Tuesday, August 30, 2011

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այս տարի ականատես եղանք, թե ինչպես Հարավային Սուդանը, տասնամյակներ տևած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը` հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը ևս մեկ նախադեպով: Արցախի պարագայում այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է, չնայած այսօր դեռևս չեմ կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին:
Վստահ եմ` քաջատեղյակ եք այդ գործընթացից և ձեր աշխատանքային առօրյայում կանոնավոր կերպով առնչվում եք այդ հիմնախնդիրներից բխող տարբեր դրսևորումների հետ: Երբ մենք այսօր ասում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի պաշտոնական մոտեցումներին, որոնք մենք բազմիցս և տարիներ շարունակ արտահայտել ենք, դա ամենևին էլ քարոզչական հնարք չէ: Մեր հստակ դիրքորոշմամբ և վստահելի կեցվածքով, մեր մտահոգությունների պատճառաբանվածությամբ և անհրաժեշտ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ մենք հասել ենք նրան, որ միջազգային հանրությունը ընդունում է մեր մոտեցումները` որպես առավել իրատեսական և խաղաղությանը նպաստող: Դրա մասին են վկայում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված բարձր մակարդակի հայտարարությունները: Հստակ է նաև, թե ում են հասցեագրված դրանցում պարունակվող ուղերձները:
Ամռանը հասել էինք մի կարևոր հանգրվանի, երբ թե՛ միջնորդ երկրները, և թե՛ միջազգային հանրությունն ակնկալում էին, որ խնդրի կարգավորման առնվազն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը մոտ է: Այդ առումով կազանյան հանդիպումը յուրատեսակ փորձաքար էր հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով և հնարավորինս արագ կարգավորելու կողմերի անկեղծությունն ու հաստատակամությունը գնահատելու համար: Ինչպես տեսանք, Ադրբեջանը Կազանում հետքայլ կատարեց՝ հրաժարվելով ընդհանուր հայտարարի գալուց և նոր խոչընդոտներ ստեղծելով հետագա համաձայնության համար:
Այժմ, համոզված եմ, որ բոլորիդ հուզում է այն հարցը, թե ո՞րն է հաջորդ քայլը, և ի՞նչ ակնկալիքներ կան: Անկախ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծից, Հայաստանը, ինչպես և նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ: Այդուհանդերձ, թող ոչ ոք չկասկածի մեր դիրքորոշման հաստատակամությանը և հստակությանը. մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել: Դրա մասին խոսել ենք թե՛ հրապարակավ, թե՛ մեր գործընկերների հետ հանդիպումներում, այն արտացոլված է իմ նախընտրական ծրագրում և բազմաթիվ անգամներ արված հայտարարություններում:
Համոզված եմ, որ շատերդ եք կիսում այն եզրահանգումը, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության, քանի որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել` պատերազմ քարոզելով, հաշտեցնել հասարակություններին` հայատյացություն սերմանելով, վստահություն կառուցել` սպառազինության մրցավազք հրահրելով: Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, և մեր քայլերը կլինեն համարժեք: Համոզված եղեք` նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել:
Անցյալ մեր հանդիպմանը խոսում էինք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր անելիքների մասին: Շատերին կարող է թվալ, թե մենք պետք է ափսոսանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու նախաձեռնություն դրսևորելու համար, քանի որ Թուրքիան հրաժարվեց իր պարտավորություններից, իսկ մենք հսկայական քաղաքական կապիտալ ծախսեցինք: Կարծում եմ` այս լսարանում ներկաները հասկանում են, որ այդ նախաձեռնությունը բարձրացրեց Հայաստանի միջազգային հեղինակությունը և ցրեց նոր ու ժամանակակից Թուրքիայի մասին մեր գործընկերների պատրանքները` բացահայտելով հայերիս համար պատմական փորձով ճանաչելի քաղաքականության արդի դրսևորումները:
Այդուհանդերձ, մենք հավատարիմ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր ուղուն և դիրքորոշմանը: Թուրքիան պետք է իր մեջ ուժ գտնի հարգելու իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները` տուրք չտալով իրեն ժամանակակից տարածաշրջանային պետություն համարողին պատիվ չբերող պահանջներին:
Բայց թուրքական կողմը պետք է հասկանա նաև, որ այս արձանագրությունները բաց, անժամկետ հնարավորություն չեն: Մեր բարեկամներից շատերը մեզ խորհուրդ էին տալիս սպասել մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները: Այնպես որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կտեսնենք` արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում առկա է մոտեցումների փոփոխություն, թեև անկեղծորեն ասած` անցած երկու ամիսները լավատեսության հիմքեր չեն տվել: Ըստ այդ դիտարկումների` մենք կորոշենք նաև արձանագրությունների ուղղությամբ մեր հետագա քայլերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն­ներին, տարբեր երկրների և կազմակերպություն­ների հետ մեր երկրի համագործակցության ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին, մի շարք ոլորտներում ՀՀ դիվանագիտական ներկայա­ցուց­չություններից ակտիվ, նպատակասլաց ու նախաձեռնողական աշխատանքի ակնկալիքներին, առկա մարտահրավերներին, նաև` սփյուռքի հետ աշխատանքին:
Ամփոփելով խոսքը՝ ՀՀ Նախագահն ասել է. «Ցանկանում եմ, որ դուք` մեր անկախ պետության դիվանագիտության շարժիչ ուժը, զգաք ձեզ ավելի վստահ, ավյունով լի, եռանդուն և նպատակասլաց, պատրաստ նոր դիվանագիտական մարտերի և հաղթանակների:
Ձեզանից յուրաքանչյուրին նշանակելիս ես հավատացել եմ, որ հենց դուք կարող եք լավագույնս ներկայացնել և պաշտպանել մեր երկրի շահերը կոնկրետ պետությունում կամ կազմակերպությունում: Հետևաբար ակնկալում եմ նաև բարձր պատասխանատվության դրսևորում Ձեզ վստահված պատվաբեր առաքելության հանդեպ:
Մաղթում եմ բոլորիդ և տարեկան հավաքին արդյունավետ աշխատանք»:

No comments: