Tuesday, August 23, 2011

Կոնգրես-կոալիցիա հանդիպումն այսօր կայանալու է

Tert.am. 23-8-2011-Երկխոսության գործընթացի շրջանակներում Հայ ազգային կոնգրեսի և իշխող կոալիցիայի պատվիրակությունների հերթական հանդիպումը նախատեսված է այսօր` կրկին կառավարության ընդունելությունների տանը: Ինչպես հայտնի է, Կոնգրեսի և կոալիցիայի աշխատանքային խմբերի նախորդ հանդիպումը, որը նախատեսված էր օգոստոսի 19-ին, տեղի չէր ունեցել:
Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այսօրվա հանդիպումը տեղի ունենալու է: Թերթի հարցին, թե հնարավո՞ր է, որ Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի անազատության մեջ մնալը խոչընդոտ հանդիսանա երկխոսության համար, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, որ իրենք պետք է ամեն ինչ անեն, որ ոչ մի խոչընդոտ չլինի: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կոալիցիայի հետ այսօրվա հանդիպմանը կքննարկվի Տիգրան Առաքելյանի անազատության հարցը, Զուրաբյանն ասել է. «Անցյալ հանդիպման ժամանակ համատեղ հայտարարության մեջ ասացինք, որ շարունակելու ենք քննարկումը»:
«Առավոտի հետ զրույցում Կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հանդիպման չկայանալը «քիչ հավանական» է համարել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են այսօրվա հանդիպմանը։

No comments: