Monday, September 19, 2011

Ինչու չի կայանում պետությունը

«Լրագիր» 18-9-2011- Նախկինում Հայաստանի վարչապետ ու Ազգային ժողովի նախագահ, ներկայում Հանրային խորհրդի անդամ ու Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանին Աստված թերեւս երկիր է ուղարկել այն պատճառով, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու Հայաստանի քաղաքական-տնտեսական համակարգը չի զարգանում, եւ ապագայում էլ զարգացման հույսեր գրեթե չկան:
Խոսրով Հարությունյանը միշտ իշխանամետ է, անկախ նրանից՝ թե ով է իշխանության: Այդ մասին նա ինքն է հայտարարել լրագրողներին: Եւ ասել է զուտ ճշմարտությունը: Իհարկե, դա ներկայացնելով որպես պետականամետ-կենտրոնամետ քաղաքական ուղղվածություն:
Իշխանությունն իր հերթին միշտ գնահատել է Խոսրովի պետականամետ կեցվածքը, եւ նրան վերադարձրել պետականամետությամբ: Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց վարչապետ, հետո նա դարձավ ԱԺ նախագահ:
Ռոբերտ Քոչարյանը, բարձր գնահատելով նրա կազմակերպական ունակությունները, նրան նշանակեց Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանձնաժողովի նախագահ: Ի դեպ, այն ժամանակ անեկդոտ կար, ըստ որի Խոսրովի երիկամը վիրահատում են եւ խաչքար գտնում:
Բացի այդ, ստացավ տնտեսական թեկուզ փոքր, բայց քվոտա՝ գազալցակայանի տեսքով, տուն ստացավ Հյուսիսային պողոտայում, եւ այլն:
Սերժ Սարգսյանի օրոք էլ, միանալով Հայաստանի պետականամետ հսկայածավալ զանգվածի՝ մտավորականների, 0,1-0,5 տոկոսանոց կուսակցապետերի, վերլուծաբանների ու քաղաքագետների բանակին, Խոսրովը դարձավ Հանրային խորհրդի անդամ: Բացի այդ, որդիներին տեղավորեց պետական բարձր պաշտոնների:
Եվ ահա, Հանրային խորհրդում մի «սռոկ» ժամանակ շահելուց հետո, Խոսրովը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին: Առիթ եղել է արդեն անդրադառնալու Հայաստանի քաղաքական համակարգի էությանը: Այս համակարգի անբաժանելի մասը՝ 0,1-0,5 տոկոսանոցները, ընտրությունների շրջանում սովորաբար աշխատում են որքան հնարավոր է իրենց առաջարկել իշխանությանը, «ընտրությանը» որոշակի ծառայություն մատուցելով եւ հերթական «սռոկի» համար մի որեւէ քվոտա՝ բիզնեսի ու պաշտոնների տեսքով, ստանալու համար:
Սա է ժամանակակից հայկական պետականամետության էությունը: Այդ պատճառով է, որ այսքան շատ պետականամետ կա, բայց պետությունը մի տեսակ չի ստացվում:
Իսկ Խոսրովի մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ կարգին է, թեեւ դեռ ազատության մեջ է, կասեր Օստապ Իբրահիմովիչ Բենդեր-բեյ-Զադունայսկին:

No comments: