Friday, September 16, 2011

Սարգսյանը դիմու՞մ է Տեր-Պետրոսյանին

«Լրագիր» 15-9-2011- Սեպտեմբերի 19-ին Ազգային Ժողովում տեղի է ունենալու ընդունելություն, որը կազմակերպել է Սերժ Սարգսյանը` անկախության 20-ամյակի կապակցությամբ: Ընդունելությանը հրավիրվել են Հայաստանի Գերագույն Խորհրդի եւ Ազգային Ժողովի բոլոր նստաշրջանների պատգամավորները:
Այդպիսով, Սերժ Սարգսյանը փաստորեն հրավիրել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր, նաեւ ԳԽ նախագահ:
Կընդունի՞ արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հրավերը: Հազիվ թե: Բանն այն է, որ այդ հրավերը Տեր-Պետրոսյանի համար կարող է ունենալ մի քանի անընդունելի կողմեր: Նախ, ընդունել Սերժ Սարգսյանի տոնական ընդունելության հրավերը, կնշանակի ընդունել նրա լեգիտիմությունը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ժամանակ իր գրեթե ամբողջ ելույթը նվիրել էր հենց Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմությունը ցույց տալու եւ իրավականորեն ապացուցելու գործին:
Բացի այդ, Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին հրավիրում է պատգամավորների ընդունելության, ինչն ակնհայտորեն նրա առաջին նախագահի կարգավիճակի նվազեցում է: Տեր-Պետրոսյանին հրավիրում են մի տեղ, որտեղ Սերժ Սարգսյանն է լինելու ամենից վեր կանգնածը, հետո լինելու է ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ հետո նոր մնացածը: Առավելագույնը, Տեր-Պետրոսյանին դասելու են ընդամենը Հովիկ Աբրահամյանի շարքին, որպես երբեւէ խորհրդարան ղեկավարած գործիչ:
Ամենայն հավանականությամբ, Տեր-Պետրոսյանը կմերժի այդ հրավերը: Բայց, այստեղ թերեւս կա մի բավական հետաքրքրական նրբերանգ: Չորս տարի առաջ հենց այս օրերին` սեպտեմբերի 21-ին էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը տվեց իր ակտիվ քաղաքականություն վերադառնալու հրապարակային մեկնարկը: Այդ օրը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության հրապարակում վայելում էին գունավոր շատրվանների բացումը, երբ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Արմենիա Մարիոտ հյուրանոցում իր կազմակերպած ընդունելությանը անակնկալ ելույթ ունեցավ Տեր-Պետրոսյանն ու փաստացի նոր գույն մտցրեց 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո Հայաստանի գորշացած քաղաքական կյանքում:
Մինչ Քոչարյանն ու Սարգսյանը գունավոր շատրվաններն էին վայելում, Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտն էր գունավորում: Սեպտեմբերի 21-ի նրա ելույթը անակնկալ էր, հատկապես տասնամյա քաղաքական լռությունից հետո:
Անցել է չորս տարի, տեղի են ունեցել բուռն իրադարձություններ: Ներկայում ակնհայտ է, որ քաղաքական դաշտի գույները թարմացնելու կարիք կա: Ու Սերժ Սարգսյանի հրավերը Տեր-Պետրոսյանի համար կարող է լինել հերթական անակնկալ գունավորման առիթը: Նա կարող է ընդունել հրավերն ու այս անգամ էլ անակնկալ ելույթ ունենալ հենց Ազգային Ժողովում: Հազիվ թե որեւէ արարողակարգով արգելվի Հայաստանի անկախ պետության առաջին խորհրդարանի առաջին նախագահի ելույթը:
Դե, իսկ թե ինչ պետք է ասել, այդպիսի ամբիոնի եւ լսարանի ներկայությամբ, Տեր-Պետրոսյանը թերեւս ամենից լավ կիմանա: Սերժ Սարգսյանի հրավերը նրան տալիս է չորս տարի անց Անկախության տոնին հերթական անակնկալը մատուցելու հնարավորություն: Ու չի բացառվում նույնիսկ, որ Սարգսյանը այդ հնարավորությունը նրան ընձեռել է միանգամայն գիտակցված, որ Տեր-Պետրոսյանը կարող է այդ անակնկալը մատուցել:
Գուցե Սերժ Սարգսյանը նրա շուրթերով կփորձի համակարգին ասել այն, ինչ մտածում եւ ուզում է, բայց չի կարողանում: Այնպես որ, երեւի թե մյուսները պետք է մտածեն Սերժ Սարգսյանի հրավերը մերժելու մասին, որպեսզի չլսեն այն, ինչ նրանց երեսին` Սերժ Սարգսյանի ներկայությամբ, կասի Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: