News.am. 22-9-2011-Եվրանեսթում հայկական կողմի ուղերձը այն էր, որ մեր ազգային շահի հաշվին Հայաստանը պատրաստ չէ գնալ որեւէ կոմպրոմիսի, նահանջի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` անդրադառնալով Ստրասբուրգում կայացած Եվրանեսթի առաջին լիագումար նիստում ամփոփիչ զեկույց չընդունվելու հանգամանքին, երբ հայկական պատվիրակությունը դեմ է եղել քաղաքական հանձնաժողովում շրջանառության մեջ դրված փաստաթղթի որոշ ձեւակերպումների:Նրա խոսքով`հիմնական առարկությունները ծավալվել են 59 եւ 60-րդ կետերի շուրջ, որտեղ հարեւան երկրները, որդեգրելով միջազգային իրավունքի երկու սկզբունքներ` տարածքային ամբողջականություն եւ սահմանների փոփոխության անթույլատրելիություն, «մոռացել էին» նույնքան կարեւոր մի սկզբունքի` ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:
«Մենք չունեցանք պարտվողներ, բայց չունեցանք նաեւ հաղթողներ, մենք տապալեցինք մի բանաձեւի ընդունումը, որտեղ միայն ամրագրվելու էր տարածքային ամբողջականությունը»,- նշեց դաշնակցական պատգամավորը: Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ մենք չէինք կարող թույլ տալ նման բովանդակությամբ բանաձեի ընդունում, կամ պետք է բոլոր սկզբունքները հավասարապես ընդունվեն, կամ չպետք է ընդունվի դրանցից ոչ մեկը. «Սա այն եզակի դեպքերից է, որ նման մեծ կառույցի հետ հարաբերություն ունենալով` մենք կարողացանք մեր ազգի նպատակը, շահը առաջ տանել եւ պարտադրել»,- ասաց նա:
Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ սոցիալ-մշակութային հանձնաժողովի աշխատանքներին` հավելելով, որ բավականին ձեռքբերումներ եղան, նիստը կայացավ բարձր մակարդակով: Մշակութային արժեքների պահպանության մասին խոսելով` Վահե Էնֆիաջյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը այս հարցում հանդես էր գալիս ամբողջ աշխարհում մշակութային արժեքների պահպանության եւ արժանի ուշադրության արժանանալու օգտին, իսկ Ադրբեջանն առաջ էր քաշում տարածքային ամբողջականությունը եւ օկուպացված հողերը. «Զգացվում էր, որ Ադրբեջանի պատվիրակությունը քննարկել էր եւ որոշել էր քարոզել միջազգային իրավունքի այդ մի քանի նորմերը, ինչը չհաջողվեց: Հայկական պատվիրակությունը միասնական էր եւ համախմբված: Ադրբեջանը ինչքան էլ բացականչի շոկոլադ, դրանից նրա բերանը չի քաղցրանալու»,- ասաց պատգամավորը:
ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ անդրադարձավ էներգետիկ անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին` նշելով, որ երկար աշխատանքից հետո հասել էին նրան, որ կոմպրոմիսային տարբերակը որեւէ վտանգ չէր պարունակում Հայաստանի համար, ինչը դուր չէր գալիս Ադրբեջանին եւ արդյունքում այդ հանձնաժողովում որեւէ կարծիք չընդունվեց:
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում կայացած «Եվրանեսթի» առաջին նստաշրջանին, որին մասնակցում են Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» անդամ 5 երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա) խորհրդարանների պատգամավորները, հայկական պատվիրակությունը բոյկոտել է ամփոփիչ փաստաթուղթը եւ որեւէ բան չի ընդունվել: «Եվրանեսթի» լիագումար նիստում հայկական պատվիրակությունը ներկայացնում են Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար, ՀՅԴ), Արտակ Զաքարյանը (ՀՀԿ), Հովհաննես Սահակյան (ՀՀԿ), Ալեքսանդր Սարգսյան (ՀՀԿ), Ստյոպա Սաֆարյան («Ժառանգություն»), Խաչիկ Հարությունյան (ՕԵԿ), Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ) եւ Վահե Էնֆիաջյան (ԲՀԿ):

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment