Monday, September 5, 2011

Թուրքերը փնտրում էին հայուհու լեգենդար հարստությունը, սակայն ձերբակալվեցին

Tert.am. 5-9-2011- Ստամբուլում իրավապահները ձերբակալել են 4 թուրքերի, որոնք փորձում էին գտնել ստամբուլաբնակ հայուհու թաքցրած «լեգենդար հարստությունը»։
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Ֆեթիհե շրջանում։
«Քաղաքում երկար տարիներ շարունակ շրջանառվում է մի պատմություն այն մասին, ըստ որի՝ Քափալըչարշըում (Ստամբուլի հայտնի ոսկու շուկան,– Tert.am) ոսկու խանութի սեփականատեր հայ կինն իր ոսկիները պահել է Ստամբուլի հենց այդ թաղամասում»,– գրում է թուրքական պարբերականը։
Չորս թուրքեր, որոշելով գտնել այդ հարստությունը, սկսում են հոլիվուդյան ֆիլմ հիշեցնող մի գործողություն։ Նրանք 3 ամիս առաջ վարձում են Իմամ Հուսեյնի փողոցում գտնվող բնակելի շենքի նկուղային հարկը, որտեղ, ենթադրաբար, հայուհին թաքցրել է իր հարստությունը, և սկսում փորել։ Սակայն հասնելով 20 մ խորության՝ գանձեր որոնողները ոչինչ չեն գտնում և հեռանում են։ Որոշ ժամանակ անց վերադառնում են, և հենց այդ ժամանակ էլ նրանց ձերբակալում են իրավապահները։
Տեղի ունեցածը մեծապես անհանգստացրել է շենքի բնակիչներին։
«Նախկինում այստեղ մի հայ կին է ապրել։ Նա բնակիչներին ասել է, թե այստեղ գանձ է թաքցրել։ Այդ պատճառով էլ մեր գլխին փորձանք է եկել։ 20 մ փորել են։ Վերևում 8 բնակարան կա։ Բոլորովին չեն մտածել այստեղ ապրող մարդկանց կյանքի անվտանգության մասին։ Վախով ենք ապրում։ Այսքան փորել են, ոչինչ չենք լսել։ Իսկական պրոֆեսիոնալներ են եղել»,– ասել է շենքի բնակիչներից փաստաբան Մեթին Էրքանը։

No comments: