Thursday, September 22, 2011

Տեսեք, թե ովքեր են տոնում անկախությունը

Մեր զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը

-Հովհաննես, այսօր անկախության 20 տարիներին ի՞նչ ձեռքբերումներ, ձախողումներ կան:
-Անկախությունն ինքնին մեծ ձեռքբերում է, բարձրագույն արժեք, և ամեն մի ժողովուրդ դա պետք է ընկալի, հասկանա: Լինելով երեք միլիոն այս հողի վրա`մենք ունենք մեր անկախ հողակտորն այս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Օրինակ`քրդերը 40 միլիոնից ավել են, բայց չունեն իրենց անկախ պետականությունը, ինչը ուղղակիորեն արտահայտվում է տվյալ էթնոսի ճակատագրի վրա տարբեր իմաստներով: Այդ տեսանկյունից անկախությունը բարձրագույն արժեք է, և սա միանշանակ է: Շատ հետաքրքիր է, սակայն, հարցին մյուս կողմից նայել, թե ինչ են տվել անկախության քսան տարիները, որովհետև անկախ լինելով դու պետք է ունենաս որոշակի արժեքներ, որոշակի սկզբունքներ, ունենաս այն, ինչ չունեն այլ ժողովուրդներ: Սակայն վերջին 20 տարիների ընթացքում մենք անընդհատ տեսնում ենք խորը հիասթափություններ, վերելքներ և վայրէջքներ (հիմնականում դրանք վայրէջքներ են և, ցավոք սրտի, արտահայտվում են կյանքի տարբեր ոլորտներում): Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թեև լիովին ավերված երկիր էր, բայց տասը տարվա ընթացքում դարձավ աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը: Իհարկե մենք անկախությանը զուգահեռ ունեցանք ղարաբաղյան պատերազմ, ճգնաժամ, շրջափակում, բարդ պայմաններ, և դժվար թե շատ ժողովուրդներ կարողանան հաղթահարել այդ դժվարությունները, այնուամենայնիվ, այդ դժվարություններից շատերը հետևում մնացին, բայց նոր պրոբլեմներ ի հայտ եկան ժողովրդավարության չհաստատման, սոցիալական, քաղաքական տարբեր ճգնաժամերի, արտագաղթի տեսքով, այս տարիների սերուցքը, մի հսկա հատված գնաց Հայաստանից, և տեսնում ենք, որ համակարգված մոտեցումների բացակայությունը ուղղակի հանգեցնում է անկախության արժեքի թերընկալման:

-Այսինքն` չկան համակարգային մոտեցումներ, որովհետև չկա՞ անկախության` որպես արժեքի գիտակցումը:
-Այո, եթե այսօր շատերին, ովքեր սոցիալական ծանր վիճակում են գտնվում, հարցնեք, կտեսնեք` նրանք չեն հասկացել և ընկալել անկախության արժեքը, որովհետև սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու, ինչպես մարքսյան սկզբունքում է ամրագրված`կեցություն է որոշում գիտակցությունը, գիտակցականի համար անկախությունը որպես արժեք հասանելի չէ, եթե նրա երեխաները սոված են, և եթե նա առավոտից երեկո չարչարվում է և ոչինչ չի վաստակում դրա դիմաց, փոխարենը ստանում է նվաստացումներ, իրավունքների ոտնահարում, կամ խաղաղ պայմաններում զինվոր կորցրած մայրը խոսի անկախության` որպես բարձրագույն արժեքի մասին, շատ դժվար է, հնարավոր չէ:

-Ստացվում է` մեզանում անկախության բովանդակային մասի գիտակցման անհրաժեշտությո՞ւն կա:
-Բովանդակային մասը բացակայում է: Տեսեք, թե ովքեր են տոնում անկախության տոնը և թե մենք ազգովի ինչ տոներ ունենք: Վարչապետի ասելով կամ որևէ կարգախոսներ հնարելով չէ տոնը տոն դառնում, տոնը պետք է լինի ինքնաբուխ, մարդը պետք է գա հանգի դրան իր ինքագիտակցությամբ, պաթոսով, իր արժեքային համակարգով: Օրինակ` մենք ազգային տոն որպես այդպիսին չունենք: Մենք ունենք ազգային ողբերգություն` մեծ եղեռնը, մենք նշում ենք համամարդկային տոներ, նշում ենք Նոր տարին և նշում ենք Զատիկը, որը Քրիստոսի հարության տոն է, բայց նշում ենք դարձյալ ոչ այնպես, ինչպես Ամանորը: Այսինքն` անկախության ընկալումը պետք է բովանդակային լինի, որ տեսնենք փողոցում ուրախ ժպտացող դեմքեր և ոչ թե ստիպելով մարդկանց տանել դահլիճներ լցնեն կամ ստիպելով աշխատանքից հանել, տանել հրապարակում կանգնեցնել. տեղի է ունենում հակակշռիռ և հակադրություն, որ մարդը կցանկանար այդ պահին ուրիշ տեղ լիներ, պետք է լինի կամավոր, ազատ, և մարդը կարողանա ազատություն կերտելով առաջ գնա:

-Որքանո՞վ մեզ հաջողվեց ազատագրվել ռուսական կայսրությունից, երբ դեռ ռուսական զորք է քայլում հանրապետության հրապարակում, երբ դեռ ռուսական քաղաքականության կողմնակիցները մեզանում մեծամասնություն են կազմում:
-Ցավոք սրտի, այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում հնարավոր չէ բացարձակ անկախություն, երբ գործում են գերտերություններ և գերտերությունների շահեր, մանավանդ հնարավոր չէ բացարձակ անկախություն, եթե դու չունես կայացած դեմոկրատական համակարգ և քաղաքացիական հասարակություն: Եվ սա այսօր ամենացավալի հարցերից մեկն է, երբ մենք ամբողջությամբ գտնվում ենք մի երկրի ազդեցության ներքո, իսկ հայ հասարակության մեջ և նրա դիսկուրսում դրսևորվում է այն գաղափարը, որ եթե Ռուսաստանում որևէ բան չորոշվի, ապա Հայաստանում ոչինչ չի փոխվի, և նույնիսկ մեր քաղաքական գործիչների բառապաշարում թաքնված կամ ուղղակի ձևով արտահայտվում է ռուսական այս կամ այն գործչի կողմից «պադերժկա» ստանալու գաղափարը, անգամ մեր լրագրողներն այս կամ այն անհատի քաղաքականի գործունեության մեջ մտնելը պայմանավորում են Ռուսաստանից աջակցություն ունենալու կամ չունենալու խնդրով: Սա մեր ազգային մտածողության մեջ է մտել:
Ռուսաստանն այսօր իրականացնում է ոչ թե 21-րդ դարի գաղութատիրական քաղաքականությունը, այլ 18-19-րդ դարի քաղաքականությամբ իրականացվող քաղաքականություն, սա ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ գերտերության խնդիրն է ունենալ շահեր տարբեր տարածաշրջաններում, պարզապես խնդիրը նրանում է, որ մենք պետք է կարողանանք պահպանել մեր ազգային շահերը: Եթե մենք թույլ լինենք, յուրաքանչյուր գերտերություն կցանկանա իր ազդեցությունն ունենալ և մեր երկրում, և տարբեր երկրներում: Այդ տեսանկյունից Ռուսաստանը չի տարբերվում այլ երկրներից, այլ է խնդիրը, թե ինչպես է նա այսօր դա իրականացնում: Այսօր մեր տնտեսության մի ստվար հատվածը գտնվում է ռուսական կորպորացիաների ձեռքին, որը մեզ ամենևին չի ուժեղացնում, ավելին`թուլացնում է, քանի դեռ մենք չենք ձևավորել մեր ազգային տնտեսության ճյուղերը, ռազմավարական ճյուղերը, ինչպիսին են կապը, էլեկտրաէներգիան և այլն, դրանք պետք է լինեն պետության ձեռքում և պետք է վաղ թե ուշ ազգայանացվեն:

-Ստացվում է`մենք անկախ ենք այնքանով, որքանո՞վ:
-Մենք անկախ ենք այնքանով, ինչքանով մենք կկարողանանք լուծել մեր կոնֆլիկտները մեր հարևանների հետ, ունենալ ազատ ենթակառուցվածքներ, ձևավորել ճանապարհներ մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից Ադրբեջանի հետ, ունենալ խաղաղ տարածաշրջան, լուծել ԼՂ կոնֆլիկտը: Եթե մենք լուծենք այդ կոնֆլիկտը, հնարավորինս կթուլանան գերտերությունների ազդեցության լծակները մեզ վրա: Այսինքն`առաջին հերթին այսօր թե Եվրոպան, թե Ռուսաստանը, թե ԱՄՆը Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդում են չլուծված Ղարաբաղի հակամարտությամբ: Դրա համար երկու տերությունների ղեկավարները պետք է շուտ գիտակցեն, որ ինչքան շուտ լուծեն այդ խնդիրը, իրենք այդքան անկախ են լինելու և ձերբազատվելու օտար միջամտություններից: Այդ տեսնակյունից մեր անկախությունը կոմպլեքս հարցերի շրջանակի լուծումն է, որը հնարավորիս շուտափույթ իրականացնելու դեպքում մենք ձեռք կբերենք մեր քիչ թե շատ հարաբերական ավելի մեծ անկախությունը: Որովհետև ինչպես ժամանակին մեր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն է ասել` կախված լինել մեկ թելից և կախված կլինել բազմաթիվ թելերից, դրանք բոլորովին տարբեր բաներ են, որովհետև եթե դու բազմաթիվ թելերից ես կախված, դու անկախ ես և ավելի պինդ ես, քան այն դեպքում դու կախված ես մեկ թելից, և մեր իրավիճակը այսպիսին է:

-Ստեղծված իրավիճակում հակակարգային փոփոխությա՞մբ պետք է հաղթահարել, թե իշխանության մտածողության, գիտակցության փոփոխոթյուն է պետք:
-Այո, մտածողության փոփոխություն է պետք: Ըստ իս` պետք են նոր երիտասարդ ուժեր, որոնք ամբողջությամբ զերծ կլինեն այն գաղափարներից, այն կոնսպիրոլոգիական տեսություններից, այն վախերից և այն մտայնություններից, որոնք այսօր շատ հաճախ կաշկանդում են մեր ավագ քաղաքական սերնդի գործիչներին, և այդ երիտասարդները պետք է իրենց վճռական խոսքն ասեն և այդ խոսքն ասեն առանց վախի:

-Սակայն մենք տեսնում ենք, որ շատ երիտասարդներ մտածողության փոփոխության խնդիրներ ունեն:
-Ես չեմ խոսում այն երիտասարդական խմբերի մասին, որոնք այս կամ այն կերպ վերահսկվում են իշխանական օղակների կողմից, ես չեմ խոսում այն երիտասարդների մասին, որոնք պրագմատիստական շահերից ելնելով մտել են այս կամ այն խմբի մեջ, ես խոսում եմ ինքնաբուխ և անկախ մտածողություն ունեցող երիտասարդների մասին, որոնց քանակը այսօր Հայաստանում քիչ չէ, այն երիտասարդների, որոնք այսօր մտահոգված են Հայաստանի ճակատագրով և որոնք ունեն Հայաստաի ապագայի շուրջ հստակ տեսլական և որոնք կարող են Հայաստանը տանել դեպի իրական անկախություն:

-Ժամանակի՞ խնդիր է:
-Իհարկե, ժամանակ պետք է անցնի, բայց մեզ մոտ այդ ժամանակը, չգիտես ինչու, դանդաղ է անցնում, պետք է ուղղակի արագացվի ժամանակի պրոցեսը:

Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 22-9-2011-

No comments: