Tuesday, August 30, 2011

ԱԼԻԵՎ ԿՐՏՍԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՀԵՔԻԱԹԱՍԱՑԻ ԲԱԹՈՒՄՅԱՆ ԶԵՂՈՒՄՆԵՐԸ

«ԱԶԳ», 30-08-2011- Վրաստանն ու Ադրբեջանը այնպիսի արժեքային «համակարգի» վրա են հենվում բարեկամություն անելիս, որ փողից զատ այլ թեմայով խոսակցությունները նույն կենացային հարթակն են հիշեցնում, ինչ վրաց-հայկական հարաբերություններում է տիրում:
Ընդ որում, եթե հայ-վրացական հարաբերություններում «խնդիր չկա, որ չկարողանանք լուծել» դիրքորոշմամբ են առաջնորդվում, ապա վրաց-ադրբեջանական հարաբերություններն առավելապես քծնանքի են նմանվում` վրացական կողմի հիացական հայացքները ադրբեջանականին հառած ու ձոնով, թե «քո թշնամին իմ թշնամին է»:
Ադրբեջանի «անկախության վերականգնման 20-ամյակին նվիրված» կոնֆերանսի անցկացումը Բաթումում, որ մեկնարկել էր դեռեւս կիրակի` օգոստոսի 28-ին, եւ շարունակվում էր երեկ, թեեւ մանր-մունր չինովնիկների մասնակցությամբ, այդուհանդերձ, մի շեշտադրում էր առ այն, թե վրաց-ադրբեջանական հարաբերությունները մեկի միջոցներով համատեղ երկաթգիծ կառուցելուց ու հրճվանքի ու «ուրախությամբ արբած» մի պահի համադաշնություն կազմելու երազանքներից շատ չեն հեռանում` վերուվար անելով կենացների բազմաթիվ թեմաներում:
Վրաստանից ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչը` սփյուռքի հարցերով պետնախարար Միրզա Դավիթիան առաջին կենացն ուղղել է տարածքային ամբողջականության հարցում «մի տնից չենք, մի հալից ենք» մոտեցմամբ բնութագրվող իրողությանը, թե Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ու թեեւ վրացական լրատվամիջոցներն առանձնակի հետաքրքրություն չեն ցուցաբերել ադրբեջանական անկախության ամյակային համաժողովին, ադրբեջանականներն աշխատել են կրկնակի եռանդով` մեջբերելով բոլոր կարեւոր ու անկարեւոր դատողությունները, որ արել են մանր ու միջին տրամաչափի գործիչները ինչպես վրացական, այնպես էլ ադրբեջանական կողմից: Եվ այն դեպքում, երբ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցում Հայաստանը հնարավոր ամենաչեզոք դիրքերից է մոտենում, վրացի պետնախարարը, ամեն դեպքում` ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կողմնակից է արտահայտվել «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրմանը»:
Վրացիների կենացասացությանն արժանի արձագանքել է կոնֆերանսին ներկա Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը, ասելով, թե «ադրբեջանա-վրացական կապերն անգնահատելի են ողջ աշխարհի համար»:
Այն, որ Հասանովի պատկերացմամբ աշխարհը սահմանափակվում է Վրաստանով եւ Ադրբեջանով, առանձնակի զարմանալու առիթ չէ, սակայն երբ այդ հայտարարությունն ուղեկցվում է նաեւ ակնհայտ փչոցով, թե «ադրբեջանական պետությունը մտածում է ոչ միայն իր, այլեւ Վրաստանի զարգացման մասին», ակնհայտ է դառնում, որ վրաց-ադրբեջանական համադաշնություն ունենալու միտքը հղացած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այդ հարցում հետնորդներ ունի:
Հասանովի անհեթեթությունն առավել խորքային բնույթ է կրում, քանի որ, ըստ նրա, «Ադրբեջանի հաջողությունները կարող են օգտագործվել ինչպես վրացական, այնպես էլ հայկական պետության համար», պայմանով, որ «նրանք աջակցեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:
Իսկ որ Հասանովն իր հոգսերը թողած դարդ է անում, թե «Հայաստանը Հարավային Կովկասում զարգացումից հետ է մնում տնտեսապես, քաղաքականապես ու սոցիալապես», ու իբր հայկական պետություն էլ հիմնվել է մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը` Ադրբեջանի թույլտվությամբ, մեզ ի ցույց է դնում ադրբեջանական քարոզչության մի զոհի, որը ոչ մի պատկերացում չունի ոչ պատմական ճշմարտության, ոչ էլ ժամանակակից իրողությունների մասին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: