Sunday, September 18, 2011

Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Թեհրան

Սեպտեմբերի 17-ին Թեհրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Նախարար Նալբանդյանն Իրանի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ու բարեմաղթանքները:
Նախագահ Ահմադինեժադը, շնորհակալություն հայտնելով ուղերձի համար, խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի ժողովրդին: Մահմուդ Ահմադինեժադը, պատմական եւ հինավուրց բնորոշելով հայ-իրանական հարաբերությունները, նշեց, որ Իրանը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ:
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ զարգացող համագործակցության առումով` ընդգծելով ակտիվ փոխայցելությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, տնտեսական եւ մշակութային կապերը, շեշտեցին երկկողմ պատրաստակամությունն առավել զարգացնել փոխշահավետ հարաբերությունները:
Հանդիպմանը քննարկվեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը:
Իրանի մայրաքաղաքում կայացան նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի բանակցությունները:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի կապակցությամբ եւ նշեց, որ պատմության ընթացքում երկու հարեւան երկրների միջեւ ձեւավորված բարիդրացիական հարաբերություններն օրեցօր առավել ամրապնդվում են:
Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը նոր լիցք են հաղորդել երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցությանը:
Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ Հայաստանի եւ Իրանի միջեւ չկան խնդիրներ, եթե կան տեխնիկական հարցեր, ապա դրանք լուծվում են ընդհանուր ջանքերով:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր, հատկապես` էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում:
Նախարարները կարեւորեցին ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Զրուցակիցները վերահաստատեցին փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը` նշելով, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հաճախակիությունը նպաստում է համագործակցության առավել ամրապնդմանը:
Նախարարներն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որը կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում:
Մշակութային փոխանակումների ենթատեքստում կարեւորվեց փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը, նախարարները մտքեր փոխանակեցին զբոսաշրջության խթանման ուղիների շուրջ:
Պայամանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ տարի նշվելիք Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձի կապակցությամբ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:
Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային հարցերի: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ երկխոսության միջոցով լուծման օգտին:
Ալի Աքբար Սալեհիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը` կարեւորելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումն այդ հարցում:
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Երեւան այցելելու Ալի Աքբար Սալեհիին արված հրավերը:
Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամլո ասուլիս, որից հետո քննարկումները շարունակվեցին աշխատանքային ճաշի ձեւաչափով:

No comments: