Monday, August 1, 2011

Ուր է գնացել Սերժ Սարգսյանը

«Լրագիր» 1-8-2011- Սերժ Սարգսյանի ամառային արձակուրդը կրկին փակ է հանրության համար: Փակ է ոչ միայն արձակուրդային ընթացքի առումով, այլ նաեւ թեկուզ միայն արձակուրդի վայրի: Նախագահի արձակուրդի մասին տարածած հաղորդագրության մեջ խոսք չկա այն մասին, թե որտեղ է հանգստանալու Սերժ Սարգսյանը:
Դեմոկրատական երկրներում կարծես թե չկա նախագահների արձակուրդի վայրերը անհայտ պահելու ավանդույթ: Ավելին, հասարակություններին ոչ միայն հայտնում են, թե որտեղ է հանգստանալու նախագահը, այլ նույնիսկ հանգստանալու ընթացքի վերաբերյալ են որոշակի տեղեկություններ հաղորդում:
Սերժ Սարգսյանը տարբեր ամբիոններից հայտարարում է, որ դեմոկրատիան հայաստանյան քաղաքական վերնախավի համար հավատամք է, կողմնորոշիչ արժեք, դեպի ուր գնում է վերնախավն ու տանում իր հետեւից երկիրը: Այդ դեպքում զարմանալի է, որ դեմոկրատիան հավատամք դարձրած նախագահը հանգստանում է առանց հարկատուներին ասելու, թե որտեղ է ինքը հանգստանում: Չէ որ նախագահը բյուջետային աշխատող է, նա վարձատրվում է հարկատուների վճարած հարկերից, հետեւաբար դեմոկրատական, հաշվետվողական հասարակարգը պահանջում է, որ նախագահը հաշվետու լինի հարկատուներին, թե ինչպես է ծախսում նրանց փողը իր արձակուրդի ընթացքում` որտեղ է հանգստանում, ինչ պայմաններում:
Իսկ եթե նախագահը հանգստանում է այլ փողով, ապա այստեղ թերեւս առավել քան անհրաժեշտ է թափանցիկությունը, քանի որ կարող ենք գործ ունենալ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հետ:
Ի դեպ, թերեւս բոլորին է հայտնի խոսքը, թե ով ինչպես հանգստանում է, այդպես էլ աշխատում է: Տվյալ պարագայում, նախագահական արձակուրդի օրինակով, եթե փոքր ինչ ընդլայնենք այդ խոսքի իմաստային երանգավորումն ու ընդգրկումը, կարող ենք այն վերափոխել հետեւյալ կերպ` ով ինչ թափանցիկությամբ եւ դեմոկրատականությամբ հանգստանում է, այդպիսի թափանցիկությամբ եւ դեմոկրատականությամբ էլ աշխատում է:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: