Monday, September 19, 2011

Գեղեցիկ ու տաղանդավոր հայուհին` «Միսս Կալիֆոռնիա-2012»-ում

Tert.am. 17-9-2011- Հունվարի 6-8-ը կայանալիք «Միսս Կալիֆոռնիա- 2012» մրցույթում Գլենդեյլը կներկայացնի 24-ամյա հայուհի Վիոլետ Քանյանը, որին Examiner.com-ը ներկայացնում է որպես «գեղեցիկ ու տաղանդավոր աղջիկ, ժամանցային ծրագրերի հաղորդավար»: Մրցույթի հաղթողը կմասնակցի «Միսս ԱՄՆ» մրցույթին, որը չպետք է շփոթել «Միսս Ամերիկայի» հետ: «Միսս ԱՄՆ»-ը միլիարդատեր Դոնալդ Թրամփի կողմից ֆինանսավորվող կազմակերպություն է, մրցույթի հաղթողը մասնակցում է «Միսս տիեզերքին»:
Վիոլետը Yerevan Magazine-ի, Hollyscoop-ի և Examiner.com-ի ազատ թղթակից է, գրում է ժամանցային թեմաներով, նաև փառատոների ու մրցանակաբաշխությունների հաղորդավար է: Ինչպես հաղորդում է Examiner.com-ը, գեղեցկության մրցույթում նրան հաջողություն կարող են բերել տեսախցիկի առջև և միկրոֆոնով աշխատելու մեծ փորձը: «Անկեղծ ասած` շատ չեմ հուզվում»,- ասել է Վիոլետը` խոստովանելով, որ սիրում է բեմի վրա գտնվել:
Վիոլետը նաև ակտիվ զբաղվում է բարեգործությամբ: Վերջերս նա ակցիա էր սկսել ու խաղալիքներ հավաքել սոցիալապես անապահով խավերի ու վատառողջ երեխաների համար: Այս ակցիան հաջողութուն է ունեցել, ու Վիոլետը մտադիր է օգտագործել գեղեցկության մրցույթը` բարեգործությունը շարունակելու նպատակով:

No comments: