Panorama.am. 23-8-2011- «Բազմիցս ասվել է այն մասին, որ ադրբեջանական քարոզչությունը տարիներ շարունակ փորձել է սեփական հանրության մոտ ի դեմս հայկական կողմի ձևավորել թույլ հակառակորդի, հայկական ուժերի հանդեպ գերազանցություն ունենալու պատրանք: Ալիևյան վերնախավը սա դիտարկել է իբրև նոր պատերազմին ադրբեջանական հանրությանը հոգեբանորեն նախապատրաստելու հիմնական միջոց: Մինչդեռ, իրականում Ադրբեջանն այսօր չունի մեր հանդեպ ռազմական գերազանցություն: Ավելին. ակնհայտ է, որ այդպիսին չի ունենա նաև տեսանելի ապագայում: Եվ ահա, Բաքվում վախենում են, որ այդ իրողությունը կարող է աստիճանաբար գիտակցվել ադրբեջանական հանրության լայն շրջանակների կողմից»,- մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները՝ Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:Նա ընդգծեց, որ ընթացիկ տարում ադրբեջանական բանակի կորուստները զգալիորեն աճել են, ինչը աննկատ չի կարող մնալ Ադրբեջանի հանրային լայն շրջանակների համար:
«Այդ կորուստներն այնքան շատ են, որ Սաբիրօղլուի գերատեսչությունը (պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար) պարզապես անկարող է դրանք լիովին քողարկել: Միևնույն ժամանակ դրանց մի մասի հրապարակումը ադրբեջանական հանրության ընկալումներում ստեղծում է կորուստների անընդհատության զգացողություն, ինչի հետևանքով էլ աճում է անվստահությունը ադրբեջանական բանակի հանդեպ: Բացի այդ, Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ ահռելի ռազմական բյուջեն «փողեր լվալու», նավթային պետական եկամուտները գրպանելու հարմար միջոց է«,- ասաց նա:
Ըստ բանախոսի, Ադրբեջանական բանակի շուրջ հանրության շրջանում ձևավորված այս բարոյահոգեբանական աննպաստ տրամադրությունների ֆոնի ներքո Բաքվում անհանգստացած են Ադրբեջանում հայկական կողմի պաշտպանունակության ամրապնդման մասին տեղեկությունների տարածումից:
«Չէ՞ որ այդ դեպքում վերջնականապես կխորտակվի հայերին արագ և հեշտությամբ հաղթելու ադրբեջանական պատրանքը, հետևաբար, նաև հնարավոր պատերազմում հայերի դեմ կռվելու ադրբեջանական հանրային լայն շրջանների պատրաստակամությունը, հատկապես, որ արցախյան պատերազմում պարտության արհավիրքների հիշողությունը ադրբեջանական հանրային գիտակցության մեջ դեռևս թարմ է»,- ընդգծեց Դ. Ջամալյանը:
Ըստ փորձագետի, այսօր արդեն ադրբեջանական քարոզչամեքենայի համար գնալով ավելի դժվար է դառնում «հզոր բանակի» քարոզչական առասպելն արժանահավատ կերպով սեփական հանրությանը մատուցելը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment