Thursday, September 29, 2011

Արթուր Բաղդասարյանը սկսել է պայքարել քայքայիչ աղանդների դեմ

Panorama.am. 29-9-2011- Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ կրոնական անվտանգության ապահովման «կարևորագույն սպառնալիքներից» մեկը քայքայիչ աղանդավորական շարժումների գործունեությունն է: Եվ այդ շարժումների դեմ պայքարի ռազմավարությունը մշակելու համար Բաղդասարյանի ղեկավարությամբ միջգերատեսչական հանձնախումբ է ստեղծվել:
«Մեր խորհուրդը ու նրա աշխատակազմը տևական ժամանակահատվածի ընթացքում լուրջ ուսումնասիրություն է կատարել` հասկանալու, թե ինչպիսին է քայքայիչ ամբողջատիրական աղանդների վնասակար ազդեցությունը ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաև աշխարհի բազմաթիվ երկրներում», -այսօր հանձնախմբի առաջին նիստում հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով, քայքայիչ ու ամբողջատիրական աղանդների դեմ պայքարին են լծվել նաև եվրոպական զարգացած երկրները: Մասնավորապես, Գերմանիայում, եկեղեցին և պետությունը կազմակերպված գործունեություն են իրականացնում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու քայքայիչ աղանդներից, իսկ ահա Ֆրանսիայում կա հատուկ կառավարական կառույց, որը զբաղվում է այդ հարցերով:
Նա հստակեցրեց, որ քայքայիչ աղանդների դեմ պայքարը չի նշանակում, թե Հայաստանում չեն հարգվում մարդու կրոնական ազատությունները: «Հայաստանում հարգվում, պաշտպանվում են մարդու և քաղաքացու կրոնական, խղճի ու դավանանքի ազատությունները ամենաբարձր մակարդակով: Միևնույն ժամանակ մենք ուզում ենք հայտարարել, որ հետևողական ենք լինելու ՀՀ ազգային անվտանգությանն սպառնացող որևէ սպառնալիքի դեմ անզիջում պայքար մղելու հարցերում», -հավելեց Բաղդասարյանը:
Հանձնաժողովի առաջին հատվածն էր միայն լրագրողների համար, Արթուր Բաղդասարյանի այս ելույթից հետո լրագրողներին խնդրեցին դուրս գալ, հետևաբար Հայաստանում քայքայիչ աղանդների մասին որևէ տեղեկատվություն չտրամադրվեց:

No comments: