսյանի այս պատասխանը, առհասարակ ի՞նչ տպավորություններ են:
-Անկեղծ ասած, չզարմացա: Իհարկե անակնկալ էր, որ նախագահը եկավ, ենթադրում եմ նաև իր համար էր անակնկալ, բայց չզարմացա, որ նախագահը նման կերպ արձագանքեց, որովհետև եթե նախագահը ունենար այլ կարծիք գիտության ֆինանսավորման վերաբերյալ, արդեն վաղուց գիտության ֆինանսավորումն ավելացած կլիներ: Նրա խոսքերից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ մեր պահանջն ինքնանպատակ է, եկել ենք փող խնդրելու, որ մենք ենք մեղավոր, և եթե գիտությանը գումար հատկացնեն, կամ բանակը կդառնա անմարտունակ, կամ ծննդատներում մանուկները կդադարեն ծնվել, կամ 15 դար հնության եկեղեցիները կսկսեն քանդվել: Ստացվեց, որ եթե գիտության ֆինանսավորումն ավելանա, մենք կդառնանք Հայաստանի կործանման մեղավորը:

-Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի հետ դեռ էլի հանդիպում կա նշանակված, այս պարագայում պահանջը մինչև վե՞րջ եք տանելու:
-Իրականում այդ պահանջի շուրջ արդեն համաձայնության են եկել Ժառանգությունը, Դաշնակցությունը և ԲՀԿ-ն, որ 2012թ. բյուջեի երեք տոկոսը պետք է հատկացվի գիտությանը, ինչը կլինի այսօրվա հատկացման մոտ եռապատիկը. այս տարվա բյուջեով մեկ տոկոս է նախատեսված: Ենթադրում էինք`այս պահանջին կմիանար նաև ՀՀԿ-ն, ինչը տեղի չունեցավ: Ընդ որում, այս կուսակցությունները սա դնում են 2012-ի բյուջեի մեջ: Ընդհանուր առմամբ, թե' գիտնականները, թե' մի շարք կուսակցություններ գտնում են, որ գիտության ֆինանսավորումը պետք է լինի ՀՆԱ-ի մեկ տոկոսը, ինչ կկազմի բյուջեի մոտ 5 տոկոսը և կաճի ընդհուպ մինչև ՀՆԱ-ի երեք տոկոսի:

-Սերժ Սարգսյանը նաև նշում էր, որ մինչև այժմ այդքան գումար է տրամադրվել, պետք է տեսնել` որքանո՞վ է արդյունավետ բաշխվել, գիտական հաստատություններից քանի՞սն են արդյունավետ աշխատում:
-Իհարկե այստեղ կա ճիշտ դիտարկում: Այդ փողերի մի մասը գնում են անպետք տեղեր, կան գիտական հիմնարկներ, որոնք անգործության են մատնված: Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ գիտականներն են վատը, այլ որ գիտական հիմնակներն անգործության են մատնվել(խոսքը կիրառական գիտությունների մասին է): Խնդիրն այն է, որ նրանք պատվեր և ֆինանսավորում չեն ստանում: Օրինակ` գյուղատնտեսության ոլորտում կան գիտական հիմնակներ, որոնք անգործության են մատնված, որովհետև նախարարությունը համապատասխան պատվերներ չի իրականացնում և այլն: Համոզված եմ`այդ հիմնարկները դեռևս ունեն կադրեր, և համապատասխան ֆինանսավորման, պատվերների դեպքում կարող են սկսել աշխատել:

-4500 գիտնականներից քանի՞սն են, ըստ Ձեզ, այսօր արդյունավետ աշխատում, Սերժ Սարգսյանն ասում է` բա որ բոլորս գիտնական դառնանք:
-Ըստ էության համարվում է, որ 4500 ակտիվ գիտնականներ են, իսկ ընդհանուր առմամբ կա 6500-7000 գիտնական, որոնցից 4500 ակտիվորեն զբաղվում են գիտությամբ: Իրականում սա շատ փոքր ցուցանիշ է: Եթե մենք սա համեմատության մեջ դնենք 80-ականների վերջին Հայաստանում գիտնականների քանակի կամ տեսակարար կշռի հետ, ապա կնկատենք շատ մեծ սղաճ: Եթե սա համեմատության մեջ դնենք աշխարհի միջինի հետ, շուրջ երկու անգամ ավելի քիչ է, քան աշխարհի միջինը, ոչ թե այն եվրոպական երկրների, որոնց կառավարությունները հայտարարում են` մենք պետք ունենանք գիտելիքահեն տնտեսություն, այլ աշխարհի միջինի, իսկ եթե համեմատության մեջ դնենք այն երկրների հետ, որոնք ունեն գիտելիքահան տնտեսություն կամ ուզում են ունենալ, իրենց մոտ այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է, այսինքն` Հայաստանում գիտնականների քանակը`4500-ը, ոչ թե շատ է, այլ չափազանց քիչ է, և պետք է միջոցառումներ ձեռնարկել այդ քանակն ավելացնելու համար:

-Գիտության ֆինանսավորման դիվերսիֆիկացիայի ուղիները որո՞նք են: Անգամ ֆինանսավորման ավելացման դեպքում արդյոք չկա՞ մտավախություն, թե ինչպես պետք է բաշխել, որ կոռուպցիոն ռիսկեր չլինեն:
-Աշխարհում գոյություն ունեն մի շարք ֆինանսավորման ձևեր, որոնք գրեթե բացառում են կոռուպցիոն ռիսկերը: Օրինակ, հեղինակավոր ամսագրերում տրվող հոնորարները, որոնք ենթադրում ենք`պետք է տրվի պետբյուջեի հաշվին, դրանք բացարձակապես կոռուպցիոն դաշտից դուրս են. այս դեպքում ոչ մի չինովնիկ չի կարող դասավորել հոդված կամ կեղծել ինչ-որ բան, քանի որ խոսքը գնում է միջազգային հեղինակություն ունեցող ամսագրերի մասին:

-Խոսվում է այն մասին, որ պետք է գիտնականի նկատմամբ վերաբերմունքը փոխվի, որ եթե գիտնական է, ուրեմն սոված է, այդ մոտցումը սխալ է, ինչո՞ւ կա գիտականի նկատմամբ այս վերաբերմունքը:
-Սրանից 30-40 տարի առաջ դպրոցում երեխաները երազում էին դառնալ տիեզերագնաց, օդաչու, գիտնական, և սա էր մոդան, և դա շատ լավ էր: Հիմա մարդիկ երազում են դառնալ ոստիկան, որ կաշառքներով հարստանան. այստեղ արժեհամակարգի խնդիրն է: Գիտնական լինելը ըստ էության մոդայից դուրս է եկել: Մարդիկ չեն ուզում դառնալ գիտնական, որովհետև ֆինասնավորումը շատ ցածր է: Ենթադրենք ես ուզում են դառնալ գիտնական, հայտնագործություններ անել, բայց ես ինչպես եմ ընտանիք պահելու, սա շատ օբյեկտիվ և շատ արդարացի է, բայց մյուս կողմից հասարակությունն այն անձանց նկատմամբ, ովքեր այնուամենայնիվ, այս վատ պայմաններում զբաղվում են գիտությամբ, համապատասխան հարագանք չի ցուցաբերում: Այս հարցը գիտնական Արեգ Միքայելյանի կողմից բարձրացվեց նախագահին, և ինձ թվում էր`Սերժ Սարգսյանը պետք է ասեր` այո, դուք արդարացի եք, պետք է գիտնականի իմիջը բարձացնել, բայց իր ելույթից ես հասկացա, որ մենք գիտնական կամ վարորդ լինեինք, միևնույն է իր համար, իր վերաբերունքը չէր փոխվի, ինչից ես, անկեղծ ասած, վիրավորվեցի: Ըստ էության` կա այդ խնդիրը, որ հասարակությունը գիտնականին չի հարգում, գիտնական լինելը հարգանքի արժանի չէ, ավելի քիչ է հարգանքի արժանի, քան սև և մեծ ջիպ քշելը և օլիգարխ լինելը:

-Գիտնականներին նաև խորհուրդ տրվեց կախարդական փայտիկ հնարել`ժողովրդին տանելու Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, որ տեսնեն` այնտեղ ի՞նչ է կատարվում:
-Վերջին մեկ տարվա ընթացքում 10-12 անգամ եղել եմ Վրաստանում: Ամեն անգամ, երբ հատում եմ հայ-վրացական սահմանը դեպի Վրաստան, ինձ ավելի հանգիստ եմ զգում, և երբ հակառակ ուղղությամբ եմ հատում, այնպիսի տպավորություն է, որ վերադառնում եմ քրեակատարողական հիմնարկ: Պարզ օրինակ բերեմ. եթե ես Վրաստանում մայրուղիով գնում եմ և հեռվից ոստիկանական մեքենա եմ տեսնում, ինձ հանգիստ եմ զգում, որովհետև գիտեմ` եթե ինձ մոտ խնդիր լինի, իմ առաջին ընկերը լինում է այդ ոստիկանը, եթե Հայաստանում եմ տեսնում ոստիկանական մեքենա, ես միանգամից ասում եմ` հուսով եմ` կոսքովս կանցնի և չի կանգնեցնի, որովհետև ես ոչ մի լավ բան իրենցից չեմ սպասում: Ըստ էության` Վրաստանը շատ արագ մոտեցավ քաղաքակիրթ երկիր դառնալուն, քան մենք:
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 30-8-2011

No comments: