Thursday, September 29, 2011

Կատարվել է կեղծ նախաքննություն

«Լրագիր» 28-9-2011- Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի բաց նամակը ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանին
ՀՀ նախագահի հրահանգով դուք ընդունեցիք մեզ՝ խաղաղ պայմաններում Հայոց բանակում սպանված զինծառայողների մայրերին: Յուրաքանչյուրիս 2-3 ժամ լսեցիք, բայց միայն այդքանը: Ճիշտ է՝ ապրիլի 1-ին կալանավորվեց նաեւ որդուս՝ Արտակ Նազարյանի գործով հանցագործ, սպանության ակտիվ մասնակից, «իտոգ տվող» Վահագն Հայրապետյանը, որը մինչ այդ ազատության մեջ էր Մադաթյանի «բարի կամքով»: Բայց միայն նա չէ, որ պետք է կալանավորվեր:
Մինչ այսօր ինձ համար անհասկանալի է մնացել, թե դուք այդպես էլ այդ 10 հատորանոց գործը կարդացիք, թե ոչ: Իսկ մեր երկրորդ հանդիպման ժամանակ դուք ինձ չլսեցիք, պատճառաբանելով, թե փաստաբանի հետ չեմ եկել: Ես չէի եկել օրենքներ քննարկելու: Ես եկել էի ձեզանից պարզաբանում ստանալու Հիլդա Գրինի կազմակերպած հեռուստաշոուի մասին, որին թույլատրվել էր նախաքննության «գաղտնիք» համարվող իրեղեն ապացույցների մասին բարձրաձայնել եւ մնալ անպատիժ: Մի մասնագետ՝ բազմաթիվ կոչումներով, իրեն թույլ տվեց առանց նախաքննական նյութերին ծանոթանալու, իրեն վերագրելով նաեւ դատաձեռագրաբանի կոչում՝ գրել իր հռչակավոր կեղծ «դատահոգեբանական» եզրակացությունը՝ հիմնվելով ընդամենը քննիչի գրած գործի հանգամանքների հակիրճ բովանդակության վրա: Այդ կեղծ «դատահոգեբանական» եզրակացությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ էր նախաքննությունը ավարտին հասցնելու համար: Չէ որ նախաքննության ակտիվ մասնակիցներից մեկին՝ «երեքաստղանի կարմիր հրեշ» Գագիկ Ուդումյանի նկատմամբ պետք է մեղադրանք հարուցվեր եւ վերցվեր կալանքի տակ, բայց այս հանցագործն ազատվեց պատասխանատվությունից, եւ ազդարարվեց նախաքննության ավարտը:
Պարոն դատախազ, երբեք մի թերագնահատեք դիմացինի խելքն ու կարողությունները եւ մի չարաշահեք նրա համբերությունը՝ անկախ այն բանից, թե դուք որտեղ եք գտնվում՝ վերեւում թե ներքեւում, որովհետեւ ձեր դիրքն էլ հավերժական չէ:
Դեռեւս 2010թ. օգոստոսի կեսերին գրածս բաց նամակը պաշտպանության նախարարին, առանց ունենալու ձեր ասած «իրեղեն ապացույցները», փաստում էի իմ անառարկելի համոզվածությունը, որ իմ որդուն՝ Արտակ Նազարյանին «սպանել են կանխամտածված, միտումնավոր, խմբակային, առանձնահատուկ դաժանությամբ, բազմաթիվ մարմնական վնասվածքներով՝ դիրքերում՝ թշնամու առաջ»՝ ձեռք բարձրացնելով նրա կյանքի իրավունքի վրա:


Ձեզ իրեղեն ապացույցներ են պետք, խնդրեմ, համեցեք:
1. Դեպքից 1 ժամ 25 րոպե անց ՊՆ եւ Գլխավոր Շտաբ ուղարկվել է օպերատիվ տեղեկագիր, համաձայն որի, Արտակ Նազարյանը «ինքնասպանություն» է գործել մարտական հենակետի խրամատում: Եվ դեպքի վայրը փոխվել է: Արտակ Նազարյանի մարմինը հայտնվել է հենակետից 250 մ. հեռավորության վրա գտնվող բարձունքին՝ թշնամու 4 դիպուկահարների կրակակետի տակ, ժայռաբեկորին հենված, գլխարկը գլխին, ավտոմատի փողը բերանում, խզակոթը ոտքերի արանքում:
Հենց այդ «բուտաֆորիական» նկարն էլ հենց առաջին օրը փոխանցվել է մեզ, մարմինը Երեւան բերելու ճանապարհին:
2. Ժայռաբեկորին, որին հենված է որդիս, եւ որն իբրեւ թե դեպքի վայր են հանդիսանում, արյան եւ ուղեղանյութի հետքեր չեն հայտանաբերվել, եւ դա հայտնի է հենց տեղազննությամբ:
3. «Դեպքի վայրի» տեղազննությունը կատարվել է օգոստոսի 28-ին, սպանության հայտարարված օրից մեկ օր հետո, եւ միաժամանակ Canon տեսախցիկով լուսանկարվել է դեպքի վայրը եւ մարմինը դեպքի վայրում: Այնինչ օգոստոսի 27-ին ժամը 15-ի սահմաններում Բերդ քաղաքի հիվանդանոցում կատարվել է մարմնի արտաքին զննություն, իսկ ժամը 21:00-ին մարմինը արդեն Երեւան տեղափոխելու ճանապարհին է եղել: Մինչ այսօր էլ նախաքննական մարմինը խուսափեց մեզ տրամադրել դեպքի վայրում կատարած լուսանկարները, եւ սա եւս խոսուն ապացույց է, որ թաքցնելու բան ունեն: 4. Չի կատարվել հագուստի դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննություն, որը կարող էր բացահայտել այլ անձանց արյուն Արտակի հագուստներին:
5. Արտակ Նազարյանի ավտոմատից ոչ մի կրակոց չի կատարվել մինչեւ քննիչների ժամանումը դեպքի վայր: Այսինքն, եթե անգամ մահվան պատճառը կրակոցն է եղել, այն չի արձակվել Արտակին ամրակցված զենքից: Նրա ստացած պարկուճները նույնությամբ հետ են առգրավվել՝ 3 պահունակը 90 փամփուշտով, 29 փամփուշտ ինքնաձիգի պահունակում եւ եւս մեկ փամփուշտ՝ ինքնաձիգի փամփշտոցում:
Քննիչ Մադաթյանը հանցագործների սխալը մաքրագրելու համար մերկ ձեռքերով վերցնում է ինքնաձիգը, կատարում լիցքաթափում, լիցքավորում եւ փորձնական կրակոց՝ իրեն վերագրելով նաեւ դատաձգաբանի կոչում: Դրա նպատակն ակնհայտ է, եւ կշարադրեմ հաջորդ կետերում:
6. Ինքնաձիգի վրա չի հայտնաբերվել ոչ մի մատնահետք՝ ո՛չ Արտակի, ո՛չ հանցագործների, ո՛չ էլ անգամ քննիչի, որն առանց ձեռնոցների է աշխատել, ինչի մասին ինքն անձամբ մեզ հայտնեց 2010թ. օգոստոսի 3-ին՝ շատերի ներկայությամբ, երբ եկել էր մեր տուն՝ հարցաքննություն անցկացնելու: Մեր հարցին, թե մատնահետքեր վերցվե՞լ են, նա պատասխանեց, որ ոչ, այլապես իր մատնահետքերը կարող էին լինել, քանի որ մերկ ձեռքերով է վերցրել ավտոմատը. այնուհետեւ ավելացրեց, թե ավտոմատը արյունով պատված էր, հնարավոր չէր մատնահետք վերցնել: Սակայն նախաքննության ավարտից հետո, երբ մեզ ցույց տվեցին ավտոմատը, այն մաքուր էր խզակոթից մինչեւ կրակմարիչի կեսը, եւ հետքերը ջանասիրաբար մաքրված էին: Այլապես հայտնի կդառնար, թե ով կամ ովքեր են չկրակված զենքը տեղադրել Արտակի բերանում որպես նաեւ հենարան՝ մարմինը ցած չգլորվելու համար: Անմիջապես էլ նկարել են՝ արժանահավատության համար:
7. Հետեւություն. Արտակ Նազարյանին սպանել են ո՛չ իր ինքնաձիգով, այլապես Մադաթյանը «փորձնական» կրակոց չէր արձակի: Չկրակված ինքնաձիգը ինչպե՞ս ուղարկեր փորձաքննության, երբ նա ուզում էր այն արձանագրել որպես Արտակի մահվան գործիք: Դատաձգաբանը ո՛նց կարող էր չնկատել, որ արնոտ փամփուշտը հանելուց հետո է կատարվել կրակոցը: Նա ոչ մի արձանագրություն չի կազմել ոչ փոխված պարկուճի մասին, ոչ էլ նկատել է ավտոմատից ուշացած կրակոցը:
8. Այդ «փորձնական» կրակոցի իմաստը ոչ միայն գործի նյութերում կրակված ավտոմատ, այլեւ այդ նույն ավտոմատից կրակված փամփուշտ ապահովելն էր: Արտակի մարմնից 1,4 մետր հեռավորությամբ գտել են «78-79» համարի պարկուճ, առգրավել են, փաթեթավորել թիվ 4 փաթեթում, ուղարկել ձգաբանական փորձաքննության: Փորձագետը բացել է փաթեթը եւ, ո՜վ զարմանք, եւ այնտեղից հանել «60-78» համարի պարկուճը եւ կատարել փորձաքննություն՝ այն համեմատելով 5 փորձնական կրակոցներից ստացված պարկուճների հետ: Այսինքն, Մադաթյանն ինքն էլ է համոզված եղել, որ դա սպանություն է, որ Արտակի մոտից գտնված պարկուճը Արտակի զենքից չի կրակված եղել, եւ Մադաթյանն այն փոխարինել է իր իսկ ձեռքով կատարած մեկ փորձնական կրակոցից ստացած պարկուճով:
9. Գնդակի առկայությունը նույնպես խոսուն ապացույցներ էր ներկայացնելու վերն ասվածի մասին, ուստի այդ պատճառով է, որ «չի գտնվել»:
10. Դատաբժիշկը փորձաքննության ժամանակ արված 19 լուսանկար է ներկայացրել դատաբժշկական եզրակացության հետ, սակայն դրանցից միայն 16-ն են տեղադրվել գործում: Ավելին, նույնիսկ նախաքննության ավարտից հետո մեզ այդպես էլ չտրամադրեցին ոչ տեղազննության, ոչ դիազննության լուսանկարները, ինչը նույնպես փաստում է, որ նախաքննական մարմինը շահագրգիռ է գործը կոծկելում:
11. Դատաբժշկական փորձաքննությամբ Արտակ Նազարյանի մարմնական վնասվածքները բաժանվել են երեք (3) խմբի՝ ա./ սպանությունից 3-7 օր առաջ; բ./ սպանությունից 6 ժամ առաջ; գ./ սպանությունից քիչ առաջ, այսինքն՝ դրանք ընդամեը րոպեներ են: Եթե անգամ «3-7 օր առաջ» առաջացած վնասվածքների առկայությունը վերագրենք այն կռիվներին, որոնք ըստ գործում առակա նկարագրության տեղի է ունեցել 19.07.2010-ին՝ համեմված հայկական բանահյուսությանը հայտնի ու անհայտ ամենալկտի հայհոյանքներով, ակնհայտ է հակասություն, քանի որ այդ նույն նկարագրությունների մեջ հիշատակվող կապտուկը, ըստ դատաբժիշկի, առաջացել է մահից 6 ժամ առաջ: Նախաքննական մարմինը չի քննել մահից 6 ժամ առաջ եւ անմիջապես առաջ տեղի ունեցած դեպքերը՝ ջանք չխնայելով ուշադրությունը շեղել դեպի հուլիսի 19-ին տեղի ունեցած դեպքերը: Մինչդեռ այս փաստերը նույնպես վկայում են ակնհայտ սպանության մասին:
12. Չի բացահայտվել նաեւ սպանությունից 1-1,5 ժամ առաջ Նազարյանի «օգտագործած» խմիչքի հանգամանքը: Ըստ դատաբժշկական փորձաքննության, ստամոքսը դատարկ է եղել, բայց արյան մեջ առկա է եղել 1,8 պրոմիլե սպիրտի պարունակություն, իսկ մեզում՝ 0,7 պրոմիլե՝ արտաթորման (էլմինացիայի) փուլում: Սպիրտի այս քանակը արյան եւ մեզի մեջ համապատասխանում է 250-300 մլ օղու: Ակնհայտ է, որ խմիչք չօգտագործող Արտակին պարտադրել են խմել. քանի որ նա հրաժարվել է, հրեշների ոհմակը ուժով բերանն է լցրել օղին:
13. Դատաբժիշկը մարմնի կիսաքայքայված, ահավոր վիճակի մասին պատճառաբանում է, որ այն 6 ժամ գտնվել է «կիզիչ արեւի տակ»; Ըստ գործին կցված օդերեւութաբանական տվյալների, առավոտվա ժամը 7:50-ից 13:35 եւ այդ ժամերին ջերմաստիճանը Բերդ քաղաքում տատանվել է 17,5 աստիճանից 23,5 աստիճանի միջեւ, իսկ բարձրադիր Ղոզլուում, անկասկած, ջերմաստիճանը մի երկու աստիճան ցածր կլիներ, ուստի մարմինը չէր կարող այդպես քայքայվել: Սա լուրջ կասկածի տակ է դնում որդուս մահվանը վերագրվող օրը եւ ժամը: Համոզված եմ, որ դեպքը տեղի է ունեցել շատ ավելի վաղ:
14. Դատաբժիշկը գիտականորեն չի պարզաբանել մաշկի վրա եղած մաշկազատումների առաջացման պատճառները: Դրանք ջերմայի՞ն ազդեցության հետեւանք են, մինչե՞ւ մահը թե՞ հետմահու տեղափոխության:
15. Նախաքննական մարմինը գնահատական չի տվել Հակոբ Մանուկյանի կատարած եւս մեկ հանցագործությանը, որ կարող էր առնվազն որպես դիակապտություն գնահատվել՝ Արտակ Նազարյանի անշունչ մարմնից նոթատետր գողանալուն եւ այլ սպաների միջոցով նոթատետրը պարտակելուն եւ նրանց հետ կամ մենակ նոթատետրի օրագրային գրառումները ոչնչացնելուն: Գնահատական չի տրվել նաեւ օրագրային գրառումներ պարունակող կանաչ տետրի ոչնչացմանը:
16. Նախաքննական մարմինը գնահատական չի տվել նաեւ գումարտակի հրամատար Միշա Գաբրիելյանի եւ շտաբի պետ Միհրան Նաջարյանի կողմից գողոնը՝ նոթատետրը 12-13 օր պարտակելուն, միջից արժեքավոր էջեր, այն է՝ իրեղեն ապացույց ոչնչացնելուն, «ինքնասպանության գրություն» կեղծելուն, եւ վերջապես՝ Արտակ Նազարյանի կյանքի իրավունքը խախտելուն: Նրանց կողմից ակնհայտ է «ինքնասպանության» վարկածը ապացուցելու շահագրգռությունը: Մի՞թե տրամաբանական չէ, որ եթե այդ գրությունն առաջին օրվանից լիներ, այն անմիջապես կհանձնեին նախաքննական մարմնին՝ իրենց փրկելու համար քրեական պատասխանատվությունից: Էլ չեմ ասում, որ գազանային մականունով Գագիկ Ուդումյանին, որին բոլորը ճանաչում են որպես «երեքաստղանի կարմիր հրեշ» ազատեցին ոչ միայն սպանություն գործելու, այլեւ Հակոբ Մանուկյանին գողության դրդման համար:

Հանցագործների այս ոհմակը ոչ միայն չպատժվեց, այլեւ մնաց իր տեղում՝ ծառայության մեջ:
Արտակ Նազարյանի վնասվածքները բազմաթիվ են՝ սկսած կապտուկներից, արյունազեղումներից, քերծվածքներից, վերքերից, կոտրվածքներից մինչեւ մաշկազատված տեղամասեր, որոնք արդյունք են հարբած, գուցե նաեւ «թմրած» հանցագործ սպաների կատարած ոճրագործության, եւ նրանք առ այսօր գտնվում են ազատության մեջ եւ չեն ստացել իրենց արժանի պատիժը:
Ժողովրդական ասացվածքն ասում է. «Չկա չարիք՝ առանց բարիք»: Այն, որ նախաքննական մարմինը մեզ հեռու է պահել նախաքննության ընթացքից, զրկել է իրեն մեր միջնորդությունների միջոցով իր սխալները «սրբագրելուց», ինչի համար ստիպված կավելացներ գործի ծավալը՝ «ինքնասպանության» վարկածը մինչեւ վերջ հասցնելու համար:
«Ինքնասպանության» վարկածում մեզ համոզելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան առաջին իսկ օրից:
Այս ապականված գործը արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է: Այդ ընթացքում արդեն երեք անգամ է՝ դատական նիստերը «բարեհաջող» տապալվել են՝ մեղադրյալների ներկայությունը չապահովելու պատճառով:
Պարոն դատախազ, այստեղ իմ բարձրացրած հարցերը առնվազն երկու բան են մատնանշում. 1. Կատարվել է հանցավոր եւ կեղծ նախաքննություն; 2. Գործը պետք է վերադարձվի նախաքննության՝ բարձրացված եւ մի շարք այլ կարեւորագույն հարցերի պատասխանները տալու համար: Թեեւ դուք որդուս գործով քննարկում էիք հրավիրել ձեզ մոտ՝ առանց իմ՝ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայության եւ այնուհետեւ հայտարարել, թե բավարարել եք տուժող կողմի մտահոգությունները, սակայն ինչպես տեսնում եք, ոչ միայն չեք բավարարել, այլեւ հակառակը՝ ավելի եք խորացրել: Եթե ոչ դուք, ապա դատավոր Մարդանյանը պետք է ողջամտություն ցուցաբերի եւ կեղծիքներով ողողված գործը հետ ուղարկի նախաքննական մարմնին՝ բազմաթիվ քննչական գործողություններ կատարելու, սպանության կատարողներին ի հայտ բերելու եւ նրանց կատարած ոճրագործության արժանի պատժի արժանացնելու համար, այն է՝ ցմահ ազատազրկում:
Հասմիկ Հովհաննիսյան
Տուժողի իրավահաջորդ, Արտակ Նազարյանի մայր

No comments: