Thursday, September 22, 2011

Մարգարն ու Կարենը հազիվ թե բավարարեն

«Լրագիր» 22-9-2011- Ըստ երեւույթին, կամ Սերժ Սարգսյանը Նիկոլյա Սարկոզիին ասելու շտապ բան ունի, կամ նա Սերժ Սարգսյանին: Այլապես դժվար է ասել, թե ինչու պետք է Հայաստանի նախագահը սեպտեմբերի 27-ին այցելի Ֆրանսիա, եթե հայտնի է, որ դրանից մի քանի օր անց Սարկոզին է Հարավային Կովկաս գալու եւ լինելու նաեւ Հայաստանում: Նաեւ հետաքրքիր է, թե արդյոք Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարելիք այցը կապ ունի ԱՄՆ կատարած այցի հետ:
Արդյոք Ֆրանսիա մտնելու անհրաժեշտություն է առաջանալու ԱՄՆ այցելած լինելու պատճառով: Այսինքն, Սերժ Սարգսյանը Ֆրանսիա չէր գնա, բայց քանի որ դրանից առաջ մեկնում է ԱՄՆ, ապա այնտեղ լինելու է մի բան, ասենք մի խոսակցություն, որից հետո կարիք է լինելու մի հատ մտնել Ֆրանսիա: Բանն այն է, որ Սարգսյանի Ֆրանսիա կատարելիք այցը կարծես թե նախապես պլանավորած այց չէր: Համենայն դեպս, դրա մասին չէր հայտարարվում, չէր ակնարկվում վաղօրոք, ինչպես լինում է այդպիսի դեպքերում: Երբ այդպիսի կարեւոր երկիր կատարելիք այցի մասին հայտարարվում է դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ, դա թերեւս վկայում է հենց այցի չպլանավորվածության մասին:
Բայց ինչ խոսակցություն կարող է ունենալ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը, ով ընդամենը արարողակարգային մի ելույթ է ունենալու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում, հանդիպելու է Պան Գի Մունի հետ, հյուպատոսություն է բացելու Լոս Անջելեսում եւ մասնակցելու է Հայաստանի անկախությանը նվիրված երկու հանդիսության: Միթե դրանց ընթացքում են լինելու այն կարեւոր բաները, որոնցից հետո հարկ է լինելու անցնել Ֆրանսիայով: Չէ որ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ որեւէ տեղեկություն չկար ԱՄՆ ղեկավարության հետ հանդիպումների մասին:
Բայց դա իհարկե չի նշանակում, որ Սարգսյանը ՄԱԿ միջանցքներում ասենք չի կարող Հիլարի Քլինթոնին եւ անգամ Բարակ Օբամային հանդիպել, իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ այդպիսի բան չեն գրում, որ հանկարծ որեւէ մեկը աչքով չտա ու այսպես ասած “չնավսի”: Դե, իսկ միջանցքում ԱՄՆ պետքարտուղարին կամ առավել եւս նախագահին ընդամենը հինգ րոպե տեսնելուց Հայաստանի համար կարող են այնպիսի կարեւոր իրադարձություններ կատարվել, որ ասենք հետո կարիք լինի Սարկոզիի հետ նստել ու մի ժամ խոսել:
Իսկ որ ԱՄՆ եւ Ֆրանսիա կատարելիք այցերը Հայաստանի ու Սերժ Սարգսյանի համար կարեւոր են լինելու, թերեւս անկասկած է, ինչի վկայությունն այն է, որ Սարգսյանը դրանից հետո այցելելու է Մոսկվա, որտեղ ամենայն հավանականությամբ ներկայացվելու է արեւմտյան այցի “հաշվետվությունը”: Թեեւ Մոսկվայի համար իհարկե կարեւոր է Հայաստան-Արեւմուտք հարաբերության ամեն դրվագ, անկախ դրա կոնկրետ բովանդակային պարունակությունից: Ռուսաստանը թերեւս լավ է հասկանում, որ արեւմտյան քաղաքական տեխնոլոգիաների զարգացածության աստիճանը թույլ է տալիս “քարից էլ հաց քամել” եւ առավելագույնն անել անգամ միջանցիկ զրույցների ընթացքում:
Կրեմլը թերեւս լավ է պատկերացնում, որ Մեդվեդեւը կարող է երկու ժամ զրուցել Սերժ Սարգսյանի հետ, բայց դրա էֆեկտիվությունը լինի նույնը, ինչ ասենք Օբամայի կամ Հիլարի Քլինթոնի հետ Սերժ Սարգսյանի հինգ րոպե ոտքի վրա զրույցը ՄԱԿ միջանցքում: Ամբողջ հարցն այն է, թե տնտեսա-քաղաքական արդիականության ինչ էֆեկտիվություն ունեցող համակարգ է ներկայացնում Սարգսյանի այս կամ այն զրուցակիցը:
Ըստ ամենայնի, Սարգսյանի առաջիկա այցերում առաջնային է լինելու հենց տնտեսա-քաղաքական արդիականացման հարցը, բայց Հայաստանի համատեքստում: Հավանական է, որ Վաշինգտոն-Փարիզ առանցքում Սերժ Սարգսյանի առաջ դրվելու են ներքաղաքական երկխոսության հետ կապված հարցեր, որոնց ենթատեքստում սակայն կարող է լինել ոչ թե երկխոսության ինքնանպատակ գործընթացը, այլ դրա առարկայական, բովանդակային բաղադրությունը` Հայաստանում արձանագրվող համակարգային փոփոխությունների տեսքով:
Հազիվ թե Մարգար Օհանյանն ու Կարեն Կարապետյանը Արեւմուտքի համար բավարար լինեն Հայաստանին ներկայացվող համակարգային բարեփոխումների պահանջների համատեքստում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: