Friday, September 16, 2011

Հայ գործակալը կարող էր կանխել սեպտեմբերի 11-ի ահաբեկությունը

Tert.am. 15-9-2011- ԱՄՆ հետախուզության նախկին գործակալ լիբանանահայ Հայկ Մելիքսեթյանը բրիտանական Daily Мail պարբերականի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ–ում 2001թ. սեպտեմբերի 11–ին տեղի ունեցած ահաբեկչությունը կարող էր կանխվել: Հայկը (նրան գործընկերները Ջեյմս Բոնդի հետ էին համեմատում) պատմել է, որ այդ ողբերգությունից տարիներ առաջ ինքը բացահայտել էր, որ Ալ Կաիդան օգտագործում է գումարների փոխանցման գաղտնի «հավալա» մեթոդը («Հավալան» գումարների ապօրինի փոխանցման համակարգ է, որից, մասնավորապես, ահաբեկիչներն են օգտվում։ «Հավալայի» օգնությամբ ահաբեկիչները կարողանում են ցանկացած չափի գումար փոխանցել ցանկացած երկիր։ Հետևել «հավալային» և ապացուցել այս կամ այն կասկածյալի մեղսակցությունը գումարների ապօրինի փոխանցմանը, գրեթե անհնար է)։ Հայկը նաև պարզել էր, որ ահաբեկչական կազմակերպությունը դրա համար ԱՄԷ–ի Շարժա քաղաքում գտնվող գրասենյակն է օգտագործել։ Հայկն իր ղեկավարներին նույնիսկ պատմել էր այն մեթոդների մասին, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ կաշառել Ալ Կաիդային աջակցություն ցուցաբերող ուժերին և այդպիսով Բեն Լադենին իշխանությունների ձեռքը հանձնել։ Հայկը, սակայն, ահաբեկչությունից առաջ հեռացվել էր պաշտոնից՝ այն պատճառաբանությամբ, թե «արաբ է» և «սպառնալիք է ներկայացնում ամերիկյան ազգային անվտանգությանը»։
Սեպտեմբերի 11–ի ողբերգությունից հետո ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն այն եզրակացությանն էր եկել, որ Ալ Կաիդան օգտագործել էր հենց «հավալա» մեթոդը, բացի այդ, պարզվել էր, որ ինքնաթիռի երկու օդաչուներն օգտագործել էին հենց այն գրասենյակը, որը հայտնաբերել էր Մելիքսեթյանը։

No comments: