Thursday, September 1, 2011

Այսօր սեպտեմբերի 1-ն է. Հայաստանում 1400 դպրոցներ կբացեն իրենց դռներն աշակերտների առաջ

Tert.am. 1-9-2011- Սեպտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում, նշվում է իբրեւ Գիտելիքի միջազգային օր: Այսօր հանրապետության 1400 դպրոցներ կբացեն իրենց դռները դպրոցականների առաջ: Կանխատեսումների համաձայն` 2011-2012 ուսումնական տարում, ըստ ծնելիության սանդղակի, դպրոց կհաճախի մոտ 37 հազար երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ վերջնական թվերը կճշտվեն սեպտեմբերի 5-ից հետո:
Ի դեպ, 2010-2011 ուստարում 35 հազար 948 առաջին դասարանցի ենք ունեցել: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքային տրանսպորտը բեռնաթափելու նպատակով մանկապարտեզներում եւ դպրոցներում պարապմունքները կսկսվեն ժամը 8:30-ին, իսկ բուհերում` 9:30-ին:
Նշենք, որ Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը հատուկ գրաֆիկով է աշխատելու նոր ուսումնական տարվա մեկնարկին: «Ոստիկանությունը նախքան ուսումնական տարվա մեկնարկը նախապատրաստական աշխատանքներ է կատարել. բոլոր դպրոցների մոտ գծանշումներն արդեն ավարտված են, ճանապարհային երթեւեկության կանոններն են դրված»,- ասել է Նորիկ Սարգսյանը: Նրա խոսքով` հատուկ աշխատանքային գրաֆիկով տասնօրյակն անցկացվելու է «Ուշադրություն երեխաներ» կարգախոսով:

No comments: