Monday, September 19, 2011

Ուրուգվայը եւ այլ երկրները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին Ուրուգվայի որոշումը ծագել է ոչ պատահականորեն եւ, անշուշտ, կապված է այն բանի հետ, որ կարգավորման բանակցությունները գործնականում դադարեցվել են, եւ աշխարհում ոչ ոք չի հավատում բանակցությունների որեւէ արդյունքի:
Ներկայում առաջատար տերությունները Ֆրանսիային դիտարկում են որպես հնարավոր քաղաքական նախագծող, տվյալ բանակցությունների իմիտացիայի սցենարների մասով, ավելի ճիշտ` ստատուս-քվոն պահպանելու սցենարների: Այս մտադրություններն, իհարկե, այս կամ այն կերպ հաղորդվում են տարբեր ուղիներով, այդ թվում վերլուծական հանրակցության միջոցով, այլ պետությունների, այդ թվում եւ նրանց, որոնք շահագրգռված են աշխարհում իրենց դիրքերի հաստատմամբ:
Ուրուգվայը լատինամերիկյան ոչ մեծ պետություն է, որ չունի հանքային նշանակալի ռեսուրսներ, եւ գտնվում է Հարավային Ամերիկայի երկու առաջատար տերությունների` Բրազիլիայի ու Արգենտինայի միջեւ: Ուրուգվայը սակայն հատկանշական է սեփական քաղաքական պատմությամբ, դեմոկրատիայի սեփական մոդելի որոնումներով, առանձնանում է եվրոպական մշակույթի հետաքրքիր գծերով, շահագրգիռ է միջազգային հարաբերություններում սեփական գործառույթի որոշարկմամբ:
Կասկած չկա, որ միջազգային ճանաչման ԼՂՀ երկար տարիների սպասումը, ճանաչման բացակայությունը կանխորոշվել է բանակցություններով, որը հովանավորում են առաջատար տերությունները: Ուժի տվյալ կենտրոնների համար լիովին թույլատրելի է նոր պետությունների ճանաչումը, սակայն պայմանով, որ դա տեղի ունենա իրենց վերահսկողության ներքո եւ իրենց շահերին համապատասխան: Մինսկի խմբի ձեւաչափը եւ ընդհանրապես կարգավորման տրամաբանությունը ԼՂՀ միջազգային ճանաչման արգելակ են:
Եթե Հայաստանը բանակցության քաղաքական ճահճի փոխարեն նախընտրի բանակցության դադարեցման ռիսկերը, եւ այդպիսով տապալի իր գլխավոր «գործընկերների» քաղաքականությունը, ապա ԼՂՀ միջազգային ճանաչումն անխուսափելի կդառնա շատ պետությունների կողմից:
Հնարավոր է, Հայաստանի նախորդ քաղաքական ղեկավարները տեղեկացված են, որ Ղարաբաղի պատերազմի դադարեցումից երկու-երեք տարի հետո Իրանը ԼՂՀ ճանաչման նախաձեռնություն ձեռնարկեց երկու քրիստոնեական եւ երկու մուսուլմանական պետությունների կողմից: Այն ժամանակ այդ պետությունները կարող էին դառնալ Թուրքմենստանը, Լիբանանը, հետո Սիրիան ու Կիպրոսը:
Սակայն այդ ջանքերն Իրանի համար անիմաստ դարձան, քանի որ Հայաստանը ոչ մի կերպ չարձագանքեց եւ հետաքրքրություն չցուցաբերեց նման հեռանկարի հանդեպ: Այն ժամանակ սկսեց բանակցային գործընթացը, եւ իրավիճակը դրվեց արտաքին վերահսկողության տակ: Դա եւս մեկ անգամ ապացուցում է (հնարավոր է, անուղղակի), որ հենց բանակցային գործընթացն է արգելափակել մեկ այլ գործընթաց` ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը:
Օրինակ, ներկայում բավական բարենպաստ իրավիճակ է ստեղծվել արաբական մի շարք պետությունների կողմից ԼՂՀ ճանաչման համար, չխոսելով արդեն Եվրոպայի միջին պետությունների մասին: Բանակցային գործընթացը վտանգավոր է դարձել, եւ ժամանակն է ավարտել այն, դա հասկանում են եւ առաջատար, եւ այլ պետությունները, ընդունելով, որ տարածաշրջանում անվտանգության ճանապարհը ԼՂՀ ճանաչումն է:
Իգոր Մուրադյան

No comments: